Րաֆֆին պետք է հստակեցնի, թե ինչ է ուզում

Րաֆֆին պետք է հստակեցնի, թե ինչ է ուզում
Կասկած չկա, որ փետրվարի 18-ի քվեարկությունը հերթական անգամ ցույց տվեց, որ իշխանությունն ի զորու չէ ազատ եւ արդար ընտրություններ կազմակերպել: Արդեն իրողություն է նաեւ, որ Ազատության հրապարակը դարձյալ լցվել է պայքարի ոգով, որը նախօրեին այստեղ էր բերել անգամ որոշ ընդդիմադիր գործիչների: Բայց հետընտրական զարգացումները եւ հատկապես Սերժ Սարգսյանի հետ Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա հանդիպումն ու վերջինի անհասկանալի պահվածքը դեռեւս չեն որոշակիացնում քաղաքական դաշտի խաղացողների դիրքորոշումը, ու անորոշ է մնում միավորվելու եւ միասնական ճակատով պայքարելու հեռանկարը:



 



Այս պատճառով է, որ շատերը դեռ չեն շտապում ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի՝  պայքարին միանալու նախորդ օրվա կոչը եւ այսօր ներկայանալ Ազատության հրապարակ, սպասում են հետագա, առավել հստակ գործողությունների: Իսկ պատրա՞ստ են արդյոք քաղաքական գործիչները միավորվել եւ համաժողովրդական շարժման նոր ալիք բարձրացնելով՝ վերականգնել հասարակության հոծ զանգվածի ոտնահարված իրավունքներն ու իշխանափոխություն իրականացնել: Այս թեմայով զրուցեցինք մի շարք քաղաքական գործիչների հետ:



 



ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ-ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ



 



Նախօրեի հանրահավաքին ինքնաբուխ՝ առանց Րաֆֆու կոչի, ներկայացած քաղաքական գործիչները պատրաստ են մինչեւ վերջ կանգնել պայքարող ժողովրդի կողքին: Առաջինն այդ քայլն արեց Նիկոլ Փաշինյանը: «Իսկ քայլերը պետք է անի ընտրություններին մեծ ձայներ ստացած գործիչը (Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Լ. Շ.), եթե ես ստացած լինեի այդ ձայները, ես քայլերը կառաջարկեի, բայց այժմ կոռեկտ չեմ համարում ինքս կոչ կամ առաջարկներ անել եւ հիմա, որպես քաղաքացի, կհետեւեմ դրանց, բայց հաստատ կլինեմ ժողովրդի հետ»,- նոր շարժման վերածննդի եւ այդ նպատակով ընդդիմության միավորման հեռանկարների մասին մեզ հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, որի հետ հրապարակ էր եկել կուսակցության ողջ քաղխորհուրդը:



 



«Մեր ընդդիմադիր հոսանքը նորից զարթնում է, ժողովրդի ուժը, արդարության պահանջը նորից զարթոնք է ապրում, եւ մենք չենք կարող չկանգնել այս հրապարակում»,- ասում էր հանրահավաքին ներկա ՀԱԿ մաս կազմող ՀԺԿ անդամ Ֆելիքս Խաչատրյանը, ընդգծելով, որ սա ՀԺԿ դիրքորոշումն է, պարզապես կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանն այս օրերին Հայաստանում չէ՝ Վիեննայում է եւ կուսակիցներին հորդորել է ժողովրդի կողքին կանգնել, մինչեւ ինքը վերադառնա, եւ քննարկեն տպավորություններն ու անելիքները: Խաչատրյանին հիշեցրինք Կոնգրեսի դիրքորոշումն ընտրությունների վերաբերյալ, որ մասնակցությամբ միայն կլեգիտիմացնեն Սերժ Սարգսյանի վերընտրությունը: Փաստորեն, եկել եք հրապարակ, որ մասնակցեք լեգիտիմացման գործընթացի՞ն, հարցրինք: «Բայց ո՞վ ասաց, որ Րաֆֆին լեգիտիմացնում է, մարդն ասում է, որ կեղծվել են ընտրությունները: Եթե լռեր, կասեինք, որ էդպես է, բայց տեսնում եք մարդու դիրքորոշումը,- հակադարձեց ՀԺԿ անդամը՝ ի պատասխան հաջորդ հարցին ասելով:- Ես չեմ ասում, թե Կոնգրեսի մոտեցումը սխալ էր, միգուցե հաշվարկը ճիշտ չէր, բայց կարծում եմ, որ այս ճանապարհն ավելի ճիշտ է»: Րաֆֆի Հովհաննիսյանի՝ իշխանությունների հետ գործարքի գնալու հեռանկարը շատերը չեն բացառում, փաստորեն, դուք անմնացորդ հավատում եք նրան: «Այո, այո»,- պատասխանեց Խաչատրյանը:



 



ՀԱԿ մաս կազմող «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը՝ Մանուկ Գասպարյանի որդին  եւս այն գործիչների թվում է, որոնք, չսպասելով Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերին, նախօրեին շտապել էին հրապարակ, իր խոսքով, ժողովրդի հետ լինելու. «Եթե կա ժողովրդի պահանջ, ընդվզում, դժգոհություն ընտրությունների արդյունքներից, այդ ընտրությունները պետք է անվավեր հայտարարել եւ նշանակել նոր ընտրություններ»: ՀՀՇ նախկին նախագահ Արարատ Զուրաբյանն էլ հավանաբար կարծում է, որ իր ներկայությունն արդեն իսկ սեփական  դիրքորոշման վկայություն է: Ըստ ամենայնի, պայքարի շարունակության դեպքում հրապարակում կլինեն նաեւ նախագահի թեկնածուներից Հրանտ Բագրատյանն ու Անդրիաս Ղուկասյանը: Բագրատյանը երեկ կեսգիշերին այցելել էր հրապարակ եւ զրուցել Րաֆֆիի հետ: Իսկ Անդրիասը երեկ կոչ է արել «հանուն մեր հայրենիքի միավորվել եւ թույլ չտալ որեւէ մեկին հերթական անգամ տապալել ժողովրդի ձգտումը դեպի ժողովրդավարական եւ օրինական Հայաստան», ինչպես նաեւ նրա նախաձեռնությամբ Բագրատյանի եւ Րաֆֆիի հետ միասնական փաստաթուղթ է ստորագրվել ընտրությունների արդյունքները դատապարտելու վերաբերյալ:



 



ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ՝ ԵՐԵԿ



 



«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանն  էլ փոխանցում է, որ չնայած իրենց կուսակիցներն ընտրություններին աջակցել են Րաֆֆի Հովհաննիսյանին, տեղամասերում՝ հատկապես Շիրակում եւ Արմավիրում աշխատել նրա համար, պահել նրա ձայները, բայց չեն շտապում դիրքորոշում հայտնել, կտեսնեն Րաֆֆին ինչ է ուզում, ինչ է անելու՝ նոր: «Հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, այսօր կտեղեկացնի ինչ է անելու, մենք էլ ձեզ կտեղեկացնենք,- ասաց Մակեյանը՝ շարունակելով:- Կուրորեն չպիտի մտնես անտառ, դրանից առաջ պետք է հասկանալ, թե ուր ես մտնում»:  ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը նույնպես ձեռնպահ է մնում  հրապարակային որեւէ բան ասելուց. «Դեռ վաղ է»:



 



ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանի տեղը երեկ հարմար չէր, եւ հարցը լսելուց հետո այդպես էլ չկարողացավ պատասխանել՝  ընդունելո՞ւ են պայքարին միանալու Րաֆֆիի կոչը: Թեեւ կարծում ենք՝ «տեղի» խնդիր չէր: ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր, Տեր-Պետրոսյանի «գծի մեջ» գտնվող Լյուդմիլա Սարգսյանի համար մինչեւ երեկ ինտրիգ կար, քանի որ Րաֆֆին էր Սերժ Սարգսյանին հրապարակ հրավիրել, սակայն  Հովհաննիսյանի այցը Բաղրամյան 26՝ Սերժ Սարգսյանի նստավայր, ի չիք դարձրեց այդ ինտրիգը: Թեեւ Լ. Սարգսյանն ի սկզբանե այդ սցենարն է կանխատեսել, ուստի այժմ չի կարծում, որ այսօր պայքարն ավելի իրական է, քան երեկ էր: Հետեւաբար,  չի կարծում նաեւ, որ այս գործընթացում Կոնգրեսն անելիք ունի: ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը փոխանցեց, որ ոչինչ ասել չի կարող. «Քննարկումների մեջ ենք, կավարտվի, հավանաբար ԳՄ-ն հայտարարությամբ հանդես կգա»:



 



Թեպետ մեզ տեղեկություններ են հասել, որ ՀՅԴ-ում կարծիքները բաժանված են երկու մասի, ոմանք պնդում են, որ հրապարակում անելն անհրաժեշտ է, ավելի «պրագմատիկները» կարծում են, որ անիմաստ է մասնակցել մի խաղի, որը հայտնի ավարտ ունի: Երեկոյան հայտնի դարձավ միայն, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից անմիջապես հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ։ Մանրամասներ չեն փոխանցում:



 



ԲՀԿ-ում դեռ չի քննարկվել պայքարին միանալու Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը: «Բայց ես պիտի ասեմ, որ մենք մտահոգված ենք ստեղծված իրավիճակով, եւ սա բերում է հստակ համոզմունքի, որ ամբողջ համակարգում (ոչ միայն ընտրական) փոփոխությունները, որոնց մասին մենք խոսում էինք, առավել քան անհրաժեշտ են, առավել քան արդիական»,- գնահատելով նախագահական ընտրությունները եւ դրանց արդյունքում ստեղծված իրավիճակը՝ ասաց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, ընդգծելով նաեւ, որ իրենք քննարկում են «ելքերի որոնման շուրջ»: «Երբ որ երկրում մարդիկ չունեն ընտրելու հնարավորություն, ֆինանսական ազդեցության ներքո այլընտրանքի բացակայության պարագայում, երբ մարդկանց սոցիալական վիճակը դրդում է ինչ-որ այլ մտքեր մտորելու ընտրությունների ժամանակ, բացի դասական կարգով հաստատված, տրամաբանությամբ թելադրվող բաներից, ապա այդ ժամանակ խոսել որակյալ ընտրությունների մասին, անիմաստ է»:



 



Նկատեցինք, որ ՀՀԿ-ականներն էլ են ռեալ գնահատում իրավիճակը, եւ Սերժ Սարգսյանն էլ  պատրաստվում է «ելքեր» առաջարկել, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ԲՀԿ-ում նախընտրում են Սերժ Սարգսյանի «առաջարկը»: «Նախեւառաջ մենք դեռ չենք տեսնում, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը գնում, երբ որ կառաջարկվի, այն ժամանակ էլ կքննարկենք: Դուք ինձ հարցեր եք տալիս, որոնք չկան, բայց ուզում եք, որ ես պատասխանեմ»,- դժգոհեց խոսնակը՝ մեկ անգամ եւս հարկ համարելով ընդգծել, որ փոփոխությունների անհրաժեշտություն կա: «Կարճ ասած՝ այս նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ ամենեւին էլ ամեն ինչ լավ չէ, որ ամենեւին էլ ամենաորակյալ ընտրությունները չէին, որ ամենեւին էլ  խղճի, հոգու հանգստությամբ ու առանց ջանքեր գործադրելու գնալ ինքնահոսով դեպի պայծառ ապագա, չի ստացվում եւ չի էլ ստացվելու»: Փաստորեն, հրաժարվում եք ժողովրդի հետ պայքարելուց եւ Ազատության հրապարակ գնալուց: «ԲՀԿ-ն անընդմեջ է ժողովրդի կողքին, անդադար է իրականացնում քաղաքական եւ առհասարակ կոնսուլտացիաներ հենց ժողովրդի հետ, ԲՀԿ-ն ինքը ժողովուրդ է ներկայացնում, ընդ որում ստվար զանգված, եւ դրանով ամեն ինչ ասված է»: