Մի փառաբանեք մարդասպանությունը

Մի փառաբանեք մարդասպանությունը
Մշտապես ցանկացել եմ բանակի մասին լավը խոսել եւ ազգային բանակի պատիվն ու արժանապատվությունը հասարակության առջեւ բարձր ներկայացնել: Բայց այսօր այն կրկին այլ պատկերով է, մեր դեմքը՝ բանակը, ուղղակի սարսափելի է: Հերթական զոհն ու հերթական «Բանակն առանց մարդասպանների» բողոքի ակցիան երեկ կառավարության շենքի մոտ: Կարծես օրինաչափություն է դարձել՝ հայոց բանակում կամ ենթադրյալ ինքնասպան են լինում, կամ «հոշոտվում» անտառներում: Ոչ ոք չի ժխտում՝ այո, բանակը հասարակության մի օղակ է, ամենատարբեր դաստիարակություն ունեցող 18 տարեկան եւ դեռեւս չհղկված մարդկանց հավաքատեղի: Նաեւ փաստը, որ քրեական գործերում հայտնվում են «հեղինակություններ»,  ու քննվում դրանց կողմից կազմակերպված «ռազբորկաներ», խոսում է զինվորի ոչ ճիշտ դաստիարակության մասին:



Չէ՞ որ բանակը հենց կոչված է կարգուկանոն հաստատելուն: Զինվորը կարող է դաստիարակված չլինել կամ լինել կիսադաստիարակված, բայց սպայական կազմն ունի բոլոր լծակներն ու մեթոդները՝ երեխաների հետ ճիշտ վարվելու: Ավելին, խաղի կանոնները հենց սպայական կազմն է սահմանում, ոնց մշակեն՝ այդպես էլ տվյալ զորամասը կառաջնորդվի: Իսկ փաստն այն է, որ մեր սպաները զինվորին միայն անշունչ իրի տեղ են դնում: Չեմ ուզում զոհերի հաշվին որեւէ մեկս արդարանանք, պարզապես ժամանակն է ընդունել, որ վիճակը ծայրաստիճան բարդ է: Ու նախեւառաջ բանակի սպայական կազմը եւ վերադասն իրոք պետք է մտահոգվեն բանակի հեղինակազրկման այս լուրջ գործընթացի համար:



Վերջապես պատկերացնո՞ւմ են նրանք, թե ահագնացող այս միջադեպերը, երբ ամեն դեպք իբրեւ գուժ մտնում է յուրաքանչյուր տուն եւ սարսափահար անում հայ ընտանիքներին, ինչպիսի վտանգավոր պայթյուն կարող է առաջացնել: Ինչո՞ւ պիտի հայ ծնողներից շատ-շատերի սրտում լինի տագնապը, որ բանակը ֆիզիկական վտանգ սպառնացող հաստատություն է լոկ կամ էլ երիտասարդ մարդու հոգեկան աշխարհի խեղաթյուրման ապարատ:



Հրաժարվեք այդ վտանգավոր բառերից, թե մենք ամենալավ բանակն ունենք, մեր բանակից լավ բանակ չկա, եւ մի փառաբանեք, թե մեզ մոտ մի զինվոր է սպանվում, Ադրբեջանի բանակում՝ տասնյակ: Ի վերջո այս մղձավանջի վերջը դնելու համար պետք է ոչ մի մեղավոր անպատիժ չմնա: Շատ սպաներ իրենց անպատիժ են կարծում, ինչն էլ ծնում է նոր միջադեպ հրահրելու իրավիճակ: Բայցեւայնպես սա բոլորիս ցավն է, ու ամբողջ հասարակությունը պետք է միահամուռ ոտքի կանգնի ու սրտացավորեն արդարություն պահանջի:



Սեդա Սաֆարյան, իրավապաշտպան