Ավտոբուսն ու Ադիբեկյանը

Ավտոբուսն ու Ադիբեկյանը
Լրագրող Սեւակ Հակոբյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում մի մանրապատում էր տեղադրել՝ ինձ հետաքրքիր թվաց. «Այսօր 57 համարի ավտոբուս բարձրացավ ալամ աշխարհի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:



 



Լիքն էր ավտոբուսը, նստելու տեղ չկար: Ջահելներ կային նստած: Մարդիկ, ովքեր ճանաչեցին (դե, էս վերջերս պիլեսոսն էլ միացնում ես՝ Ադիբեկյան ա «քաշում», ամեն տեղ ինքն է, ու համարյա բոլորն էլ ճանաչեցին), զարմացած նայում էին: Բայց 70-ն անց էդ մարդուն ոչ մեկը նստելու տեղ չտվեց: Մի քանի րոպե կանգնելուց հետո նա դժգոհեց. «Էս ի՜նչ ջահելություն ա, հարգանք չկա»: Կողքի երիտասարդը, որը զիջելու ամենահավանական թեկնածուն էր, զարմացավ. «Ես գիտեմ Ձեզ էնքան փող են տվել, որ տաքսիով եք ման գալիս»: Ադիբեկյանը, թե՝ դատի կտամ, որ զրպարտում ես: Երիտասարդն էլ, թե՝ ես արտահայտում եմ իմ կարծիքը, բացի էդ՝ իրավաբան եմ ու գիտեմ, որ որեւէ օրենք չեմ խախտում սրանով: Ադիբեկյանին այդպես էլ տեղ չտվեցին:



 



Այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ որեւէ ուղեւոր Ադիբեկյանին չպաշտպանեց, ուրիշ դեպքերում տարեցները կմիանային ու կսկսեին փնովել մեր սերնդին, որ հարգանք չունի մեծերի նկատմամբ, բայց էս պարագայում կարծես բոլորի սրտից էր Ադիբեկյանի կանգնած երթեւեկելը: Խնդրեմ, մի ավտոբուս, թող որ 30 հոգի տեղավորի, բայց որեւէ մեկը պրոիշխանական սոցիոլոգին չի ընդունում: Ավտոբուսի մասշտաբով էլ հաշվենք ողջ հանրապետությունը (դե, մի ավտոբուս մարդ ենք մնացել): Սա եւս վկայում է, թե իշխանությունն իրականում քանի պաշտպան ունի ամեն 30 հոգու մեջ: Մի հատ էլ հետազոտություն արեք, պարոն Ադիբեկյան՝ պարզելու, թե ինչպիսի ջահելություն ունենք: Վստահ եմ, որ իշխանական թեւի ջահելությունն ավելի կուլտուրական դուրս կգա՝ թաղի խուժան-մուժաններն էլ՝ հետը, քան ոչ հանրապետական մահկանացուներս»: