Կապանում պակասում են, Գորիսում՝ ավելանում

Կապանում պակասում են, Գորիսում՝ ավելանում
Սյունիքում առաջին դասարանցիների թիվը նախորդ ուսումնական տարվա համեմատ աճել է 80-ով: Նախնական տվյալներով, մարզի դպրոցներ են հաճախելու 1618 առաջին դասարանցի: 2011-2012 ուստարվա ընթացքում մարզում կգործեն 114 մարզային ենթակայության դպրոցներ, կկոմպլեկտավորվի 1082,5 դասարան՝ 15 հազար 663 աշակերտով: Նախորդ ուստարում մարզի դպրոցների թիվը 115 էր, աշակերտներինը՝ 15 հազար 766: Աշակերտների թվի աճը զգալի է Գորիսի տարածաշրջանում: Իսկ Կապանի տարածաշրջանի գյուղական համայնքներում պակասում է:  Արդյունքում, այս ուսումնական տարում Դիցմայրիի դպրոց չի հաճախի ոչ մի աշակերտ, եւ կառավարության որոշմամբ դադարեցվել է դպրոցի գործունեությունը: Փոխարենը, Կապանի մանկապարտեզներ հաճախողների թիվն ավելացել է մոտ 100-ով:



Մի քանի մանկապարտեզներում նույնիսկ նոր խմբեր են բացվել: Մինչեւ տարեվերջ Կապանում մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների կողմից վճարվող գումարներն առայժմ կմնան անփոփոխ` 4 հազար դրամ մեկ երեխայի համար: Սակայն գործում են զեղչեր զոհված եւ վիրավոր ազատամարտիկների, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ, բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար: Սյունիքի մարզի գյուղական 7 համայնքների դպրոցներին կից այս տարի կբացվեն մանկապարտեզի ավագ խմբեր: