Ինչպես ընտրել

Ինչպես ընտրել
Նախագահական ընտրությունների հետեւանքները մեզ դեռ թույլ չեն տալիս կենտրոնանալ Երեւանի ավագանու ընտրությունների վրա:



 



Թեեւ դրանց հետին պլան մղվելուն հնարավորինս նպաստեցին նաեւ մեր ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք ոչ կարողացան համախմբվել, ոչ էլ իրենց ցուցակներում ընդգրկեցին քաղաքական դեմքեր ու առաջնորդներ՝ դրանով ավագանու ընտրությունները թերագնահատելու սկիզբը դնելով: Այնուամենայնիվ, սկսվել է նախընտրական քարոզչությունը, եւ մայիսի 5-ին մենք ստիպված ենք լինելու կատարել մեր ընտրությունը: Ի՞նչ չափանիշներով պետք է առաջնորդվի ընտրողն այս պարագայում, երբ երկրում այսպիսի խառնաշփոթ է: Երբ մեկն ասում է, որ սրանք քաղաքական ընտրություններ են, մյուսը պնդում է, որ մենք ընդամենը տնտեսվար ենք ընտրում:



 



Մեկը պնդում է, որ սրանով պետք է վերջ տալ Հանրապետականի մոնոպոլիային, մյուսը խոստանում է լուծել մայրաքաղաքի բազում խնդիրները: Մեկն ասում է՝ ընտրեք ցուցակի առաջին դեմքին, մյուսը վստահեցնում է, որ իրենք թիմով են գալու իշխանության: Եվ գլխավոր հարցը՝ արդյո՞ք սա համապետական միջոցառում է, որը կարող է նպաստել երկրում իշխանափոխությանը, թե՞ Տարոն Մարգարյանի քաղաքապետ դառնալը ոչ մի կապ չունի Սերժ Սարգսյանի իշխանության մնալ-չմնալու հարցի հետ: Ի՞նչ կարելի է այս խառնաշփոթի մեջ խորհուրդ տալ ընտրողներին: Նախ, պետք է արձանագրենք, որ Երեւանը Հայաստանի կեսն է, Երեւանի քաղաքապետը՝ երրորդ-չորրորդ մարդը հանրապետությունում՝ իր կշռով, իր ազդեցությամբ, լծակներով:



 



Պետք է արձանագրել, որ լիարժեք աշխատող քաղաքապետն ու քաղաքապետարանը կարող են երկրում մթնոլորտ փոխել: Արդարության, հավասարության, բարեխղճության օրինակ ցուցադրել: Եվ մի բան էլ. եթե վերեւից չի ստացվում, ուրեմն ներքեւից է հարկավոր մեխանիզմները գործի գցել: