Պոլսեցի լրագրողն ու GALLUP-ը

Պոլսեցի լրագրողն ու GALLUP-ը
Հայաստանում մնա՞ց մեկ մարդ, որ Gallup կազմակերպության վերջին հայտարարությունից հետո էլ հավատում է նրա անկեղծությանը կամ պրոֆեսիոնալիզմին: Հիմա արդեն վերջնականապես հասկանալի է, որ Gallup կոչված այս ՍՊԸ-ն կամ, ինչպես ասում են, սրա hայաստանյան գրասենյակը, թվանկարչական մի խմբակ է, որն ուղղակի փորձում է կեղծ պատկերների միջոցով ապակողմնորոշել մեր հասարակությանը: Օրերս հրապարակված թվերը դրա վառ վկայությունն են:



 



Մի կողմ թողնելով մյուսներին, որոնց, իբր, հարցվածների մի չնչին տոկոսն է տեսնում քաղաքապետի պաշտոնում, երկու խոսք ասենք Տարոն Մարգարյանի մասին, ում հաղթանակը Gallup-ը 60 տոկոս է գնահատել: Համենայնդեպս, ըստ Gallup-ի, հարցվածների (1060 մարդ) 60 տոկոսը նրան է ուզում տեսնել քաղաքապետի պաշտոնում: Այս խայտառակ թիվը հնչեցնելուց հետո Gallup-ի ներկայացուցիչը շտապել էր արդարանալ՝  հարցվածները գնահատել են ոչ թե այն քաղաքական ուժին, որը ներկայացնում է Տարոն Մարգարյանը, ոչ թե քաղաքական գործիչ Տարոն Մարգարյանին, այլ, իր բառով՝ «хозяственник» Տարոն արգարյանին: Փաստորեն, մեր քաղաքացիները դեռ այն մակարդակին են մնացել, որ քաղաքապետը, առավել եւս մայրաքաղաքապետը պետք է լավ փողոց մաքրող լինի, աղբ թափող, վառված լամփուշկա փոխող, ինչպես դպրոցի լավ տնտեսվարը, ով ձեռքի հետ էլ տիրություն է անում, որ դպրոցի պահակը չքնի պոստի վրա: Սրա՞նք են քաղաքապետի, տվյալ դեպքում լավ քաղաքապետի բնորոշիչները, որոնցով նա 60 տոկոս է խփելու:



 



Մեր կարծիքով, սակայն, Gallup-ն այս պրիմիտիվ հնարքով ուղղակի փորձ է անում հասարակությունից թաքցնել կամ նրա աչքից հեռու պահել այն հսկայական քաղաքական նշանակությունը, որ ունի Երեւանը Հայաստանի, ինչու չէ՝ նաեւ ողջ հայության համար: Ասես պատահաբար, Էդուարդ Շարմազանովն էլ մի առիթով ասել էր՝ Երեւանի ընտրություններն այնպիսի ընտրություններ են, որոնք կապ չունեն ոչ Ղարաբաղի հարցի, ոչ հայ-թուրքական պրոտոկոլների հետ: Ուզում է ասել՝ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ հեշտ չի լինի իշխանություններին ու նրանց վարած քաղաքականությունը քննադատել: Ծիծաղելի է իհարկե, բայց կա՞ արդյոք մի ոլորտ, որտեղ իշխանությունը հաջողել է եւ հաջողել է այնպես, որ հնարավոր չէ նրան, ինչպես հարկն է, դեմ տալ պատին:



 



Մենք պարոն Շարմազանովին պարզապես կխնդրեինք Ամիրյան փողոցի աջ մայթով հրապարակից քայլել դեպի Մաշտոցի պողոտա եւ նայել դիմացի մայթի շենքերի տանիքներին: Այն, ինչ կտեսնի ՀՀԿ խոսնակը, միանշանակ է, ՀՀԿ-ի եւ ՀՀԿ-ական քաղաքապետների ձեռագիրն է: Դա, հասկանալի է, Արցախի հարցի եւ Գյուլին Երեւան հրավիրելու հետ կապ չունի, բայց, Շարմազանովն էլ կհամոզվի, պակաս այլանդակություն չէ, քան Գյուլին Երեւանում պատիվների արժանացնելը:



 



Եվ ապա, եթե Երեւանի քաղաքապետը «хозяственник»-ի պաշտոն է ընդամենը, կարո՞ղ են Gallup-ն ու Շարմազանովը մեզ բացատրել, թե ինչու է ՀՀԿ-ն ամեն անգամ գլուխ ջարդում, որ բացարձակ մեծամասնություն կազմի Երեւանի ավագանիում եւ ինքը նշանակի քաղաքապետին: Օրինակ՝ ի՞նչ պակաս քաղաքապետ կլինեն կամ, ավելի ճիշտ, ի՞նչ պակաս «хозяственник» են Գագիկ Ծառուկյանը՝ հաջողակ գործարարի իր համբավով, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ազնիվ սփյուռքահայի իր կերպարով, Հրանտ Բագրատյանը՝ իր 100 քայլով, որի առնվազն 50-ը կարելի է Երեւանում կատարել, եւ այլն, եւ այլն:



 



Ո՞վ է լավ «хозяственник»-ը, վերջապես, եթե ոչ նա, ով կարողանում է, քիչ միջոցներ վատնելով, շատ գործ անել: Տարոն Մարգարյանի պարագայում, կարծում ենք, այս մասին նույնիսկ խոսք լինել չի կարող, որովհետեւ նա ծախսելիս մասշտաբային է, իսկ արդյունքների գծով՝ խիստ համեստ: Ամանորի զարդարանքները Երեւանը դարձրել էին չինական պրովինցիայի գյուղաքաղաք, եւ միայն ես չէ, որ ասում եմ այդ մասին: Կարելի է հիշել նաեւ գործող «хозяственник»-ի շատ այլ «հաջողություններ» եւս, բայց, ինչպես տեսնում եք, դա չէ մեր այսօրվա նյութի թեման:



 



Եվ, ուրեմն, ինչո՞ւ է Gallup-ն ինքնագլուխ խախտում իր գործունեության շրջանակները եւ սոցիոլոգիական հարցումից դուրս նաեւ քարոզչություն անում իշխանությունների օգտին՝ կանխակալ տրամադրություններ ստեղծելով ընտրություններից առաջ: Ու նաեւ հարց է, թե այդ ինչպե՞ս է պատահել, որ Gallup-ի ու ՀՀԿ-ի կարծիքները նույնացել են այն հարցում, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունները Քոլագերան գյուղի ընտրություններից շատ էլ չեն տարբերվում, ու ընդդիմությունը հնարավորություն չունի քաղաքական քննադատություն ուղղել իշխանություններին եւ նրանց թեկնածուներին:



 



Դժվար չէ գլխի ընկնել, իհարկե, բայց մի պատմություն մեզ ավելի կօգնի այդ հարցում: Աբիսողոմ աղան, համապատասխան վճարի դիմաց, ցանկանում է, որ պոլսեցի լրագրողն իր ապագա ակնարկի մեջ, ի թիվս աղայի մյուս բարեմասնությունների, գրի նաեւ նրա ունեցած ավանակների, խոզերի եւ ագարակների մասին: Gallup-ը, ինչպես տեսնում ենք, ջանք չի խնայել:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ