Ո՞ւմ կհասնի Րաֆֆու մանդատը

Ո՞ւմ կհասնի Րաֆֆու մանդատը
«Ժառանգության» առաջնորդի հերթական կիսահղի որոշումը` մանդատից հրաժարվելու դիմումի մասին, կրկին տարաբնույթ խոսակցությունների տեղիք է տվել: Ո՞վ է Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն գնալու խորհրդարան, ո՞ւմ համար նա զիջեց իր մանդատը, արդյո՞ք ցուցակի հերթական համարն զբաղեցնող  Թեւան Պողոսյանն է գնալու խորհրդարան:



Քանզի մի կողմից մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացնում, մյուս կողմից՝ դեռ հաստատ որոշում չունի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին: Մինչդեռ, դատելով «Ժառանգությունում» առկա կուսակցական մթնոլորտից, Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մանդատից հրաժարումն ընկալելի կլինի միայն նախագահական ընտրություններում վերջինիս առաջադրվելու պարագայում:



Գաղտնիք չէ, որ դեռ նախընտրական շրջանում, «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» համատեղ ցուցակի կազմման ժամանակ, լուրջ տարաձայնություններ առաջ եկան: Ցուցակի առաջնային հատվածում հայտնվել էին մարդիկ, որոնք հատկապես ընդունելի չէին առաջին հերթին ժառանգականների հին գվարդիայի համար:



Անընդունելիները հասարակական սպեկտորի ներկայացուցիչներն են, որոնց ներառումն ընկալվեց իբրեւ իշխանությունների ձեռքի գործ: Արդյունքում մի քանի ժառանգականներ լքեցին կուսակցությունը: Ապա լուրեր տարածվեցին, թե Րաֆֆին պատրաստ է խմբագրել սխալը եւ  հօգուտ Ստյոպա Սաֆարյանի կամ Անահիտ Բախշյանի հրաժարվել մանդատից, բայց այդ դեպքում մեծ թվով մարդիկ պետք է ինքնաբացարկ հայտնեին, ինչն անհնարին էր: Եվ հարցն անորոշ ժամկետով հետաձգվեց: Միայն երեկ հայտնի դարձավ մանդատից հրաժարվելու Րաֆֆի Հովհաննիսյանի որոշման մասին:



Թվում էր, թե Րաֆֆուն հաջողվել է այս ընթացքում համոզել ոմանց՝ ինքնաբացարկ ներկայացնել, սակայն երեկ պարզեցինք, որ դա այդպես չէ: Նախ, ենթադրենք, հավաստի են ընտրություններից հետո տարածված լուրերը, որ հասարակական սպեկտորի ներկայացուցիչների հարցը լուծված է, եւ նրանք բոլորն ինքնաբացարկի դիմումներ են գրել, որոնք ամեն պահի հնարավոր է հաստատել, սակայն այլ է «Ազատ դեմոկրատների» հարցը: Այդ կուսակցությունից Մասիս Այվազյանը, ով հաջորդում է Թեւան Պողոսյանին, երեկ մեզ հավաստիացրեց, որ, կուսակցության վարչության ընդունած որոշման համաձայն, իրենց ցուցակը տեղաշարժման ենթակա չէ: Հատկանշական է, որ Թեւան Պողոսյանը Րաֆֆու հրաժարումից հետո կարծես ընդհատակ է անցել, արդեն երկու օր է՝ նրա հեռախոսահամարներն անհասանելի են: Նա դժվար ընտրության առաջ է կանգնած:



Հենց այս անհասկանալի մթնոլորտի պատճառով երեկվանից լուրեր էին տարածվել, թե չի բացառվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բացարկ է ներկայացրել, որպեսզի իր թեկնածությունն առաջադրի Ավան վարչական շրջանի թիվ 1 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր է ընտրվել ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը: Ասում էին՝ «Ժառանգության» ղեկավարը, կախված ինչ-ինչ հանգամանքներից եւ իշխանության դիրքորոշումից, թե ում է առաջադրելու Ավանում, ուզում է որոշ բաներ ապացուցել՝ ապավինելով իր հեղինակությանը: Նշենք, որ ԱԺ ընտրություններին սույն ընտրատարածքում առաջադրվել էր նաեւ Ստյոպա Սաֆարյանը, որը վերջերս հայտարարել է նաեւ, որ նոր ընտրությունների դեպքում կրկին կառաջադրվի: Մի քանի հարց ուղղեցինք նրան:



- Պարոն Սաֆարյան, նոր ընտրությունների դեպքում Ավանում Ձեր առաջադրման որոշումը հաստա՞տ է, թե՞, այնուամենայնիվ, փոփոխման ենթակա:



- Իմ համար խանգարող հանգամանք մինչ այս պահը չկա, բացի այն, որ ընտրությունները դեռեւս հայտարարված չեն:



- Ասում են՝ հնարավոր է Ձեր փոխարեն Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվի:



- Ինձ անհայտ խոսակցություն է:



- Բացառո՞ւմ եք նման բան:



- Գիտեք, Րաֆֆի Հովհաննիսյանի տարածած հայտարարության մեջ խոսվում է նախագահական ընտրությունների մասին եւ չի պայմանավորվում թիվ 1 ընտրատարածքի ընտրությունների նախաշեմով:



- Պարոն Սաֆարյան, անհասկանալի է. փաստորեն, դեռ հստակ չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու որոշումը, մինչդեռ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից: Հիմա ո՞ւմ է ի վերջո փոխանցվելու նրա մանդատը՝ Թեւան Պողոսյանի՞ն:



- Համենայնդեպս դեռ այլ որոշում չկա, իսկ նա (նկատի ունի Թեւան Պողոսյանին՝ Լ. Շ.) 6-րդ համարն է եւ հենց այդ թեկնածուն:



- Այսինքն՝ այլ որոշո՞ւմ էլ կարող է լինել:



- Ես չեմ կարող ասել՝ այլ որոշում կլինի, թե ոչ, բայց այդ խնդիրը ծագելու է 15 օր անց: Մենք, անշուշտ, այդ 15 օրվա ընթացքում քննարկում կունենանք: Կամ կասենք, որ ըստ հերթականության 6-րդ համարն է գնում պառլամենտ, սակայն ես չեմ կարող բացառել այլ բան… Ամեն ինչ կախված է, թե ինչ նպատակ կդնի իր առջեւ կուսակցությունը:



- Հնարավոր է հօգուտ Մասիս Այվազյանի որոշո՞ւմ կայացնեք:



- Դուք ինձ հարցնում եք մի բան, որի մասին ես բացարձակապես տեղեկություն չունեմ, խոսում ենք մի բանի մասին, որը կարող է տեղի ունենալ կամ ոչ:



- Իսկ այլ որոշում ասելով գուցե նկատի ունեք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կփոշմանի՞:



- Մի բանում վստահ եմ, որ մանդատից հրաժարվելու որոշումը հաստատ է: