Պայմանավորվածություն, այնուամենայնիվ, եղել է

Պայմանավորվածություն, այնուամենայնիվ, եղել է
Օրեր շարունակվող մեծ աղմուկից հետո վերջապես պարզվեց, որ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» ապահարզան չի լինելու: Օրերս Երեւան վերադարձած «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն ի վերջո հանդիպեց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, եւ, որոշ տեղեկություններով, երկուստեք տեղի ունեցած բավական ծանր խոսակցությունից հետո երեկ հայտարարեց, որ ինքը վայր չի դնելու մանդատը:



Մեկնաբանելով օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե իր եւ «Ազատ դեմոկրատների» նախագահի միջեւ եղել է համաձայնություն, որ մանդատները պետք է վայր դնեին միասին` ճանապարհ բացելով երիտասարդների համար, Քոքոբելյանը վստահեցրել է, որ դա թյուրըմբռնման արդյունք է, եւ իրենք նման պայմանավորվածություն չեն ունեցել։   Այս վեճի  «բարի» ավարտն անգամ թույլ չի տալիս աչք փակել պատմության առանձին անհասկանալի եւ չտրամաբանված դրվագների վրա, մանավանդ որ մյուս կողմը՝ «Ժառանգությունը», չի շտապում մեկնաբանել հայտարարված հաշտությունը: Երեկ «Ժառանգություն» կուսակցության շատ ներկայացուցիչներ խուսափում էին տեսակետ հայտնել՝  եղե՞լ է թյուրըմբռնում, թե՞ ոչ: Փաստն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակավ Քոքոբելյանին մեղադրեց, մեղմ ասած,  իրեն «քցելու» մեջ, ինչը հաստատեցին  «Ժառանգության» որոշ ներկայացուցիչներ, այդ թվում փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:



 



Սակայն վերջինը նույնպես չցանկացավ մեկնաբանել Քոքոբելյանի հայտարարությունը՝ առաջարկելով դա ճշտել մամուլի խոսնակից, որը դա ամենից լավ կանի: Մինչդեռ մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ  կրկնեց նախօրեի հանդիպումից հետո տարածված հաղորդագրության տեքստը, որ «հոկտեմբերի 21-ին տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության վարչության եւ խմբակցության ընդլայնված նիստ, որտեղ այլ հարցերի հետ քննարկվելու են նաեւ  կայացած քննարկման ժամանակ արծարծված հարցերը»: Քոքոբելյանի մեկնաբանությունը թյուրըմբռնման վերաբերյալ ճի՞շտ է,- հարց ուղղեցինք խոսնակին, բայց Խուրշուդյանը կրկնեց, որ որեւէ մեկնաբանություն տալ չի կարող, եւ բոլոր հարցերի պատասխանները կհնչեն հոկտեմբերի 21-ին: Ակնհայտ է, որ այս պատմության մեջ շատ բան անհասկանալի է:



 



Նախ եթե Քոքոբելյանի պնդումները ճիշտ են, եւ տեղի է ունեցել թյուրըմբռնում, ապա առնվազն Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը պետք է հանդես գար հերքմամբ` հայտարարելով, որ ինքը բոլորովին այլ բան է ցանկացել ասել, բայց ստացվել է, ինչպես միշտ: Բայց, ինչպես տեսանք, տեղի ունեցավ հակառակը, ավելին՝ Քոքոբելյանը ոչ միայն հանգիստ կուլ տվեց հասցեագրված «մեղադրանքը», այլեւ, վկայակոչելով «Ժառանգության» հետ ստորագրած «Ուխտ նոր Հայաստանի» փաստաթուղթը, հավաստիացրեց, որ իրենց եւ «Ժառանգություն» կուսակցության համագործակցությունը շարունակվելու է, եւ առաջիկա նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրվելու դեպքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կսատարի նրան։



 



Նկատենք, սակայն, որ փաստաթուղթն իրավական հետեւանքներ չունի, եւ Քոքոբելյանն օրինակի համար կարող էր հանգիստ հայտարարել, որ խզում են հարաբերությունները «Ժառանգության» հետ, քանի որ իրենց ոչ վստահելի գործընկեր պետք չէ:



 



Մյուս կողմից, Քոքոբելյանի հայտարարությունը մի ուրիշ խայտառակություն է Րաֆֆի Հովհաննիսյանի համար:  Փաստորեն, վերջինն այնքան անլուրջ գործիչ է, որ ցանկացած ճնշման արդյունքում կարող է հրաժարվել իր խոսքից: Բանն այն է, որ օրեր առաջ միջնորդավորված տեղեկություններ տարածվեցին, որ «Ազատ դեմոկրատները» չեն սատարելու Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը եւ հանդես են գալու սեփական թեկնածուով: Իրականում հայտնի է, որ Րաֆֆին  նախապատրաստվում է նախագահական ընտրություններին եւ մտադիր է առաջադրել իր թեկնածությունը: Հովհաննիսյանը հույս ունի, որ իր անձի շուրջ կարող է ձեւավորվել լայն կոալիցիա եւ որոշ ուժեր հայտարարեն իրեն սատարելու մասին: Բայց եթե դաշնակից կուսակցությունն է ընտրություններից ամիսներ առաջ հայտարարում, որ խզում է հարաբերությունները «Ժառանգության» հետ, ապա դժվար թե գտնվեն այլ ուժեր, որոնք պատրաստակամ կլինեն սատարել այդ ուժի առաջնորդին: Հավանաբար, այս հանգամանքը հաշվի առնելով, Հովհաննիսյանն այսօր պատրաստ է այդ սատարումի դիմաց հայտնվել թե անհարմար վիճակում, թե հերթական անհեթեթ մեկնաբանությունները ներկայացնել, մանավանդ որ դա իր մոտ հաճախ է ստացվում:



 



Մի քանի հարց ուղղեցինք «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին:



 



- Րաֆֆի Հովհաննիսյանից բացի, այլ ժառանգականներ, այդ թվում Դուք էլ պնդեցիք, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել: Դուք համաձա՞յն եք, որ թյուրըմբռնում է եղել:



 



- Մեկնաբանություն պետք է տա Րաֆֆի Հովհաննիսյանը, որովհետեւ երկու կուսակցապետերի պայմանավորվածության մասին է խոսքը:



 



- Նման հայտարարությամբ միայն Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես չի եկել, Դուք, որոշ կուսակցականներ եւս կուսակցության ղեկավարից հետո պնդեցիք դա:



 



- Իմ հասած տեղեկություններով, եղել է նման պայմանավորվածություն, ինչի մասին ես համոզված եղել եմ: Թե հիմա նման պայմանավորվածություն չի եղել, թյուրըմբռնում է եղել, ինչ է եղել, քանի որ դա երկու կուսակցապետերի միջեւ է տեղի ունեցել, պարզաբանում պետք է տա Րաֆֆի Հովհաննիսյանը:



 



- Ի՞նչ է նշանակում թյուրըմբռնում: Րաֆֆի Հովհաննիսյանն առաջին օրը չէ, որ քաղաքականության մեջ է, այսինքն՝ անփորձների դեպքում գուցե նման պարզ հարցերում շփոթմունք առաջանա, բայց ոչ նրա: Կամ էլ նա այնքան անլուրջ չէ, որ նման լուրջ հայտարարություններից առաջ չճշտի ինֆորմացիան:



 



- Ձեր մտահոգությունը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ այս ամենի մեկնաբանությունը կարող է տալ միայն Րաֆֆի Հովհաննիսյանը:



 



- Այնուամենայնիվ, հնարավո՞ր  էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը թյուրըմբռներ:



 



- Րաֆֆի Հովհաննիսյանի թյուրըմբռնման մասին չէ խոսք գնում, ինչքան տեղյակ եմ, Քոքոբելյանն ասել է, որ թյուրըմբռնում է տեղի ունեցել, այնպես որ, սպասենք Րաֆֆի Հովհաննիսյանի պարզաբանմանը:



 



- Եթե ասում եք, որ առանձնազրույց է եղել, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է թյուրըմբռներ, եւ Քոքոբելյանն էլ հստակ ասել է, որ Հովհաննիսյանն է թյուրըմբռնել:



 



- Ըհը, այդ դեպքում կսպասենք Րաֆֆի Հովհաննիսյանի արձագանքին: Հիմա Դուք ինձ ինչի՞ եք ուզում չարչարեք, եթե ես չեմ մասնակցել այդ առանձնազրույցին: Հիմա ուզում եք ատամներս էլ քաշեք, միեւնույն է, ես այդ տեղեկությանը չեմ տիրապետում: