Թուրք գիտնականը մեղադրում է հային գրագողության մեջ

Թուրք գիտնականը մեղադրում է հային գրագողության մեջ
Հայ պատմաբան Արա Սարաֆյանի «Թալեաթ փաշայի զեկույցը Հայոց Ցեղասպանության մասին, 1917» գիրքը, որ ներառում է թուրք գիտնական Մուրատ Բարդակչիի հրապարակած պատմական փաստաթղթեր, նոր բանավեճի առիթ է դարձել երկու գիտայրերի միջեւ, հաղորդում է hurriyetdailynews.com-ը: Բարդակչին Սարաֆյանին մեղադրել է գրագողության մեջ, մինչդեռ Սարաֆյանը հակադարձել է, որ Բարդակչին չի կարողանում հարմարվել իր մենագրության որոշ հատվածների հետ: Սարաֆյանը չի ժխտում, որ օգտվել է թուրք գիտնականի աշխատանքից, սակայն հավելում է, որ իր մենագրությունն այլ փաստաթղթեր նույնպես ընդգրկում է:



«Նա յուրացրել ու իրեն է հարմարեցրել այն մասերը, որոնք անհրաժեշտ է համարել, ավելացրել է երեւակայական բացատրություններ եւ առանց ամաչելու հրատարակել իր անվան տակ», - ասել է գրող եւ լրագրող Մուրատ Բարդակչին: Բարդակչիի «Թալեաթ Փաշայի մեռած նամակը» 2008թ.-ին հրատարակված գիրքը կազմված է Թալեաթ Փաշայի պահոցների անձնական փաստաթղթերից: Բարդակչին նշել է, որ իր հրատարակիչը դատական գործ է հարուցելու Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանի դեմ: Սարաֆյանն, իր հերթին, այսպես է արձագանքել մեղադրանքին. «Ես ավելի հիմնավոր աշխատանք եմ ներկայացնում, Թալեաթի զեկույցը հիմնված է պաշտոնական Օսմանյան արխիվային նյութերի վրա: Բացի այդ, ես վերլուծել եմ Թալեաթի գրառումներն այնպես, ինչպես նա ինքը դա կաներ»: