«Ամեն ինչ մեր ձեռքերում է», սակայն ո՞վ է այդ «մեր»-ը

«Ամեն ինչ մեր ձեռքերում է», սակայն ո՞վ է այդ «մեր»-ը
Արցախի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանից, Ռուսաստանից եւ այլ երկրներից բազմաթիվ հյուրեր են ժամանում Ստեփանակերտ։ Հյուրերի թվում է ԼՂՀ 2-րդ նախագահ Արկադի Ղուկասյանը, որը, ինչպես Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ապրում է Երեւանում։



Ղուկասյանը, որի ձայնն արցախցիները վաղուց չէին լսել, այս անգամ տեղական հեռուստատեսությամբ «իր ժողովրդի» հետ կիսվեց Արցախի անկախության, ղարաբաղյան խնդրի եւ այլ հարցերի շուրջ։



«Մեր անկախությունն առաջինը պիտի ճանաչի Ադրբեջանը»,- ասաց Արցախի նախկին նախագահն ու հայտնեց, որ վերջինիս համար ամենաճիշտ որոշումը Ղարաբաղի ճանաչումն է, սակայն Ադրբեջանը խնդրի կարգավորման փոխարեն հետապնդում է միայն մեկ նպատակ՝ առավելագույն չափով վնասել Հայաստանին։ Դա է Իլհամ Ալիեւի քաղաքականությունը։ «Ցավոք, այսօր Ադրբեջանի հետ մեր հարաբերություններն ավելի բարդ են, քան պատերազմի ժամանակ, երբ մենք տարբեր ոլորտներում ավելի շատ էինք շփվում իրար հետ՝ հանդիպում էին դիվանագետները, զինվորական գործիչները, պատգամավորները, լրագրողները, եւ ես գտնում եմ, որ դա նորմալ է,- ասաց Ղուկասյանը։- Ի վերջո, մենք նպատակ չենք դրել ոչնչացնել Ադրբեջանին։ Ադրբեջանը մեր հարեւանն է»։



Արցախի 2-րդ նախագահը գտնում է, որ ինքնորոշման ճանապարհին մեր ամենամեծ նվաճումն այն էր, որ «մեր պայքարի ընթացքում մենք հասկացանք, որ ամեն ինչ մեր ձեռքերում է։ Դա շատ կարեւոր է, որովհետեւ օգնում են նրան, ով պայքարում է»։ Ապա հավելեց, որ մենք հասկացանք նաեւ, որ դա երկարատեւ պայքար է։ Մենք պիտի այնպիսի պետություն կառուցենք, որն արժանի լինի պատերազմում զոհվածների հիշատակին։ «Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ արժանի ենք անկախության։ Դրա համար մենք ունենք բոլոր իրավական հիմքերը։ Սակայն այսօր, ցավոք, իրավական կողմը հաշվի չի առնվում, այսօր բոլորը քաղաքական լուծում են որոնում, իսկ քաղաքական լուծումը կախված է քաղաքական կոնյունկտուրայից»,- նշեց Ղուկասյանը եւ հայտնեց, որ մենք ոչինչ չպիտի զիջենք, մինչեւ չպարզենք, թե ինչի է պատրաստ Ադրբեջանը։



Ղուկասյանի կարծիքով, եթե խոսք գնար այն մասին, որ մեկ, երկու, երեք երկիր պիտի ճանաչեն Ղարաբաղի անկախությունը, ապա կարելի էր այդ ուղղությամբ աշխատել եւ արդյունքի հասնել։ «Բայց դա խնդրի լուծում չէ։ Մեր վերջնական նպատակը մեր ժողովրդի խաղաղությունն է, եւ այն մենք պիտի ապահովենք։ Դա մեր ընդհանուր խնդիրն է»,- ասաց Ղուկասյանն ու հավելեց, որ, իր կարծիքով, մոտակա տարիներին մենք պիտի լուծենք այդ խնդիրը։ «Երբ մենք միասնական ենք, խոսքը Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի մասին է, ապա մեզ համար անլուծելի խնդիրներ չկան»,- ասաց նախկին նախագահը։



Նա խոսեց նաեւ պատերազմի վերսկսման հավանականության մասին եւ հայտնեց, որ չի կարծում, թե Ադրբեջանը պատրաստ է պատերազմ սկսելու։ Այսօր միջազգային հանրությունը դեմ է պատերազմին։ «Այն երկիրը, ով պատերազմ սկսի, կպատժվի։ Կգա ժամանակ, եւ Ադրբեջանը կհասկանա, որ իր հույսերն անհիմն են՝ ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- նշեց նա։



Արցախի երկրորդ նախագահի խոսքերում թերեւս կան ճշմարտություններ։ Խնդիրն այլ է։ Այսօր Արցախի խնդրի, փոքրիկ այդ լեռնաշխարհի ապագայի մասին խոսում են առավելապես նրանք, ովքեր ապրում են Երեւանում։ Գնալով ստվարանում է վերջիններիս բանակը, մյուս կողմից՝ նվազում Արցախում այսօր ապրողների թիվը։ Արցախի անկախության 20-ամյա հոբելյանական տոնակատարության մասին մտածում են դեռ նախորդ տարվանից։ Ծրագրեր են կազմել, հսկայական գումարներ նախատեսել անկախության շքեղ տոնակատարություն կազմակերպելու համար։



Ինչպե՞ս է ժողովուրդը տոնում իր երկրի անկախությունը։ Երեւի թե դժվար է միանշանակ պատասխանել այդ հարցին։ Պարզապես պետք է հարցնել նրան՝ ժողովրդին։ Կամ պարզապես Ստեփանակերտի կենտրոնական փողոցներում պետք է գտնել շենքերի պատերին փակցված հայտարարությունները՝ «Վաճառվում է բնակարան՝ երկու, երեք, չորս սենյականոց...»։ Կոնկրետ տասը, տասնհինգ կամ քառասունհինգ տուն չէ վաճառվում... Այդպես աստիճանաբար երկիրն է վաճառվում, հայրենի հողը։ Իսկ այն, ինչ շքեղ ավտոմեքենաների մեջ ֆռֆռալով իրականացնում են փողկապավոր պարոնները, ընդամենը շոու է, դեկորացիա՝ սեփական անգործությունը, անշնորհքությունը թաքցնելու համար...



Արեգ Վարդանյան