«Ժառանգությունը» վերահաշվարկի դիմումները փոստով է ուղարկել

«Ժառանգությունը» վերահաշվարկի դիմումները փոստով է ուղարկել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկվա նիստում քննարկեց եւ մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի համակարգող Գեւորգ Կալենչյանի դիմումը, որով պահանջվում էր դադարեցնել մի քանի տեղամասում փետրվարի 20-ի առավոտյան սկսված քվեաթերթիկների վերահաշվարկը:



 



Հիշեցնենք, որ փետրվարի 20-ի առավոտյան Հովհաննիսյանի շտաբից հայտարարություն տարածվեց, որ մի քանի տեղամասում հանձնաժողովը վերահաշվարկը սկսել է առանց իրենց ներկայացուցիչների: Ավելի ուշ պարզվել էր, սակայն, որ վերահաշվարկ իրականացնող երկու տեղամասերում էլ «Ժառանգությունից» ներկայացուցիչ եղել է: Այնուամենայնիվ, քանի որ դիմումը մուտք էր արվել, ԿԸՀ-ն սահմանված կարգով քննության առավ այն եւ մերժեց: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադարձավ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի կողմից ներկայացված եւ ԿԸՀ-ի կողմից մերժված մյուս դիմումներին: Մուկուչյանի խոսքով, այդ դիմումները ներկայացված են եղել նման իրավասություն չունեցող անձի կողմից: «Վերահաշվարկի վերաբերյալ դիմում ներկայացնող սուբյեկտների կազմը շատ հստակ ու աներկբա սահմանված է Ընտրական օրենսգրքով: ԸՕ-ն հստակ սահմանում է, թե ով եւ ինչ ժամկետներում կարող է վերահաշվարկի դիմում ներկայացնել:



 



Այն դիմումները, որոնք ներկայացված են եղել ԸԸՀ Ստեփան Սաֆարյանի անունից, մերժվել են, քանի որ վերջինս չի ունեցել նման դիմում ներկայացնելու իրավունք: Դրանով պայմանավորված՝ հանձնաժողովը կայացրել է որոշում՝ մերժելով վերահաշվարկի պահանջը»,-ասաց Մուկուչյանը: Եվ հետո, նույն Ընտրական օրենսգիրքը սահմանում է նաեւ, որ վերահաշվարկի մասին դիմում ներկայացնողի բացակայությունը հիմք չէ վերահաշվարկը չանցկացնելու կամ այն դադարեցնելու համար: Ի դեպ, որոշ դեպքերում, Հովհաննիսյանի շտաբը վերահաշվարկի դիմումներն ուղարկել է փոստով, այն դեպքում, երբ ԸՕ-ն սահմանում է, որ վերահաշվարկի դիմում կարելի է ներկայացնել քվեարկության հաջորդ օրը, մինչեւ ժամը 18-ը:



 



Նիստի ավարտից հետո ԿԸՀ նախագահին խնդրեցինք մեկնաբանել օրերս իր ղեկավարած կառույցի առաջ մի խումբ ակտիվիստների կողմից ծաղկեպսակ դնելու փաստը: Հիշեցնենք, որ ակտիվիստները, ծաղկեպսակ դնելով ԿԸՀ շենքի դիմաց, ազդարարեցին, որ այդ շենքի ներսում մեռավ ժողովրդավարությունը, որը պետք է ծնվեր, ստեղծվեր ընտրությունների միջոցով: «Այդ ակցիայի ձեւին ու բովանդակությանը չեմ ուզում անդրադառնալ, որպեսզի ընդհանրապես որեւէ գնահատականի չարժանացնեմ այն: Բայց ասեմ, որ յուրաքանչյուրը հավանաբար սեփական ընկալումների տեսանկյունից գնահատականներ է տալիս այս կամ այն երեւույթին: Ես միայն կարող եմ փաստել, որ մենք հիմա գտնվում ենք ոչ թե քաղաքական, այլ իրավական քննարկումների տիրույթում: Ակտիվիստների գնահատականներն ընտրությունների վերաբերյալ իրենց անձնական գնահատականներն են: Ես չգիտեմ ինչ փաստերի վրա են ընդհանրապես արվում դատողություններ: Եթե կան կոնկրետ փաստեր, ապա այդ փաստերը պատշաճ սուբյեկտների կողմից պատշաճ կարգով պետք է ներկայացվեն, որպեսզի հանձնաժողովներում դրանք դառնան քննության առարկա»,- ասաց Մուկուչյանը: