Բորենիների ժամանակը

Բորենիների ժամանակը
Մեր մանկության մուլտերից հայտնի ամենանողկալի կերպարը հիշո՞ւմ եք որն էր. Մաուգլիի բորենին: Որ իրենից բան չի ներկայացնում, բայց ընկնում է հզորների ոտքերի արանքը, պղտորում նրանց կյանքը, մեկից մյուսին բամբասում, մեկին մյուսի դեմ տրամադրում: Միշտ արյան ծարավ: Միշտ ինտրիգների ու սադրանքների հեղինակ: Ավելի վնասակար, քան ցանկացած այլ կենդանի: Միայն խղճալ կարելի է այն անձանց, ովքեր շրջապատված են նման բորենիներով:



 



Եթե փորձենք պատկերացնել այդ անձանց առօրյան, ապա մոտավորապես այսպիսի պատկեր կստեղծվի: Բորենիներից մեկն առավոտ կանուխ մտնում է Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակը՝ ձեռքին «Հրապարակ» թերթը եւ ասում է. «Ըհը, շեֆ, էլի քո մասին գրել են»: «Շեֆը» մի երկու տող կամ կարդում է, կամ չի կարդում, հետո հայացքը հառում է սույն բորենուն՝ «բա ի՞նչ անենք»: Մենք «գենիալնի» պլան ունենք՝ ասում է բորենին ու անցնում գործի: Հիմա տեղափոխվենք մեկ այլ «շեֆի» կաբինետ. Սերժ Սարգսյանի «բորենիներն» անշուշտ ավելի քաղաքակիրթ են. սրանք «շեֆի» կաբինետ մտնում են միայն նրա կանչով, բայց այդ մուտքին երկար են պատրաստվում: Ահա հերթական «բորենին», դոսյեների մի թղթապանակ ձեռքին, մտնում է նրա մոտ ու ասում. «Տեսեք, թե ինչեր են խոսել Ձեր մասին», ու նախագահի դեմն է դնում երկու անձանց առանձնազրույցը:



 



Դա կարող է կոնտեքստից կտրված լինել, կարող է լինել անմեղ մի խոսակցություն, բայց այն ներկայացնելու տոնը, ոճը, եղանակը բավական է, որպեսզի «շեֆն» ասի՝ «պատժել»: Եվ բորենիների բանակն անցնում է գործի: Սրանք մարդկանց վնասելու, ոչնչացնելու հատուկ սխեմաներ ունեն մշակած: Սրանց միայն «շեֆի» դաբրոն է հարկավոր, որ գործի անցնեն, եւ շրջապատում ոչ մի խիզախ, ազնիվ, բանիմաց մարդ չմնա: Իսկ ամենակարեւորը՝ իրենց փոխարինողներ չմնան: