Հիմա էլ փորձում են ազատականները միավորվել

Հիմա էլ փորձում են ազատականները միավորվել
Հրանտ Բագրատյանը, ով երեկ վերադարձել էր Հայաստան, երեկոյան իր «Ազատություն» կուսակցության վարչության նիստ է հրավիրել, որտեղ քննարկվել է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը:



 



Մեր տեղեկություններով, Րաֆֆի Հովհաննիսյանը Հրանտ Բագրատյանին եւս միասնական ձեւաչափով մասնակցելու առաջարկ է արել, սակայն պայմանով, որ ֆինանսական խնդիրները լուծում են հավասարապես, այսինքն՝ կիսովի, Բագրատյանն զբաղեցնում է ցուցակի երկրորդ հորիզոնականը՝ Արմեն Մարտիրոսյանից հետո, իսկ նրա կուսակցությունից մեկական անդամ էլ ընդգրկվում է ամեն ութնյակում: Երեկվա նիստում այս առաջարկը մերժվել է: Տեղեկացանք նաեւ, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն էլ իր հերթին է նախաձեռնել ազատական ուժերի եւ անհատների միավորմամբ գնալ ընտրությունների, որոնց թվում է նաեւ Բագրատյանն իր կուսակցությամբ: Բագրատյանի կուսակցության վարչության նիստում վերջնական որոշում չի կայացվել, որոշ լուրերով, նա դեմ չէ ազատականների միասնությանը: Բագրատյանին միավորվելու ցանկություն է հայտնել նաեւ Կանաչների միությունը եւ նման այլ փոքրիկ ՀԿ-ներ:



 



Երեկ պարզեցինք, որ «Ժառանգությունից» նույնպիսի անհեթեթ առաջարկ է եղել նաեւ Արամ Սարգսյանին, եւ թերեւս այդ պատճառով «Հանրապետություն» կուսակցությունը երեկ հայտարարեց, որ չի մասնակցի ավագանու ընտրություններին, քանի որ «Ազատության հրապարակում դեռ վիճարկում են նախագահի ընտրությունները»: Մինչ հայտարարությունը «Ժառանգությունից» ոչ թե կուսակցական մակարդակով էին ավագանու ընտրությունների մասնակցության համագործակցության առաջարկ արել, այլ ընդամենը Արամ Սարգսյանին առաջարկել էին, որ իր կուսակցությունից երկու հոգու ներկայացնի նախաձեռնվող միասնական ցուցակում ընդգրկելու համար: Բնականաբար, Արամ Սարգսյանը չէր կարող նման անպատվություն հանդուրժել: «Հանրապետության» ներկայացուցիչ Լյովա Եղիազարյանը, բնականաբար, հերքեց այս լուրերը, նշելով, որ չմասնակցությունը միայն նպատակ է հետապնդում չխանգարել հետընտրական շարժումը: Դիտարկմանը, թե, փաստորեն, Րաֆֆի Հովհաննիսյանից շատ եք մտածում շարժման մասին, չէ՞ որ նա կողմ է այս ընտրություններին, Եղիազարյանը հակադարձեց. «Իսկ ո՞վ ասաց, որ Րաֆֆին ճիշտ է»:



 



Պարզեցինք նաեւ, որ «Ժառանգության» առաջարկին նախնական համաձայնություն տված  «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը եւս հրաժարվում է «Ժառանգության» հետ դաշինքից: Գիմիշյանը պարզաբանեց. վարչությունը հետեւյալ որոշումն էր կայացրել, որ տեղում, ելնելով նպատակահարմարությունից, ինքը՝ Գիմիշյանը, պետք է որոշում կայացնի, բայց քանի որ հիմա ոչ «Հանրապետությունն» է միավորվում, ոչ ՀԺԿ-ն եւ ոչ էլ մյուսները, անիմաստ է իրենց նման փոքր կուսակցության միավորումը:



 



Մինչդեռ Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը երեկ որոշում կայացրեց, որ, «հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նպատակահարմար է համարում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցությունն ընդդիմադիր միասնական ճակատով՝ համախմբված ըմբոստացած ժողովրդի շուրջ, մյուս կողմում թողնելով Հանրապետական կուսակցությանն իր կցորդների հետ, ինչը կարող է բերել սահմանադրական կարգի հաստատման, պայքարի նոր փուլի հաջողության»: