Զորակցության ստորագրահավաք Ազատության հրապարակում

Զորակցության ստորագրահավաք Ազատության հրապարակում
«Այս օրերի ընթացքում այստեղ հավաքվածների մտածողությունն է մի տեսակ փոխվել: Րաֆֆի Հովհաննիսյանը մեզ ավելի բարի է դարձրել, ավելի լավը: Մեզ համար դեռ անսովոր է այսպես պայքարելը, բայց զգում եմ, որ ուրիշ եմ դարձել եւ այստեղից տուն եմ գնում դրական լիցքերով»,- ասում է ամեն օր Ազատության հրապարակ եկող Գեղեցիկ Խաչատրյանը:



 



Իսկ երեկվա ամենաուշագրավ իրադարձությունը հանրահավաքից առաջ, Ազատության հրապարակում քաղաքացիների նախաձեռնած ստորագրահավաքն էր: Ժամը 15-ից սկսած՝ ստորագրողների հերթը չէր դադարում: Ստորագրահավաքի երեք սեղանների վրա դրված էր «Սատարում եմ Նոր Հայաստանի պայքարին» խորագրով տեքստ. «Ես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, ողջունում եմ Հայաստանի Հանրապետություն նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը հանուն հայ ժողովրդի հաղթանակի վավերացման եւ համազգային մեր վերածննդի: Ես պատրաստ եմ անմնացորդ զորակցելու Հովհաննիսյանին՝ իր եւ մեր նվիրական պայքարում, ինչպես նաեւ մասնակցելու ս. թ. ապրիլի 9-ին տեղի ունենալիք Նոր Հայաստանի երդմնակալության արարողությանը»: Քաղաքացիներն ընթերցում էին եւ ստորագրահավաքի համար նախատեսված թերթիկները լրացնում՝ գրելով անուն-ազգանուն, հասցե, հեռախոսահամար, եւ ստորագրում:



 



Կեսօրին մեկ օրով հացադուլին միացավ նաեւ բանաստեղծ, հրապարակախոս Վիոլետ Գրիգորյանը, որ նստել էր նստացույց անող երիտասարդների մոտ՝ Օպերայի շենքի աստիճանների վրա: «Հացադուլ եմ անում ի զորակցություն, ի սատարում Րաֆֆի Հովհաննիսյանի: Սա ընդամենը խորհրդանշական ժեստ ա, մեջն առանձնապես ոչ անձնազոհություն, ոչ էլ մի դժվարին, բարդ բան կա: Ես ուղղակի ուզում էի մի ձեւի, մի արտահայտություն ունենայի: Ուրախ կլինեմ, որ մյուսներն էլ իրանց արտահայտվելու ձեւը գտնեն, որովհետեւ շատերը փնտրում են ինչ-որ ձեւեր, լավ չեն պատկերացնում, թե ինչ կարելի ա անել, կարող են իրանք էլ գտնել իրանց ուզած ձեւը»,- պատճառաբանեց Վիոլետ Գրիգորյանը: Իսկ երիտասարդներից Բայանդուր Պողոսյանը, որ արդեն 6-րդ օրն էր հացադուլ անում, գրեթե անուժ պառկած էր աստիճանների վրա եւ կեսօրվա արեւից պաշտպանվում էր հովանոցով:



 



Հանրահավաքին կային նաեւ մեզ ծանոթ մարդիկ այլ ընդդիմադիր կուսակցություններից, անգամ Սերժ Սարգսյանին ընտրածներ, որոնք եկել էին չարախնդալու, ինչն էլ անում էին քթների տակ, քմծիծաղում ելույթ ունեցողների խոսքի վրա ու զավեշտով ընդգծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դարձյալ գործնական ու կտրուկ քայլերի չի դիմում:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ