Ընտրություններով ինչ-որ բան փոխել չի հաջողվելու

Ընտրություններով ինչ-որ բան փոխել չի հաջողվելու
Նախագահական ընտրություններին ընդառաջ ողջ երկիրն իրար է խառնվել:   Հեռուստաէկրաններին իշխանությունն է՝ ջղային «բացահայտումներով» ու հոխորտալից ժողովներով: Խորհրդարանում դիրքային պատերազմներ են ընթանում: ԲՀԿ-ն փորձեր է անում ձեւավորվել որպես «այլընտրանքային  ուժ»:  Արտախորհրդարանական ուժերը տանիքներ են փնտրում եւ առաջիկա նախագահական ընտրություններում մի բան պոկելու շանս: Եվ ընդդիմության միասնական նախագահացուի փնտրտուք է գնում: Դեգերումների մեջ է նաեւ Հայ ազգային կոնգրեսը՝ իրենից պոկված բեկորներով:



 



Այդ թվում՝ ամիսներ առաջ ՀԱԿ-ը լքած  «Հանրապետություն» կուսակցությունը: Մինչ ծանր ու թեթեւ են անում 2013 թ. նախագահական ընտրություններում Արամ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու հարցը,  կուսակցության որոշ կարկառուն ներկայացուցիչներ Հայ ազգային կոնգրեսի  շարքերը վերադառնալու մասին են մտմտում: Մասնավորապես խոսքը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, նախկին քաղբանտարկյալ Սմբատ Այվազյանի մասին է: Իսկ Այվազյանի ու Սարգսյանի լարված հարաբերությունների մասին խոսվում է դեռեւս ամառվանից: Ասում են՝ Այվազյանը համարելով, որ Սարգսյանը ՀԱԿ-ից դուրս գալու որոշումը միանձնյա է  ընդունել, հավաքել է իր թիմն ու փորձում է լքել կուսակցությունը:



 



Երեկ, երբ պրն Այվազյանին հարցրինք այս մասին, ասաց, որ ինքը կուսակցությունից դուրս գալու հայտարարություն չի արել, եւ իր հարաբերություններն էլ  Արամ Սարգսյանի հետ սովորական են: Սակայն հավաստի աղբյուրներն ասում են, որ ՀԱԿ-Սմբատ Այվազյան բանակցություններ են գնում:  Ինչ վերաբերում է  Կոնգրեսին միանալուն, Սմբատ Այվազյանը հավաստիացրեց, որ ոչ  նման  քննարկումներ կան ու ոչ էլ այդպիսի մտադրություն ունի: Հարցին՝ արդյո՞ք մինչեւ նախագահական ընտրություններ չի միանալու Կոնգրեսին, պատասխանեց. «Ժամկետները կապ չունեն, այդպիսի մտադրություններ չկան: Ես շփվում եմ բոլորի հետ, ընդդիմադիր բոլոր ուժերի ու նույնիսկ իշխանական որոշ ուժերի հետ, քննարկում, որ այսպես չի կարելի եւ այլն…»:



 



Ըստ Սմբատ Այվազյանի, այսօր կատարվող բոլոր գործընթացները թե իշխանության, թե ընդդիմության կողմից քաղաքական տեխնոլոգիաներ են ընտրություններին ընդառաջ. «Երկրին ուրիշ բաներ են պետք, այդ բաները չեն հետաքրքրում, դրանք քաղաքական տեխնոլոգիաներ են, եւ իշխանության, եւ ընդդիմության կողմից կատարվող քայլեր են, որի մեջ ես ինքս չեմ  ցանկանում մտնել»: Մեր հարցին, թե իր կանխատեսմամբ ՀԱԿ-ի գործադրած այսօրվա տեխնոլոգիաներն ինչի կարող են հանգեցնել, ինչ շանսեր կունենան 2013 թվականի նախագահական ընտրություններում, եթե հաշվի առնենք, թե նույն ընդդիմությունն ինչ հզոր էլեկտորատ ուներ չորս տարի առաջ, Այվազյանը նշեց. «Ես չգիտեմ՝ ցանկացած ուժ, որն ուզում է ընտրություններով ինչ-որ բան փոխել, նրան չի հաջողվելու: Չկա որեւէ ընտրություն, իշխանությունը չի թողնում ստեղծվի մթնոլորտ, որով կարելի է բան փոխել երկրում: Հետեւաբար, անիմաստ է ընտրություններով պայմանավորելը»:



 



Այվազյանը ԲՀԿ-ին չի դիտում որպես այլընտրանքային ընդդիմություն, ավելին՝ չի կարծում, թե հակասություններ կան իշխող կուսակցության եւ ԲՀԿ-ի միջեւ. «Անկեղծ ասած, ես հակասություն չեմ տեսնում նրանց միջեւ այս պահին: Տեսեք, Օսկանյանի դեպքով ԲՀԿ-ն եզակի շանս ուներ լուրջ համախմբում իրականացնել հասարակության մեջ ու դառնար իսկական ընդդիմադիր ուժ, այլընտրանք, որ ցանկանում էր: Ես այդ քննարկումների ընթացքում այդպիսի բան չտեսա»,- ասաց Սմբատ Այվազյանը: