Ընդդիմությունը ծանր հղիություն է տանում

Ընդդիմությունը ծանր հղիություն է տանում
Քանի ամիս է՝ խոսվում է ընդդիմության միասնական թեկնածուի ծնունդի շուրջ: Մեր ժողովուրդը համբերություն չունի. չի համբերում, որ ինն ամիսը թամամի: Հա՜ խոսում է՝ ինչու՞ չծնվեց, ինչու՞ ուշացավ… Ծառուկյանի օդ թռցրած տատիկը օդով է թռչում՝ «Մի ծնվի է՜, էնպես եմ օդ թռցնելու…»: Էսպես էլ բա՞ն կլինի, քաղաքականապես այդպես էլ չհասունացավ թռչող տատիկը, նրան թվում է, թե նորածինը երկու կամ երեք կգ քաշ է ունենալու /իր քաշի չափ/,   և ինքն էլ թռցնելու է նրան: Գագիկ Ծառուկյանը, երբ խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ չորացած տատիկին օդ թռցրեց, ինձ հետ հեռուստացույց էր նայում նաև 150 կգ-ոց մի տիկին. «Տղա ես ինձ բարձրացրու է՜, Գագիկ տղա,- հառաչանքով մրմնջաց չաղլիկ տիկինը,- դրան ես էլ կբարձրացնեմ»: Հովերով ընկա, մոռացա ծնունդի մասին: Ինչև է, փաստ է, որ ընդդիմությունը հղի է ու ծանր հղիություն է տանում: Չար լեզուներն ասում են, որ երեխան իշխանությունից է եւ զուր է ընդդիմությունը ոգևորվում: Իսկ թե ինչու քաշը երկու կամ երեք կգ չէ, բժիշկներն այսպես են բացատրում. միասնականությունը ծնունդի քաշը ավելացնում է: Չորացած պառավը հազիվ թե կարողանա գրկել ընդդիմության միասնական ծնունդին կամ էլ դա նրա վերջին գրկելը կլինի:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ