«Ով քնած է, արթուն կացեք ...»

«Ով քնած է, արթուն կացեք ...»
Հոգևոր-մշակութային արժեքների գնահատության չափանիշների չհստակվող ներկա քաոսում  ազգի սերուցքը, ուղեղը  կազմելու կոչված  արդի հայ  մտավորականներից  քչերին է հաջողվում  անդավաճան մնալ  ստեղծագործական ազնիվ  սկզբունքներին ու բարձր նկարագրին։Այդ հատուկենտացող քչերից է վաստակաշատ երաժիշտ Զավեն Վարդանյանը, ով ակնածալի խոնարհումի է արժանի։ Իր դիրիժորական փայտիկով  առեղծվածային մի համառությամբ նա դեռևս չի ընկրկում, երիտասարդական նույն  ավյունով  ընդվզում է խառնածին մեղեդիների հաղթարշավի դեմ՝ չհոգնելով մեր մշակութային խայտաբղետ առօրյան դասական տարաբնույթ  գոհարներով հարստացնելու ջանադրությունից։ Եվ  հոգևոր բարձարժեք սնունդի կարոտ արվեստասերները շարունակում են վայելել   նրա  նախանձախնդրությամբ    մեզանում  առաջին անգամ  հանրային  բարձր հնչողության  արժանացած  դժվարընկալ   ստեղծագործությունների  հանրամատչելի,  կենդանի հմայքը։



Օրերս  «Հայաստանյան պրեմիերաների»  նրա, կարծես՝ ակամա,  մտահղացած  երկացանկում  ( Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» և «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» պասիոնները, «Ծննդյան», «Սուրբ Զատիկի», «Համբարձման» օրատորիաները,  «Մագնիֆիկատը», բազմաթիվ  կանտատները ,   Հայդնի «Աշխարհի ստեղծումը» օրատորիան  և այլն ) հաստատվեց նոր հնչեղ անուն։    ՀՀ  3 կամերային պետական համույթների՝ նվագախմբի (գեղ.ղեկավար՝ Վահան Մարտիրոսյան ), երգչախմբի (գեղ.ղեկավար՝ Ռոբերտ Մլքեյան) և մենակատարների անսամբլի (գեղ.ղեկավար՝ Զավեն Վարդանյան)   կատարողական  ներուժի մեկտեղմամբ կյանքի կոչվեց   երաժշտական հերթական բարդագույն նախագծի՝ Յոզեֆ Հայդնի  «Նելսոն»  կամ «Տագնապալի ժամանակներ»   թիվ 11 ռե մինոր պատարագի (1798թ.) երևանյան պրեմիերան։  Բազմահմուտ  մաեստրոն իր  փորձառու վարույթով    այնպես ներդաշնակ զարգացրեց   «նորահայտ» երաժշտակտավի  թեմատիկ  բացահայտումը, որ  Կոմիտասի անվան  կամերային երաժշտության տան համերգասրահում հավաքված արվեստասերները  մտովի վերապրեցին   Հոբ Երանելու դաժան փորձությունները, վոկալի ու տարատեսակ երաժշտական գործիքների  հնչյունների նրբին համադրությամբ  աննկատ  կլանեցին աստվածաշնչյան  հանրածանոթ կերպարի   «երաժշտական վերընթերցման»  մաքրագործող  ու գոտեպնդող  իմպուլսները։  Ավելին,   նրանք ոչ մի կերպ չէին ուզում համակերպվել  քառաձայն երգչախմբի, չորս մենակատարների   (Մանե Գալոյան – սոպրանո, Գոհար Ազիզյան – մեցցո սոպրանո, Տիգրան Օհանյան – տենոր, Հովսեփ Նշանյան - բաս ) և  2 երաժշտախմբերի «ողջակեզով»  իրենց ներաշխարհը փոթորկելով խաղաղեցրած   նրբահյուս պատարագի  հնչեցման վերջնավարտի իրողության հետ։  Ոչ մի կերպ  չէին ընկալում   նաև նախագծի կայացմանը  «Հարյուր համերգ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին»  համերգաշարի շրջանակներում աջակցած  ՀՀ մշակույթի նախարարության  գործունեության  տրամաբանությունը. ինչպե՞ս,  մի՞թե ընդամենը մեկանգամյա հնչեցման համար են իրենց  ստեղծագործական ու կենսական էներգիան անմնացորդ ներդրել հարյուրավոր հայ երաժիշտներ...  Չէ՞ր կարելի, պահպանելով «100 համերգ՝ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին»  նախաձեռնության  հիմնական ուղղվածությունը, պետական կարգավիճակով հանդես եկող  բազմամարդ երաժշտախմբերի  ազնիվ տքնանքի փայլուն արգասիք այս   խորախորհուրդ երաժշտագոբելենի  երկարակեցությամբ նաև լրջորեն մտահոգվել, խորհրդանշական գումարով ստեղծված հոգևոր արժեքը  համատարած ռաբիսի  հեղձուկից   դիմազրկվող  հանրության  հոգեմտավոր կարեվեր առողջացմանը ծառայեցնել...  Մի՞թե  «մշակութային վերնախավի» գլխավոր նպատակը սոսկ  «մեկանգամյա կիրառության»  երաժշտական / և՝ ոչ միայն.../  թվով  հարյուր  միջոցառումների շարքի կենսագործումն է։    Ի՞նչ է ստացվում, «սուպերմարկետային» մտածողությամբ  ուղնուծուծով  վարակված՝ մեկանգամյա նորահնար ակցիաների  շրջանառությա՞մբ ենք մեր հարգանքի տուրքը մատուցում միլիոնավոր  յաթաղանված նահատակների հիշատակին։   Առավելապես բովանդակազուրկ գեղեցիկ բառերի ու ցիցերոնյան ստահոդ ճառերի մեր ժամանակներում  ե՞րբ  են ի վերջո խաղաղվելու հայտնի հեղաբեկումներով  դեռևս  պղտորված  մեր  հասարակական կեցության, ըստ այդմ էլ՝ գիտակցության  առերևույթ ու ստորջրյա   հեղեղատները։   Ակնկալում ենք,  որ   մեր  համազգային  արնածոր  վերքն,  ի վերջո,   հանուր մարդկության  ամոքիչ  գութին, ուշացած հատուցմանը  կարժանանա, երբ ինքներս  ավելի ու ավելի  ենք տարվում   մեր նախնիների հանդեպ  իրագործված   հրեշավոր  եղեռնագործության  հանրաճանաչման  պաճուճահանդերձ  ձևի, ամենագայթակղիչի ու արտասովորի,    փնտրտուքով։



Ի պատիվ մաեստրո Զավեն Վարդանյանի պետք է խոստովանել,  որ,  Արամ Բեկի գլխավորությամբ  Մեծ եղեռնից  հերոսաբար կռվելով փրկված  զեյթունցի  հայդուկ հոր արժանի զավակը լինելով,  լեզվական արգելքներ չճանաչող  երաժշտարվեստով, թող որ հարյուր տարի ուշացումով, նա   համառորեն և  էապես է նպաստում  իր ժողովրդի  արդար պահանջի արմատավորմանն ու շուտով  բավարարմանը   հանուր մարդկության գիտակցության մեջ։ Եվ նրա անզիջում պայքարի նոր արտահայտությունը եվրոպական հսկայածավալ ռազմաբեմի  անարև թոհուբոհի   ներշնչանքով  ծնված  հայդնյան  պատարագի  ուրույն  մեկնաբանությամբ  Աբբուքիրի ճակատամարտում  ծովակալ Նելսոնի տարած  փայլուն հաղթության (այստեղից էլ պատարագի երկրորդ`  «Նելսոն»  անվանումը ) առանձնակի շեշտադրությունն է։  Ափսոս, որ  երաժշտական այս  իրադարձությանը  հաղորդակցվելու  անմիջական  հնարավորությունից, գովազդային  կիսաձայն, անփույթ  իրազեկման բերումով, հանիրավի  զրկված  էին  մշակութային կենդանի  ապրեցնող լիցքերի կարոտ  անհամար արվեստասերներ։  Հազար ափսոս... Կարծում ենք, դեռ ամենևին էլ ուշ չէ, որ ՀՀ մշակույթի նախարարության արվեստի վարչության երաժշտագետ մասնագետներն ոչ միայն ի պաշտոնե, այլև քաղաքացիական  ու ազգային պարտքի  սրված գիտակցությամբ տարանջատեն պետական լղարիկ բյուջեի տարաչափ հատկացումներով կենսագործված բազմատեսակ համերգային ծրագրերից լավագույնները։ Ոչ միայն մասնագիտական, այլև հանրային անկողմնակալ գնահատությամբ առանձնացնեն ամենաբարձրարվեստներն ու պատշաճ հանրահռչակմամբ  մատուցեն  հայրենակիցների,   ճշմարիտ արվեստասերների առավել հոծ զանգվածներին՝ մշտարթուն պահելով նրանց հիշողության ծալքերում մեր համազգային անտերունչ մորմոքի ցավը, մղեն դրանից ի վերջո  արժանապատվորեն ձերբազատվելու համալիր գործուն  նոր  հնարքների ակտիվ որոնումների։



Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ