Պատրաստվում են դատի տալ «Երեւանջրին»

Պատրաստվում են դատի տալ «Երեւանջրին»
«Բարի գալուստ, «Երեւանջուր»»,-բավական հաճելի ձայնով քեզ ողջունում է «Երեւանջուր» ընկերությունը, երբ հավաքում ես ընկերության պաշտոնական համարը` 185, իսկ հետո նաեւ մի լավ դասական երաժշտություն է «նվագում» ականջիդ տակ. էլ ինչ դարդ ունես՝ նստիր ու նյարդերդ հանգստացրու... «Իրենց երաժշտությունն իրենց գլխին կպնի, թող մեզ մեր բաժին ջուրը տան», ««Երեւանջուրը» մեզ վերջնական որոշել է սպանել, ջրի փոխարեն «կանալիզացիայի ջուր են լցնում գլխներիս», «Մեր երեխաները խոլերա չպետք ա կպնեն. էս ի՞նչ անօրինական երկրում ենք ապրում»: Սրանք Վարդաշեն 8-րդ փողոցի կանանց «ձայներն» են, որոնք կարելի է լսել ամեն օր, ամեն պատի տակ, բայց կանայք միայն պատերի տակ չէ, որ բողոքում են:



Խնդրանքներ, պահանջներ եւ անգամ սպառնալիքներ փորձել են հասցնել «Երեւանջրի» ղեկավարներին. ընկերության հաճելի ձայնով օպերատորուհին բացատրել է, որ բոլոր բողոքները ձայնագրվում են, եւ «միջոցներ անպայման կձեռնարկեն»... Բայց  այդպես էլ ոչինչ չի ձեռնարկվել: Բանն այն է, որ թաղամասի 8-րդ փողոցում արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ կոյուղաջուր է հոսում:



Երեխաներն արդեն սովորել են ցատկոտելով անցնել փողոցով, զգուշորեն գնալ դպրոց ու վերադառնալ, հետո մտնել տուն ու այլեւս դուրս չգալ փողոց խաղալու: Իսկ ջուր 8-րդ փողոցի բնակիչներին օրական մի քանի ժամ է հասնում միայն, այն էլ՝ այնքան դանդաղ, որ ոչ կարողանում են երեխա լողացնել, ոչ լվացք անել, իսկ պահածոների «գործը» կանգնել-մնացել է:



Թաղամասի արդեն «միտինգավոր» դարձած կանայք չեն ուզում լռել, եթե այսպես շարունակվի, նրանք պատրաստվում են դատի տալ «Երեւանջուր» ընկերությանը եւ վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները: