Իր 20-ամյակը տոնող երկրի խորհրդարանը դեռ կայք չունի

Իր 20-ամյակը տոնող երկրի խորհրդարանը դեռ կայք չունի
Օգոստոսի 31-ին Ստեփանակերտում կայացել է Արցախի զոհված ազատամարտիկների հարազատների միության նախաձեռնությամբ ստեղծված կայքի շնորհանդեսը։ Կայք, որտեղ զետեղվել են համառոտ տեղեկություններ ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմում նահատակված հայ զինվորների մասին։ Վերջերս սեփական պաշտոնական կայքի շնորհանդեսն էր կազմակերպել նաեւ տեղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։



Պաշտոնական կայք ունի նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը, կայքեր ունեն կառավարությունը, արտգործնախարարությունը, այլ նախարարություններ ու վարչություններ։ Արցախի լրատվամիջոցներից կայք ունեն հանրապետության «Ազատ Արցախ» պաշտոնաթերթը, ՀՅԴ «Ապառաժ» թերթը, «Անալիտիկոն» ամսագիրը, «Նոր էջ» անկախ թերթը (վերջինս ունի նաեւ բլոգ) եւ այլն։



Հետաքրքիրն այն է, որ առայսօր սեփական կայք չունի Արցախի Ազգային ժողովը։ Շուրջ մեկեւկես տարի առաջ ԱԺ խոսնակը Հայաստանից եւ արտերկրից ժամանած երիտասարդներին հայտնել էր, որ հունվարից ԱԺ-ն կունենա սեփական կայք։ Հունվարն էլ եկավ-գնաց, փետրվարն ու... օգոստոսն էլ, իսկ ԼՂՀ ԱԺ-ն դեռ սեփական կայք չունի։ Այդ կապակցությամբ տեղի քաղաքական գործիչներից մեկը կատակով ասաց. «Մեր Ազգային ժողովի ինչի՞ն է պետք կայքը։ Իրենք էլ լավ գիտեն, որ իրենց ընդունած որոշումները, օրենքները հիմնականում ՀՀ ԱԺ համապատասխան օրենքների պատճեններն են՝ ՀՀ-ն ԼՂՀ դարձրած...»։



Կատակը՝ կատակ, սակայն ցավալի է, որ իր կայացման 20-ամյակը տոնող երկրի խորհրդարանն առայսօր չունի սեփական օրենքների եւ այլ կարեւորագույն փաստաթղթերի «էլեկտրոնային գրադարանը»։ Ըստ երեւույթին, 21-րդ դարը դեռ չի հասել Արցախի ԱԺ։