ՀԱԿ-ը կմասնակցի ՀԺԿ-ով կամ «Հայոց հայրենիքով»

ՀԱԿ-ը կմասնակցի ՀԺԿ-ով կամ «Հայոց հայրենիքով»
Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ հայտարարել էր, որ ՀԱԿ-ը պատրաստում է Երեւանի ավագանու ընտրությունների ցուցակը, եւ որ հակվածություն կա ցուցակում հնարավորինս շատ երիտասարդների ընդգրկել: Նախօրեին էլ նույն Զուրաբյանը  հայտարարել էր, թե քանի որ չորս քաղաքական ուժերի` ՀԱԿ-ի, «Բարգավաճ Հայաստան»-ի, Հայ հեղափոխական դաշնակցության  ու «Ժառանգության» միջեւ բանակցություններն անհաջողության մատնվեցին, ուստի  Կոնգրեսը որոշում է կայացրել երեւանյան ընտրություններին առանձին մասնակցել:



 



 



«Միասնական ցուցակի առումով կարծես որեւէ արդյունքի չենք հանգել, բայց ես կարծում եմ, որ դրանից ոչ մի ողբերգություն սարքել պետք չէ, որովհետեւ շատ ավելի կարեւոր է, որ ձեւավորվի քառակողմ մի ձեւաչափ, որը հռչակում է իր նպատակը՝ վերադարձնել Երեւանում իշխանությունը ժողովրդին: Դրա համար մենք կարող ենք համագործակցել երեք կարեւորագույն նպատակների շուրջ. առաջին` մենք փոխադարձ պայմանավորվում ենք, որ չենք քննադատում իրար, քննադատության հիմնական թիրախը դառնում է իշխանությունը»,- ընդգծել է Զուրաբյանը:



 



Այդուամենայնիվ, այնքան էլ պարզ չէ, թե Կոնգրես ասելով՝ Զուրաբյանը որ կառույցը նկատի ունի, ՀՀՇ-ի հիմքի վրա վերակազմակերպվող ՀԱԿ կուսակցությունը դեռեւս գոյություն չունի,  նախկին ՀԱԿ դաշինքով էլ հնարավորություն չկա, քանի որ հայտնի վայրիվերումներից հետո դաշինքի մյուս ուժերը, որոնք չգնացին զուրաբյանական թեւի հետ, հայտարարեցին, որ իրենք պահպանում են կառույցը, այսինքն՝ այս անվան տակ մասնակցությունն անհնար է, իսկ ՀՀՇ-ն էլ լուծարվել է: Լուրեր էին շրջում, որ Տեր-Պետրոսյանի համար նախընտրելին Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ ցուցակն է: Չնայած Զուրաբյանը դեռ նախորդ շաբաթ հայտարարել է, որ, անկախ այս ամենից, իրենց կհաջողվի կազմակերպչական հարցերը լուծել, սակայն երեկվա դրությամբ դեռ պարզ չէր՝ հաջողվե՞լ է որեւէ հայտարարի գալ, թե՞ նոր տարբերակով են մասնակցելու: «Սպասեք, վաղը կներկայացնենք բոլոր հստակեցումները»,- մեր հարցին ի պատասխան ասաց նոր ձեւավորվող ՀԱԿԿ քարտուղար Արամ Մանուկյանը, շատերն այս թիմից նույն պատասխանը տվեցին:



 



Սակայն երեկ արդեն շրջանառվում էր, որ Կոնգրեսի կազմն ընտրություններին մասնակցելու է ՀԺԿ-ի միջոցով: Վերջին շաբաթվա ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը մեծ ջանքեր է գործադրել Ստեփան Դեմիրճյանին «Ժառանգությունից» կտրելու եւ իրենց կողմը բերելու համար եւ առաջարկել է գլխավորել Երեւանի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակը: Նշենք, որ «Ժառանգությունը» եւս առաջարկել էր Դեմիրճյանին միասնական ցուցակով մասնակցել ընտրություններին: Բայց նախօրեին, ՀԺԿ քաղխորհրդի նիստից հետո, որի ընթացքում քննարկվել է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը, ՀԺԿ անդամ Ֆելիքս Խաչատրյանը մեզ փոխանցել էր, որ քաղխորհրդի նիստում որոշվել է, որ «ՀԺԿ-ն կողմ է մասնակցել ավագանու ընտրություններին, եթե քաղաքական ուժերի համախմբում լինի»: Ընդ որում, միայն լայն համախմբման  դեպքում, իսկ ՀԺԿ մեկ այլ անդամ՝ Գրիգոր Հարությունյանը, ավելին մանրամասնելով, մի հարցազրույցում ընդգծել էր, որ լայն համախմբում  համարում է ՀԱԿ, ՀԺԿ, Դաշնակցություն, «Ժառանգություն» համախմբումը:



 



Երեկ կրկին զանգահարեցինք Ֆելիքս Խաչատրյանին, ով վստահեցրեց, որ տեղյակ չէ նման լուրերից: Խաչատրյանին հարցրինք ՀԱԿ-ի հետ մասնակցության հավանականության մասին, սակայն նա համառորեն պնդում էր, որ այլ տարբերակներ չեն քննարկել, բացառությամբ վերոնշյալի. «Ոչ մի տարբերակ պետք չէ բացառել»:  Կոնգրեսի մասնակցության թերեւս ամենառեալ հնարավորությունը «Հայոց հայրենիք» կուսակցության միջոցով մասնակցությունն է, այս կուսակցությունը, որի փոխնախագահ Անահիտ Եղոյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի գծի մեջ է, դեռեւս լուծարված չէ, եւ ծայրահեղ դեպքում այս կուսակցությամբ կմասնակցեն, քանի որ ՍԴՀԿ-ն եւս չի մասնակցելու ընտրություններին, եւ Լյուդմիլա Սարգսյանը դա հայտարարել է դեռ նախորդ շաբաթ: