Վերհիշելով մարտի 1-ը

Վերհիշելով մարտի 1-ը
Մարտի 1-ի թեմայով, բացի զգացմունքային, պաթետիկ հրապարակումներից, լուրջ վերլուծություններ, պատճառների խորքային բացահայտումներ թերեւս չեն եղել: Ինչո՞ւ հնարավոր չեղավ խուսափել զոհերից:



 



Ինչո՞ւ իշխանությունն այդքան դաժան գտնվեց, որ կրակեց իր ժողովրդի վրա եւ այնքան անփույթ գտնվեց, որ չկարողացավ կանխատեսել դրա հետեւանքները պետության համար: Որտե՞ղ էին մարտի 1-ին մեր բարձրաստիճան պաշտոնյաները, նույն ինքը՝ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահը, կաթողիկոսը, մյուսները: Չէ՞ որ կարելի էր առճակատումը թուլացնել, իրավիճակը լիցքաթափել՝ այնպես անել, որ զոհեր չլինեին: Որքան էլ ծաղրենք Վովա Գասպարյան-Րաֆֆի Հովհաննիսյան «համատեղ աղոթքը», պետք է արձանագրենք, որ ոստիկանապետի այցը մի բան էր նշանակում՝ իշխանությունը չի ուզում կրակել, այլ անկորուստ ելք է փնտրում իրավիճակից: Եթե 2008-ի մարտի 1-ին որեւէ բարձրաստիճան պաշտոնյա դուրս գար իր կաբինետից եւ գնար ժողովրդի մոտ, խոսեր առաջնորդների հետ, իր անձով ու իր ներկայությամբ փորձեր լիցքաթափել, չէին լինի զոհերը:



 



Այդ օրն անձամբ ես ժամը 19-22:00-ն հեռախոսով խոսել եմ մեծ թվով պաշտոնյաների հետ՝ սկսած Վճռաբեկ դատարանի, Վերահսկիչ պալատի նախագահներից, վերջացրած նախարարներով ու պատգամավորներով, նաեւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի մամուլի խոսնակի միջոցով եմ խնդրանքս հաղորդել: Փորձում էի անհանգստությունս փոխանցել, հաղորդել, թե ինչ է կատարվում Շահումյան հրապարակի մերձակայքում: Միամտաբար կարծում էի, թե բավարար տեղեկացված չեն, եւ եթե համոզեմ, որ իրենց ներկայությունը կարող է լիցքաթափել իրավիճակը, միգուցե նրանցից մեկն արձագանքի եւ գնա ու կանգնի զորքի ու ժողովրդի միջեւ: Գուցե որեւէ մեկը փորձի իր մարմնով կանխել կատարվելիք ողբերգությունը: Ավաղ: