«Արի տուն» ծրագիրը` ըստ Ասքանազ Մռավյանի

«Արի տուն» ծրագիրը` ըստ Ասքանազ Մռավյանի
Հայրենադարձության եւ ներգաղթի խնդիրները մեր երկրի համար նոր չեն: Դրանք եղել են առաջներում ու դեռ ապագայում եւս կմնան իբրեւ անխուսափելի իրողություն: Ճիշտ է, հայրենիքը զբոսավայր չէ, որտեղ մարդկանց պիտի կանչել հրապուրելով ու գայթակղելով, բայցեւայնպես յուրաքանչյուր իրավիճակ պահանջում է կողմնակի միջամտություն եւ կամ այնպիսի խթանների առկայություն, որոնք հնարավոր կդարձնեն նպատակի իրագործումը, բարենպաստ հող կստեղծեն երկիրը լքած մարդկանց համար` կայացնելու ճակատագրական որոշումը: Այն, որ շատ անգամներ ձեռնարկված քայլերը դառնում են անպտուղ, ձախողվում են եւ կամ հանգեցնում հակառակ արդյունքի, դեռեւս նրա վկայությունը չէ, թե գաղափարն անիրագործելի է, առավել եւս՝ աննախադեպ: Ցավոք, այդպիսի փորձեր արվել են շատ անգամ, եւ մեր պատմությունը լի է մեծ ու փոքր դրվագներով: Ու եթե նախկինում դրանք չեն անվանադրվել «Արի տուն» կամ մեկ ուրիշ վերտառությամբ, դա դեռ չի նշանակում, թե այդ ծրագրերը եւս չեն ունեցել իրենց համակիրներն ու ընդդիմախոսները: Սակայն միշտ էլ գնահատելին մնացել է արդյունքը` մոռացության տալով միջոցներն ու մտադրությունների ենթատեքստը: Եվ այսօր պատեհ է վերհիշել տասնամյակների վաղեմություն ունեցող մի դրվագ եւս` ներկան վերարժեւորելու համար:



Անցյալ դարի 20-ական թվականները մեր երկրի կյանքում նշանավորվեցին ոչ միայն մեծ ցնցումներով ու վերափոխումներով, այլեւ ի կատար ածվեց, այսպես կոչված, «հոգեւոր հայրենադարձության» ծրագիրը: Պետության հորդորով ու աջակցությամբ աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան վերադարձան հայ մտավորականության սերուցքը կազմող բազմաթիվ անհատներ` գրողներ ու արվեստագետներ, գիտության ու տեխնիկայի բնագավառի նշանավոր դեմքեր: Թե ինչպես էր կազմակերպվում եւ իրականություն դառնում նրանց ներգաղթը, կարող է վկայել Ազգային արխիվի երբեմնի գաղտնի թղթապանակներից մեկում պահվող այս եզակի նամակը` գրված Ասքանազ Մռավյանի ձեռքով: Նամակը թվագրված չէ, սակայն բովանդակությունից դժվար չէ կռահել, որ այն գրվել է 1925 թվականի օգոստոսին: Այդ օրերին Մռավյանը Հայաստանի լուսավորության ժողկոմն էր եւ միաժամանակ ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահի տեղակալը: Նրա նամակը հասցեագրված է Պողոս Մակինցյանին: Նշանավոր պետական գործիչ, գրականագետ Մակինցյանը 1925-ին դիվանագիտական առաքելությամբ գտնվում էր Իտալիայում: Ստորեւ ներկայացվող վավերագիրը հրապարակվում է առաջին անգամ:



Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ







 



 



 



 



 



 



 



 



Ասքանազ Մռավյան







 



 



 



 



 



 



 



 



 



Պողոս Մակինցյան



«Բարեւ, Պուղուս1.



Ինչպես երեւում է` հավիտենական քաղաքը 2 քեզ շատ է գրավել եւ մեռացնել տվել քո խղճուկ հայրենիքն ու այնտեղ տքնող բարեկամներիդ: Ասուպի նման երեւաց Վենետիկից գրած կորեսպոնդենցիադ եւ էլ հեչ մի խաբար:



Այնինչ ասելիք-խոսելիքներ ունենք եւ սպասում էինք, որ նշան տաս գոյության ու գործերիդ մասին: Հույս չկտրելով լուր ստանալու քեզնից- այսու կանխում եմ նամակդ եւ գրելու եմ մի խնդրի մասին, որ հեռու չէ քո սրտից:



Խոսքս Ավետիք Իսահակյանի եւ Շիրվանզադեի մասին է, որոնցից առաջինի մասին կարդացինք կորեսպոնդենցիայումդ, իսկ երկրորդի մասին էլ պատմեց ողջ-առողջ Հայաստան ապավինած Եղ. Չարենցը3: Երկուսի դրությունն էլ, ըստ պատմածի, թե նյութական եւ թե հոգեկան տեսակետից, ըստ երեւույթին հեռու է բավարար լինելուց: Մեր երեկվա գրականության այդ վերջին երկու ամենախոշոր դեմքերը դատապարտված են փլուզումի, կազմալուծման: Մեծ բաներ չսպասելով նրանցից ապագայում (բայց ո՞վ գիտե- գուցե սխալվում եմ, ծերացած լավ ձիերն, ասում են, ընդունակ են մեծ թռիչքներ գործելու), այնուամենայնիվ կարծում եմ, որ նրանց պիտի բերել Հայաստան եւ որոշ զգալի կենսաթոշակով ապահովել նրանց վերջալույսը: Այս առթիվ զրուցեցի Արտաշեսի4, Աշոտիուսի 5 եւ Սաքոյի 6 հետ, միանգամայն համաձայն են եւ ինձ հանձնարարեցին այդ գործը գլուխ բերելու քո միջոցով, որ եւ կատարում եմ: Պիտո է, որ իսկույն եւեթ բանակցություններ սկսես վերոհիշյալների հետ, հող պատրաստես եւ նրանց համաձայնության դեպքում, մինչեւ հարյուրական չերվոն 7 դրամ ճանփածախս տաս (այդ գումարն առաջին պահանջովդ կղրկենք)- Հայաստան ուղեւորվելու համար: Մեզ իրազեկ պահիր բանակցություններիդ մասին 8 (այստեղ մենք նրանց կտանք ամսական մի-մի հարյուր ռուբլի, ավել-պակաս, գուցե մինչեւ հարյուր հիսուն):



Երկրորդ ասելիքս Րաֆֆու ձեռագրերի մասին է. չէիր կարող արդյոք Չոպանյանի 9 կամ մի այլ հայազգի երեւելիի միջոցով բանակցել Րաֆֆու ժառանգի10 հետ եւ ստանալ Րաֆֆու ձեռագրերը: Նրանց գրական-պատմական արժեքը քեզ հայտնի է, ուստի գործի դիմիր:



Սպասում ենք նամակների, լավ խաբարների:



Քո` (ստորագրություն)»:



1. Պողոս Մակինցյանին ընկերները մտերմաբար անվանում էին Պուղուս կամ Պաուլո:



2. Նկատի ունի Հռոմը, որտեղ այդ օրերին գտնվում էր Մակինցյանը:



3. Չարենցը Եվրոպա կատարած ուղեւորությունից Երեւան է վերադարձել 1925 թ. հուլիսի 31-ին:



4. Արտաշես Կարինյան (1886- 1982) - կուսակցական եւ պետական գործիչ, այդ տարիներին ՀԽՍՀ Կենտգործկոմի նախագահն էր:



5. Աշոտ Հովհաննիսյան (1887-1972) - կուսակցական եւ պետական գործիչ, պատմաբան, այդ տարիներին Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարն էր:



6. Սարգիս Համբարձումյան (1870-1944) - կուսակցական եւ պետական գործիչ, այդ տարիներին ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահն էր:



7. Չերվոնեց - 20-ական թթ. տասը ռուբլի ոսկու արժողությամբ թղթադրամ:



8.  1911 թ. երկրից հեռացած Ավետիք Իսահակյանը Հայաստան եկավ 1926-ի աշնանը: Նույն թվականին Հայաստան վերադարձավ նաեւ 1919-ից Եվրոպայում բնակվող Շիրվանզադեն:



9. Արշակ Չոպանյան (1872-1954) - հայ նշանավոր գրող, քննադատ, հասարակական գործիչ



10. Րաֆֆու որդին` Արամը, այն տարիներին մոր հետ բնակվում էր Լոնդոնում: