Չկա նախկին էնտուզիազմը

Չկա նախկին էնտուզիազմը
«Ժառանգություն» կուսակցությունը քաղաքականության մեջ մի քանի նորամուծություններ մտցրեց: Նախ թշնամու հետ բարեկամի լեզվով շփվելու կուլտուրան ներմուծեց՝ երբ հակառակորդի հետ քաղաքակիրթ ու սիրալիր խոսքն է կիրառվում, այլ ոչ թե հայհոյանքն ու պարսավանքը, որին մենք սովոր էինք մինչ օրս:



 



Բացի այդ. ընդդիմությունը ցույց տվեց, որ գործող իշխանության հետ զուգահեռ կարող է կառավարություն ձեւավորել՝ նախարարներ նշանակել, հրամանագրեր արձակել, ինչպես նաեւ կազմակերպել երդմնակալության արարողություն: Ճիշտ այնպես, ինչպես պաշտոնապես հաղթած թեկնածուն է պատրաստվում անել: Սակայն որքան էլ  «Ժառանգությունը» քաղաքակիրթ պայքար մղի իշխանության դեմ, մեկ է՝ մեզանում բոլորը գիտեն, որ ընդդիմությունն ընդդիմություն չի դառնա, քանի դեռ չի հալածվել, քանի դեռ բանտերով ու ընդհատակով չի անցել:



 



Եվ քանի որ ժպտացող ու քեզ «պարոնով» դիմող ընդդիմությանը դժվար է հալածելը, բանտ նետելը, ուստի ընդդիմությունն ինքն ընտրեց ինքնակտտանքների ճանապարհը: Հացադուլ, ջրադուլ, օրերով հագուստ չփոխել, նորմալ անկողնում չքնել եւ այլն, իսկ վերջին օրերին էլ ավելի քան երկու հարյուր կիլոմետր ճանապարհը ոտքով կտրելն ու Ազատության հրապարակ հասնելը` ընդդիմության առաջնորդի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Սա մի կողմից անհասկանալի է, քանի որ ոչ ոք նրանց ճանապարհը կարծես թե առայժմ չի փակել, եւ հանգիստ կարելի էր մեքենաներով գալ Երեւան: «Ժառանգությունում» դա մեկնաբանում են սիմվոլիկ լինելու տեսանկյունից՝ ուխտագնացության պես մի բան: Հույս ունեին, որ 2 օր ոտքով ճանապարհ գնալը ձնագնդիի էֆեկտ կունենա, եւ Գյումրիից մինչեւ Երեւան այդ զանգվածը կբազմապատկվի, սակայն ժամանակները փոխվել են, մարդիկ՝ ծուլացել: Եվ չկա նախկին էնտուզիազմը: