Սամվել Բալասանյան. «Տեսախցիկներ եմ դնելու»

Սամվել Բալասանյան. «Տեսախցիկներ եմ դնելու»
Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի կրթության բաժնում եւ  նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ ՀՈԱԿ-ներում իրականացվող տեսչավորման եւ ուսումնասիրության արդյունքների  մասին  այսօր Գյումրու քաղաքապետարանում  ներկայացվեց ամփոփ  տեղեկատվություն, որին մասնակցում էին նաեւ  մանկապարտեզների տնօրենները, քաղաքապետարանի կրթության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար  Արմեն Նախշքարյանը: Ստուգումները 3 տեսակի են եղել, տեսչավորվել են 2 մանկապարտեզ, ուսումնասիրվել  22 մանկապարտեզներ եւ մի առանձին խումբ ուսումնասիրել է քաղաքապետարանի կրթության բաժնի աշխատանքները:



ՀՀ կրթության պետական տեսչության վերլուծության եւ գնահատման բաժնի պետի տեղակալ  Գայանե Սահակյանի խոսելով, «Էս ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններ ընդգրկված  երեխաների հաշվառում ընդհանրապես  չի արվել:  Սակայն մինչեւ ուսումնասիրության ավարտն արդեն կրթության բաժինը ներկայացրել է մանկապարտեզներ ընդգրկված երեխաների անուն-ազգանունը»:



Հանրակրթության տեսչավորման բաժնի գլխավոր մասնագետ  Գայանե Մարտիրոսյանի խոսքերով տեսչական ստուգումներն իրականացվել են «Անի պարտեզ» եւ «Ձյունիկ» նախադպրոցական ուսումնական հաստատություններում, որոնցում շենքային պայմանները բավարար են եղել:



«2 մանկապարտեզներն էլ չեն ունեցել շենքային սեփականության վկայական: «Անի պարտեզ» մանկապարտեզում բացակայում էր աշխատողների ներքին կարգապահական կանոնները: Հաստատություններին չի հատկացվել մեկ դրույք տնտեսվարի հաստիք: Դրա արդյունքում կամա, թե ակամա այդ գործառույթն իրականացրել է տնօրենը: Գիշերապահի հաստիք է հատկացված եղել մանկապարտեզներին, սակայն մեր՝ 9, 10 ժամյա աշխատող մանկապարտեզներին այդպիսի հաստիք չի հատկացվում»,- հայտարարեց Գ.Մարտիրոսյանը:



Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանն էլ նշեց, որ գիշերապահը հատուկ երկարօրյա դպրոցների համար է նախատեսված, երբ նա մնում է գիշերը երեխաներին խնամելու:  «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական եւ սպասարկող կազմը մեր կանոնադրությամբ պարտավոր է տարեկան երկու անգամ ենթարկվել բժշկական քննության, որի ծախսերը պետք  է հոգա հիմնադիրը: Սակայն տարիներ շարունակ մանկավարժական եւ սպասարկող կազմն իր միջոցներով է դա արել:  Փոխարինողների հետ կապված խնդիրներ կան, երբ փոխարինողներ չեն հատկացվում, երբ դաստիարակները բացակայում են»:



Ըստ բանախոսի «Ձյունիկ» մանկապարտեզում 4 դպրոցահասակ երեխաներ են մանկապարտեզ հաճախել: «6 տարեկան երեխան, սակայն պետք է լինի դպրոցում: Մանկապարտեզներում պետք  է ճիշտ կազմվի տարեկան աշխատանքային պլանները»:



Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ ասաց. «Գիտե՞ք ինչ, ինձ մի բան է հետաքրքրում: Մայիս-հունիս ամսից մինչեւ հոկտեմբերը ինչքան մարդ է ընդունվել մանկապարտեզներում աշխատելու, արդյո՞ք նրանք մասնագետներ էին եւ այդքան գումար տարվեց բյուջեից: Եվ ասեք, որ մայիսից աշխատավարձ չէր վճարվել նախակրթարաններին մինչեւ հոկտեմբերի 11-ը: Այ դրանք ասեք, որ հասկանալի լինի, ինչ փոփոխություններ եւ բարեփոխումներ են եղել, որ չասեն, սրանք եւ նրանք, դրանք եւ նրանք, տարբեր չգիտես ինչեր, որակավորումներ տան, թեկուզ եւ նախակրթարանի տնօրենները, թե ինչքա՞ն մարդիկ են ընդունել, որպեսզի մեր ժողովուրդը հասկանա, թե ինչ է կատարվում: Կներեք էմոցիայի համար, բայց ստիպված էի ասել, որովհետեւ....»:



Ա.Կարապետյանն ասաց, որ ցավոք իրենք ֆինանսական հարցերի վերաբերյալ  լիազորություններ չունեն խոսելու, սակայն ոչ ավագանին, ոչ էլ որեւէ մեկը չի հաստատել, թե յուրաքանչյուր մանկապարտեզում ծնողներից որքան գումար է  հավաքվում: «Թվով 36 մարդ չպիտի աշխատեն, որպես դաստիարակ Գյումրու մանկապարտեզներում, քանի որ համապատասխան կրթություն չունեն: Ինչպե՞ս կարելի է մանկապարտեզի տնօրենը բարձրագույն կրթություն չունենա»,- ասաց Ա.Կարապետյանը:



Հանրակրթության տեսչավորման բաժնի գլխավոր մասնագետ Թերմինե Կարախանյանն էլ նշեց, որ յուրաքանչյուր մանկապարտեզի ստուգումների վերաբերյալ տեղեկանքներ են կազմվել: «Կային կանոնադրությունների անհամապատասխանություն օրինակելի կանոնադրությանը: 22 մանկապարտեզների անունով էլ ամրագրված չեն անշարժ գույքի իրավունքները: Թվով 17 մանկապարտեզներում ներքին աշխատանքային կանոնադրությունները բացակայել են: 223 դաստիարակներից 96-ը վերջին տարիներին չեն վերապատրաստվել, 22 տնօրենից 5-ի 65 տարին լրացել է, սակայն աշխատանքային պայմանագիրը չի վերանայվել, 1-ը չունի բարձրագույն կրթություն, իսկ թվով 2-ը՝ չունեն համապատասխան աշխատանքային ստաժ: Կան մանկապարտեզներ, որտեղ դաստիարակները չունեն աշխատանքային պլան»:



Նա նշեց, որ  22 մանկապարտեզներում 2500 երեխա է գրանցված եղել, իսկ ուսումնասիրության պահին՝ առկա երեխաների թիվը եղել է 910-ը, 2500 երեխաներից 55-ը 6 տարին լրացած են, 223 դաստիարակից 32-ը չունեն համապատասխան կրթություն եւ աշխատանքային ստաժ:



 



Անահիտ Սիմոնյան