Կանանց խորհուրդը ցեմենտել են ՀՀԿ-ական կանայք

Կանանց խորհուրդը ցեմենտել են ՀՀԿ-ական կանայք
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը երեկ պատվիրակության կազմում վերջին հրաժեշտի ասուլիս-հաշվետվությունն է ներկայացրել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի մասին: Այսուհետ նրան փոխարինելու է նորաթուխ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը, որը հայտնի է ՄԻԱԿ-ից:  Նաղդալյանը պատվիրակության կազմում էր արդեն 10 տարի: Ի պատասխան մեր դիտարկմանը, Նաղդալյանը վստահեցրել է, որ որ ոչ նեղացած է, ոչ էլ վիրավորված, որ տեղը զիջում է նորաթուխ Կարապետյանին:



 



Նաղդալյանն ասաց, որ Նաիրա Կարապետյանը լավ երիտասարդ է, աշխատասեր, կրթված, իսկ փորձի պակասը կլրացվի հետագայում: Ինքն էլ պատվիրակության կազմում չի լինի զուտ այն պատճառով, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակ է, նման նախադեպ ԵԽԽՎ-ում չկա: Փաստ է, որ Նաղդալյանի դիրքերը  թուլացել են: Խոսքը վերաբերում է ՀՀԿ կանանց խորհրդին, որի նախագահը կրկին այս տիկինն է, եւ նրան այս կառույցի ղեկավարի կարգավիճակից նույնպես ուզում են զրկել: Ինչու է Հերմինե Նաղդալյանի շուրջ նման մթնոլորտ ձեւավորվել, երբ նա զբաղեցնում է ԱԺ փոխնախագահի պաշտոնը: Այս մասին մամուլը հաճախ է բարձրաձայնում, դա  պայմանավորում են նրա հետ կապված հայտնի բնակարանային սկանդալով:



 



Հիշեցնենք, որ նա եւ նրա ամուսինը Չաուշի փողոցի վրա կառուցվող շենքում մեծ թվով բնակարաններ էին գնել, որոնք այլ սեփականատերեր ունեին: Այն ժամանակ խոսվում էր, որ տիկինն ու իր ամուսինը վաշխառությամբ են զբաղվել, սակայն քրգործից վերջիններիս անունները հանվել են: Ինչեւէ, տկն Նաղդալյանը կարծում է, թե որեւէ բան հավերժ չէ, ամեն սկիզբ վերջ էլ ունի. «Եթե ձեզ անհանգստացնում է ՀՀԿ կանանց խորհուրդը, ապա ասեմ, որ դա ամենաամուր, ամենակուռ կառույցն է, շատ համախոհ եւ ներքինից ցեմենտավորված մի  բազմություն է, հանրույթ է կանանց խորհուրդը»: Վտանգ չկա՞, որ առաջիկայում կանանց խորհրդի նախագահի պաշտոնն էլ կզիջի երիտասարդի: «Եթե խնդիր կառաջանա, որ տեղս պետք է զիջեմ, բացարձակ չեմ անհանգստանում դրանից, կզիջեմ, բայց պիտի ձեզ էլ հանգստացնեմ, որ ոչ ՀՀԿ խորհրդում, ոչ գործադիրում նման բան չի քննարկվել, որեւէ մեկն անհրաժեշտություն չի տեսնում իմ տեղը զիջելու»,- ասաց նա: