Սիրիահայերի հարցը հետաձգվեց հաջորք քառօրյա

Սիրիահայերի հարցը հետաձգվեց հաջորք քառօրյա
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ոչ մի կերպ չի հաջողվում իր վերահսկողության տակ պահել Ազգային ժողովը, ինչն ակնհայտ էր ոչ միայն Վարդան Օսկանյանի միջնորդությանը «դեմ» քվեարկած ՀՀԿ-ականների առատությամբ եւ անձամբ Սերժ Սարգսյանի «խառնվելով», այլեւ «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման եւ այդպես էլ չընդունելու փաստով: Բանն այն է, որ ԱԺ քառօրյայի օրակարգը հաստատելիս հատուկ կարգ սահմանվեց, եւ 24-ժամյա ռեժիմով պետք է այդ օրենքում կատարվեին փոփոխություններ, որոնք էլ, որպես հրատապ, կյանքի կոչվեին:



 



Փոփոխություններն իսկապես կենսական էին եւ առնչվում էին սիրիահայերին` պետական սահմանին մոտիկ եւ անձնագրային տուրքերից ազատմանը. մոտ հարյուր միլիոն դրամի մասին էր խոսքը: 24-ժամյա ռեժիմը հնարավորություն էր տալու այդ փոփոխությունները շատ արագ դարձնել օրենք` առաջինից երկրորդ ընթերցումը կատարելով 15-20 րոպեանոց ընդմիջումով, ինչից էլ այս օրհասական պահին կարող էին օգտվել Հայաստան ժամանող բազմաթիվ սիրիահայերը: Օրենքի փոփոխությունների քննարկումն ընթացավ, սակայն քվորում չլինելու, պատգամավորներին չմոբիլիզացնելու պատճառով ոչ միայն առաջին, այլեւ երկրորդ ընթերցում չանցավ` տեղափոխվելով հաջորդ քառօրյա, այդքան կարեւոր հարցը երեք շաբաթով հետ գցելով:



 



Փաստորեն, Օսկանյանի դեմ միջնորդությունը խլել էր ԱԺ ղեկավարության ողջ ուժերն ու էներգիան` առավել կարեւոր հարցերի համար ներվ ու տեղ չթողնելով: Ինչը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ԱԺ-ն ոչ թե օրենսդիր մարմին է՝ երկրի համար կենսական հարցերի լուծման համար նախատեսված, այլ ինտրիգներ հյուսող, քաղաքական խնդիրներ լուծող եւ մի քանի մարդու իշխանությունն ապահովող կառույց: Եվ միակ ելքն այն է, որ օրենսդիր մարմնում տեղ գտնեն ոչ թե անձեռնմխելիություն եւ սեփական բիզնեսի համար տանիք փնտրող օլիգարխները, որոնք զահլա չունեն նիստերի գալ եւ սիրիահայերի հետ կապված հարցեր քննարկել, այլ երկրի կենսական խնդիրներով մտահոգ մտավորական մարդիկ, ովքեր այլ զբաղմունք չունեն, եւ նրանց միակ եւ պրոֆեսիոնալ գործունեությունը օրենսդիրի գործունեությունն է: Թե երբ կհաջողվի մեզ հասնել այս մակարդակին, եւ երբ հանրությունը կհասկանա, որ ընտրելիս պետք է առաջնորդվել սոսկ այս չափանիշներով, դժվար է ասել:



 



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ