Օմբուդսմենի 6-ամսյա կադրային ցեղասպանությունը

Օմբուդսմենի 6-ամսյա կադրային ցեղասպանությունը
Երեկ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ամփոփել է իր վեց ամսվա արած-չարածը: Թե իր կատարած աշխատանքով որքանով է եղել մարդկությանը պիտանի, թողնում ենք իր խղճին, սակայն մի բան պարզ է, որ Անդրեասյանը, պաշտոնը զբաղեցնելուց հետո, լծվեց իր PR-ին՝ այս ու այն համակարգի անարդարությունների հետ կապված հայտարարություններ անելով:



Բայց ամենահետաքրքիրն այն է, որ մարդու իրավունքների պաշտպանը, փոխանակ պաշտպանի այլոց իրավունքները, ինքն է իր աշխատակիցների իրավունքները ոտնահարել,  համարյա  կադրային ցեղասպանություն է արել իր գրասենյակում: Նրա հայտնությունից հետո  գրասենյակից հեռացել են դատական մոնիտորինգի եւ արագ արձագանքման խմբերի պատասխանատուները, գլխավոր ֆինանսիստը եւ գլխավոր հաշվապահը, գնումների գծով պատասխանատուն, տնտեսվարը, միջազգային համագործակցության բաժնի պետը, նամակների բաժնի իրավաբանը, որը Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, հայտնի Կադիլակ Սերոժի դուստրն է, եւ որին չեն փրկել անգամ հոր կապերն ու հարստությունը:



Որոշ տեղեկությունների համաձայն՝ Կարեն Անդրեասյանն իր աշխատակազմի նոր ղեկավարի եւ գործերի նոր կառավարչի միջոցով բոլոր անցանկալի կադրերի համար ստեղծել է այն աստիճանի անտանելի մթնոլորտ, որ նրանք հերթով համաձայնել են պաշտպանի սակարկությանն ու երկու ամսվա աշխատավարձը վերջնահաշվարկով ստանալու դիմաց կամավոր ազատման դիմում գրել: ՄԻՊ գրասենյակի նախկին աշխատակիցների պատմելով՝ ոչ մի տեղ ՀՀ ոչ մի քաղաքացի իրեն ավելի անպաշտպան ու նսեմացած չի զգացել, որքան ՄԻՊ աշխատակազմի անդամները:



Գրասենյակի անառողջ մթնոլորտի ձեւավորմանը նպաստել է նորաթուխ գործերի կառավարիչ Տիգրան Արեյանը եւ աշխատակազմի ղեկավար Վահանյանը: Մեր տեղեկություններով՝ նրանք չեն խորշում փողոցային լեքսիկոնով խոսելուց ու վիրավորական արտահայտություններ օգտագործելուց, երբ շփվում  են  աշխատակազմի «անցանկալի» անդամների հետ:



Մեր տեղեկություններով՝ պաշտպանը բավականին հրճվանքով ու ցինիկ մեկնաբանություններով է ստորագրել հրաժարականի դիմումները: Իսկ մինչ այդ Կարեն Անդրեասյանի կադրերի «սեւ ցանկում» են եղել նաեւ ՄԻՊ մամուլի քարտուղարը, վարորդն ու օգնականը: