Փիթըր Նաջարյան. «Ուղեւորություններ: Վերջին հայը»

Փիթըր Նաջարյան. «Ուղեւորություններ: Վերջին հայը»
Ամերիկահայ ժամանակակից արձակագիր, նկարիչ՝ Բերքլիում բնակվող, անգլերեն ստեղծագործող Փիթըր Նաջարյանի անվանը գուցե շատերն առաջին անգամ են հանդիպում, բայց պետք է հանդիպեին: «Նարցիս» գրական-գեղարվեստական հանդեսում Արամ Արսենյանի թարգմանությամբ տարբեր համարներում տպագրվել են Փիթըր Նաջարյանի «PUER ENTERNIS» եւ «Հնդկաստան» պատմվածքները, որոնք աչքի էին ընկնում յուրօրինակ ոճական մոտեցմամբ եւ պատումային հմայիչ ընթացքով:



Վիլյամ Սարոյանից հետո ընթերցողական կապն օտարագիր հայ գրողների հետ ասես խզված լինի. գուցե Սարոյանի ստվերը հաղթահարել չկարողանալու հետեւանքն է, կամ պատճառներն ավելի խորքային բնույթ են կրում: Ինչեւէ, իմ կարծիքով, այժմ էլ օտարագիր հայ գրողների մեջ կան մարդիկ, որոնց ստեղծագործությունները մեծ ու հայտնի բեմերից դեռ խոսեցնել կտան շատ-շատերին, բայց, իհարկե, հրաշալի կլիներ, որ օտարագիր հայ գրողներն արժանի գնահատականը ստանային նաեւ հայրենիքում: Ցավալին այն է, որ եթե նրանցից կամ թեկուզ այստեղ ստեղծագործող գրողներից  մեկնումեկին հաջողվի մեծ ճանաչում վաստակել դրսում` փառքն ու հետաքրքրությունը հայրենիքում ապահոված կլինի:



Փիթըր Նաջարյանի «Ուղեւորություններ: Վերջին հայը» վեպը (Երեւան, 2010թ., «ՎՄՎ-Պրինտ», թարգմանությունը՝ Արամ Արսենյանի) եւս մեկ հնարավորություն է ծանոթանալու էսթետիկական հետաքրքիր թիրախներով, պարզ ու խորը շարադրանքով մի բնագրի, որ կրկին անգամ արտացոլում է օտարության մեջ ապրող հայազգի մարդու ներքին աշխարհը, նրա անհանգիստ թափառումները, հակադրվելու եւ հակազդելու ունակության դանդաղ կորուստը: «Հոգնել էի: Շատ էի հոգնել: Ուզում էի տուն վերադառնալ: Որտեղ: Ցանկացած տեղ… Ուզում էի տուն գնալ, լողանալ եւ անկողին մտնել: Առավոտյան կերգեմ եւ երջանիկ կլինեմ: Քաղաքը ոռնում էր: Ո՞ր քաղաքը: Որտե՞ղ եմ: Ի՞նչ տարբերություն: Հրեշը երբեք չի հեռանա: Փախուստ չի լինելու: Սպանել է, խեղել, չարչարել, տանջել եւ ապրելու է հավերժ, երբեք չի մահանալու… գիշերվա մեջ… Մինչեւ կպարզեի, թե ինչի էր նման, կնայեի աչքերի մեջ եւ կսեղմեի կոկորդը, կսպանեի ու կթաղեի, պատկերը կփորագրեի ձեռքերիս, որ արդեն խորը մխրճվել էր ճակատագրիս մեջ:



Հայրիկ, ես չեմ պատրաստվում հաշմվել:



«Որդիս,- ասաց,- երբեք չեմ ցանկացել, որ հաշմանդամ դառնաս: Ինչո՞ւ ես կարծում, թե նման բան եմ երազում»: Այս վերջին սքանչելի ու ապշեցնող նախադասությամբ կարծես ամեն ինչ ասված է: Աղետի պատմության ստվերը, չարորակ ուռուցքի մետաստազների պես սերնդեսերունդ փոխանցվելով, ցրվում է, տարածվում` խեղելով մարդկային ճակատագիրը, որ երբեք չի տրվում մոռացության խայծերին ու կործանվում է՝ իր ներսում կրելով տառապանքի ողջ բեռը: Եվ իզուր չէ Փիթըր Նաջարյանի կողմից ընտրված գրքի մուտքի բնաբանը. «Բարեկամս, հիմա ուզում եմ պատմել կյանքիս պատմությունը: Եթե միայն իմ կյանքը լիներ, կարծում եմ՝ չէի պատմի, քանզի մեկ մարդն ով է, որ խոսի իր ձմեռների մասին, եթե դրանք նույնիսկ ծանր ձյան նման կքել են նրան: Կյանքի պատմություն շատերն են ունեցել եւ էլի կունենան, ու հետո խոտի կվերածվեն բլրի լանջին»:



Փիթըր Նաջարյանի «Ուղեւորություններ: Վերջին հայը» վեպը վաճառվում է քաղաքի փոքրաթիվ գրախանութներում: