«Անուշ» օպերան` հայ-ֆրանսիական մեկնաբանությամբ

«Անուշ» օպերան` հայ-ֆրանսիական մեկնաբանությամբ
Հայաստանի Հանրապետության մշակույթի և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունները, «Դելտա քալչր» ասոցիացիան, «Նանտեռի Ամանդյե» թատրոնը, Օ-դը-Սենի գլխավոր խորհուրդը համատեղ հանդես են գալիս «Անուշ» օպերայի նոր բեմադրությամբ: Նախագծի առաջնախաղը Երևանում կկայանա  ապրիլի 26-ին, 27-ին, մայիսի 3-ին, 4-ին, ժամը 19:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Փարիզում «Անուշը» հանդիսատեսի դատին կհանձնվի մայիսի 22-26-ը, «Նանտեռի Ամանդյե» թատրոնում:



Հովհ. Թումանյանի և Ա. Տիգրանյանի ստեղծագործությանը հայ-ֆրանսիական նախագծում տրվել է ժամանակի շունչ և նոր լուծումներ: Անուշի դերում հանդես է գալիս Սոֆյա Սայադյանը, Սարոյին մարմնավորում է Լիպարիտ Ավետիսյանը, Մոսիին՝ Գուրգեն Բավեյանը, Անուշի մորը՝ Քրիստինա Սահակյանը, Սարոյի մորը՝ Լիլիթ Սողոմոնյանը: «Անուշ» հայ-ֆրանսիական օպերային մասնակցում է նաև «Հովեր» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյան):

Լիբրետոյի հարմարեցումը և բեմադրությունը Սերժ Ավեդիկյանինն է, խորեոգրաֆիայի, բեմի ձևավորման և հագուստների հեղինակը՝ Նիկոլյա Մյուզեն, լուսային ձևավորումը Ժան-Մարկ Սկաչկոյինն է, գործիքավորումն ու երաժշտության վերամշակումը՝ Անահիտ Սիմոնյանինը: Բեմադրության դիրիժորն է Վահան Մարտիրոսյանը:

«Անուշ» օպերան առաջին անգամ բեմադրվել է 1912 թվականին՝ անցնելով երկար ու հարուստ ճանապարհ: