Ազատության հրապարակում կձեւավորվի կառավարություն

Ազատության հրապարակում կձեւավորվի կառավարություն
Նախագահական ընտրություններից հետո ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը ձեռնամուխ է եղել կառավարության ձեւավորմանը: Ժողովրդի քվեին արժանացած Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ իր «նստավայրում» միտինգ էր հրավիրել, որի ժամանակ հրապարակվեց Ազատության հրապարակի կուլիսներում օրեր շարունակ քննարկվող ծրագիրը, այն է՝  հրապարակում ձեւավորել գործադիր, օրենսդիր իշխանություն:



 



Այսօրվանից քաղաքացիական խորհրդի  քննարկումներ կսկսվեն, որոնք նոր ընթացք են  հաղորդելու պայքարին: Ծրագիրը հրապարակեց Նիկոլ Փաշինյանը՝ առաջարկելով հնարավորինս արագ սկսել նոր իշխանության շուրջ քննարկումների շարք, որ մարդիկ իրենց պատկերացումները ներկայացնեն նոր իշխանության ձեւավորման սկզբունքների մասին: Քաղաքացիական խորհրդի առաջին հանդիպումը վարելու է Փաշինյանը՝ կիրակի, 17:00-18:30-ը: Երկուշաբթի օրը խորհրդի բանախոսը լինելու է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Յուրաքանչյուր օր բանախոսներն իրենց առաջարկներով են հանդես գալու, որից հետո դրանք քննարկվելու են խորհրդի մասնակիցների կողմից: Սա ժողովրդի կողմից ընտրված այլընտրանքային իշխանության միակ անելիքը չէ, Սերժ Սարգսյանից հետ չեն մնալու նաեւ ինաուգուրացիայի հարցում: «Ապրիլի 9-ին հարյուր հազարավոր մարդիկ պետք է հավաքվեն հրապարակում եւ իմաստազրկեն Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը՝ ցույց տալով, թե ով է ընտրված նախագահը»,- ասաց Փաշինյանը՝ առանց փակագծերը բացելու:



 



Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ այդ հարցը կքննարկեն  հաջորդ հանրահավաքներից մեկի ժամանակ: Եվ այս ծրագրի հաջողության գրավականը որքան հնարավոր է՝ շատ մարդ հրապարակ բերելն է: Թե պայքարի քաղաքակիրթ մեթոդներն ապրիլի 9-ին քանի մարդու կբերեն Ազատության հրապարակ, հայտնի չէ, սակայն ակնհայտ էր, որ առավել արմատական տրամադրվածների սպասելիքները չարդարացան: Նրանք դժգոհությամբ ունկնդրեցին, թե ինչպես չի կարելի «ամոթ» եւ այլ վանկարկումներ անել  իշխանության հասցեին, ով գողացել է ժողովրդի քվեն:  Միայն արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն արժանացավ հանդիմանության: «Այդ դատարանին տվել էինք վերջին հնարավորությունը` տալ իսկապես սահմանադրական որոշում, սակայն այն տապալեց իր վերջին հնարավորությունը: Դուք գիտեք իմ բնավորությունը. ես հարգում եմ բոլորին, նույնիսկ իմ ընդդիմախոսներին, բայց այս դեպքում, հազար ներողություն` չեմ կարող չասել իմ բարեկամին` Հրայր Թովմասյանին. ի՞նչ գործ ունի արդարադատության նախարարը, որ պաշտպանում է մի թեկնածուի, որը չունի ժողովրդի քվեն: Ցավում եմ, Հրայր... Միայն ցավում եմ, ոչ մի ամոթ»,-ասաց արեւմտամետ առաջնորդը:



 



Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններին, ապա նա հայտարարեց, որ նույն սկզբունքով, ինչպես որ մասնակցեցին ՀՀ նախագահի ընտրություններին, երբ շատերը չհավատացին ժողովորդին, նույնկերպ էլ մասնակցելու են ավագանու ընտրություններին. «Մեր ցուցակը հաջորդ շաբաթ կրելու է մեր հաղթանակը, ու Երեւանի քաղաքապետը լինելու է մեզնից մեկը, դա ես չեմ լինելու, եւ ոչ թե վերցնելու ենք քաղաքը, այլ տոնելու ենք հայ ժողովրդի հաղթանակը: Մանրամասների համար սպասեք մինչեւ մյուս հաղթահավաքը»: Անդրադարձ եղավ նաեւ ԵԺԿ-ին անդամակցությանը. «Եթե սա է Եվրոպան, մեզ բնավ պետք չէ: Ես քննադատեցի Մարթենսին ՀՀԿ նախորդ համագումարում իր քիթը մեր ներքին գործերի մեջ խոթելու համար»,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ում խոսքով, նախագահի ընտրությունից հետո շնորհավորելով Սերժ Սարգսյանին, նա կեղծել է եվրոպական արժեքները: «Ինքն ի՞նչ գիտի, որ ես նախատեսել էի 20 տոկոս եւ հիմա ուրախ պետք է լինեմ 37-ով: Դա ո՞ւմ հուշումն է… Եթե Մարթենսի նամակը դառնա ԵԺԿ ընդհանուր, ինստիտուցիոնալ, համակարգային դիրքորոշումը, «Ժառանգությունը» կվերանայի իր անդամակցությունն այդ կեղծ, հակաեվրոպական կազմակերպության մեջ»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: