Պիեռ Պաոլո Պազոլինի. Բանաստեղծություններ

Պիեռ Պաոլո Պազոլինի. Բանաստեղծություններ
Գուցե շատերը նրա ֆիլմերից հետո, երբ կարդում են կենսագրությունը, հատկապես սպանության առեղծվածային հանգամանքները եւ մնացյալը (իսկ Պազոլինին իր համար չափազանց հետաքրքիր ճանապարհ էր հերկել), շրջվում են բանաստեղծություններին, որոնցով սկսվում եւ ավարտվում է իտալական պոեզիայի հերթական տաղանդավոր հեղինակի կյանքը:



 



Նա գրում էր բանաստեղծություններ թղթի վրա եւ շարունակում նկարահանման հրապարակում՝ համոզված լինելով, որ տեսախցիկն ի վերջո անկարող է ամբողջովին փոխանցել տեքստի ինտենսիվությունը:



Ես թռչում եմ, թեթեւ եմ ինչպես սյուքը



Եկվոր չվախենաս, ես հեռուներից տուն դարձած ոգին եմ սիրո:



 



Պազոլինիի բնապատկերային նրբանցումներն ուսումնասիրում են «հեռավոր անցյալը», հարազատ Ֆրուիլիի շրջանի եւ Հռոմ քաղաքի պատանեկան խորխորատների դիալեկտով սղված վերհուշը: Ուղիղ վրձնահարվածներով տրված՝ գյուղացիների աղքատությունն ու շահագործվող կեցությունը նրա բանաստեղծություններում փոխարկվում են մետաֆորների.



 



Մենակ եմ,



Դարձել եմ օտար բլուրներին, դաշտերին, Ռուդիի հյուղակներին



Այնտեղ ցոլքը ծորում է շաքարե բարձունքներից



 



Իսկ այստեղ, խաղողի վազերից



եւ հուզված ծովից այն կողմ՝ լույս է,



կեցությունն ու հրաշքը միավորող խորհրդավոր սեր



 



…Առջեւում էր երկար օրը, եւ երեկոն էր առջեւում:



Գյուղացիները վերադառնում էին խավարի մեջ,



եւ տնքում էին ճկված մեջքերը



 



ինչպես Թեոյին հասցեագրված Վան Գոգի նամակներում, որտեղ քրիստոնյա գյուղացիների մասին գրված պարբերությունները փայլուն կտավներ են. «Փարախը նույնպես համարյա եռանկյուն է, շատ մուգ: Դուռը լայն բաց է: Հետեւում, տախտակների արանքից, դեռ շողում է երկնքի լույսը: Բրդի ու ցեխի ողջ քարավանը հորձանքով անհետանում է այդ խոռոչի մեջ: Ներս մտնելուն պես հովիվն ու լապտերը ձեռքին մի կին ամուր փակում են դուռը: Մթնշաղում հոտի վերադարձը սիմֆոնիայի ավարտն է, որ լսեցի երեկ»:



 



Ատելով բռնությունը՝ այնուամենայնիվ Պազոլինին իր ֆիլմերում, վեպերում ու բանաստեղծություններում թափանցում էր արգելված ու վտանգավոր անջրպետ (ուր եւ նահատակվեց) եւ ապրելուց ու վերապրելուց հետո միայն իրավունք էր վերապահում գեղագիտական խոսք հղել ու ուղիներ տալ:



նա ով անցյալը չգիտի,



նա ով չգիտի իմաստը



թող փոխարինի բռնությունը անգործությամբ



 



Ես ուժն եմ հեռավոր անցյալի



այնտեղ է աղբյուրն իմ սիրո:



Ոտքից գլուխ ավերակ եմ ես,



Ապենինյան լանջերին մոռացված տաճարներ, քաղաքներ, գյուղեր:



Իսկ ժամանակին այնտեղ ախպերներ էին ապրում:



Հիմա գժված թափառում եմ էս հողերում, թափառում եմ հայրենիքիս մեջ անտեր շան պես



 



Պազոլինիի գրամեքենան անդադար տկտկում էր, ու ծնվում էին hռչակավոր ֆիլմերի սցենարներն ու պատմվածքները, վեպերն ու հրապարակախոսական հոդվածները: Եվ ամենուր նա հանդես էր գալիս որպես պոետ՝ հույզերի ու գաղափարների համար փնտրելով նոր մարմնավորումներ: Պազոլինին բաց էր մարդկային կյանքի «անհարմար» ձեւերի առջեւ եւ խիզախ էր մատուցելիս:



 



 Նոկտյուրն



 չեք կարող կոտրել ինձ աստղեր,



 ոչ ուրախությամբ



 ոչ սարսափով



 ոչ երկնային կրակի համրությամբ



 



եւ չի հաջողվի պսպղուն ցրտերին



խլել սրտիս տաքությունը



եւ խիզախը վառվում է, եւ չի սփռում մոխիրը



որպես բախտի ծաղիկ



Հիմա էլ չեմ ծիծաղում ու չեմ ողբում



 հեռվում է Աստված, ում չճանաչեցի



 ու չհասցրեցի սիրել



 



Ամերիկացի մեծ գրականագետ Հարոլդ Բլումը Պիեռ Պաոլո Պազոլինիին համարում է 20-րդ դարի լավագույն պոետներից մեկը: