ԻՆՉՈՒ՞ ԱՅՍՕՐ ՍԵՎԱԿ ՉՈՒՆԵՆՔ

ԻՆՉՈՒ՞ ԱՅՍՕՐ ՍԵՎԱԿ ՉՈՒՆԵՆՔ

Զրուցում էի մի շատ սովորական մարդու հետ ու նրա մի նախադասությունն ինձ խիստ հուզեց: Ասես մեր ժողովրդի հավաքական մտածողությունը, հոգու ճիչը լիներ: Երկար խոսելուց ու պատասխան չգտնելուց հետո, նա մի տեսակ ընկճված ու հիասթափված ասաց՝ ախր ինչու՞ մենք այսօր Սևակ չունենք: Հարցի մեջ և լաց կար, և տխրություն, և մի անհաս ցանկություն: Զրույցի այս ընթացքն ինձ համար անսպասելի էր: Փորձեցի կրկին անգամ վերհիշել մեր ունեցածը ու կրկին անգամ համոզվել, որ մենք ոչ թե Սևակ, այլ Սևակի ստվեր չունենք: Մեր ունեցածը նյութեղեն, շոշափելի մարդիկ են, ովքեր գրող, երգիչ կամ ինչ որ բան են կոչվում ու լուծվում ժամանակի մեջ: Մեր ունեցածը շաքարավազ է, որ անէանում է աշխարհիկ թեյի բաժակում ու դառնում խմելիք: Մեր ունեցածը իշխանության թեյի համեմունք է, որ յուրատեսակ բույր է տալիս վերևների ռունգներին: Մենք Սևակ չունենք: Եկեք միասին զննենք ու քննենք: Մեր փափուկ մտավորականների գերակշիռ մասն անցել է բարիկադներից այն կողմ ու առանց թաքնվելու քարկոծում է ժողովրդին: Մյուս մասը լռության համար գին առնելով, կծել է լեզուն ու խորհրդավոր լռում է: Մի մասն էլ փող է առել, որ ժողովրդի փոխարեն խոսի: Կան նաև այնպիսինները, որ խոսում են ամեն ինչից, բացի սեփական երկրից ու ժողովրդից: Օրինակ, երբ Հայաստանում մարդ են սպանում, խոսում են ոչ թե Հայաստանի, այլ արաբական աշխարհի տեսարժան վայրերի և այլ երկրների թագավորների մասին: Կան նաև մտածողներ, ովքեր տաբու են համարում քաղաքականությունը ու անգամ ջրհեղեղի ժամանակ իրենց ստեղծած կեղծ նիրվանայից դուրս չեն գալիս: Վտանգավոր են կեղծ հայրենասերները, ովքեր սուր վերցրած ճոճում են այս ու այն կողմ, սրի տակ առնում այն հատուկենտ ազնիվ հոգիներին, որոնք փորձում են ընդվզել: Սրանք բոլորը միասին կոչվում են ինքնապաշտպանական միջոցներ, որոնք կիրառում է մարդ՝ սեփական կյանքի ինքնապաշտպանության կամ բարեկեցության ապահովման նպատակով: Սևակը տասնյակ անգամներ իր ստեղծագործություններում խոսում է կանխահաս անբնական մահվան մասին, իսկ բնական մահը հնարավոր էր համարում միայն արդարությանը միամտաբար հավատալու դեպքում.
Միամիտ եմ դառնում նորից,
Հավատում եմ արդարության,
Ու թվում է, թե ես պիտի
Իմ բնական մահո՜վ մեռնեմ...
Ահա թե ինչու Սևակ չունենք: Չկա այն մեկը, ով ի վիճակի լինի պատկերացնելու, որ ինքը մեռնելու է անբնական մահով, որովհետև ինքը ելնելու է անարդարության դեմ, բոլորը շատ զգուշավոր են, իսկ երբ մեկն անզգույշ բաներ է գրում, ուրիշ բան չեն մտածում՝ տեսնես ով է կանգնած նրա թիկունքում: Սևակ չկա, որովհետև արդարություն տանող ճանապարհին մահապարտ չունենք, որովհետև մեր այժմյան գրողները հավատում են, որ արդարությունն այն է, ինչ կա, սեփական կեցությամբ իրենք բավարարված են այդ արդարությամբ ու խաբում են նաև իրենց, որպեսզի միամտաբար հավատան այդ արդարությանը: Հավատան ու հանգիստ լինեն, հավատան ու ապահով լինեն, հավատան ու կուշտ լինեն: Այսօրվա գրողի արյունն ուրիշ է, ուրիշ նյութից: Խոսքս քիչ թե շատ ճանաչվածների մասին է, նրանց արյունն ուրիշի ցավով չի վառվում.
Թող ներվի ասել,
Որ իմ արյունը
Հենց համարյա թե նույն ծագումը ունի,
Ինչ ունի նավթը.
Հյութն ու ավիշն է բյուր սերունդների
Մարդ ու կենդանու,
Ու թե արյանս լուցկի մոտեցնես՝
Արյունս նույնպես կարող է վառվե՜լ:
Ո՞վ մեր այսօրվա գրողներից կհանդգնի նման բան ասել կամ որ ասի՝ ո՞վ կհավատա նրան: Մարդիկ աչքեր ունեն ու տեսնում են, դատողություն ունեն ու դատում են: Ժողովրդի ցավով ապրող բանաստեղծն այսօր իր դեմ պետք է կռվի՝ ինքն ազատվելու իրենից, որովհետև տիկնիկի դերում լինելը ապրել չէ՜, այլ գոյություն քարշ տալ է.
Ես հոգնել եմ, այո՛,
Ես աչքերս եմ փակում:
Տիկնիկն էլ է հոգնում, երբ ետևից բեմի
Ինչ-որ թելեր նրան ստիպում են ապրել.
Այդ ապրե՞լ է կոչվում, ի՜նչ իմանամ…
Որևէ մեկը ճշմարտացիորեն բարձրաձայնե՞լ է.
- Իսկ որտե՞ղ է մեր փրկությունը:
- Մե՛ր,
Եվ, ավա՜ղ, ո՛չ մեր ձեռքերում...
Այսօրվա մեր փափուկ գրողների կյանքը վկայում է, որ պետք է ըստ ամենայնի վայելել այս անցողիկ կյանքը, վայելել մինչև բաժակի հատակը, մինչև վերջին ժամը: Իսկ դա հնարավոր է միայն, եթե անցնես ժողովրդի բարիկադներից այն կողմ: Ու…անցնում կամ անցման ճանապարհին են, նրանց երբեք չի հետաքրքրում, որ դրանով կտրում են իրենց պորտալարը հավերժի ճանապարհից.
Ինձնմանները եկել են աշխարհ
Եվ այսուհետև աշխարհ են գալու,
Որ իրենց կյանքով ցույց տան ինչ չանե՜լ:
Այսքա՛նը միայն:
Իսկ մնացածի համար դիմեցեք
Դուք դարձյա՛լ ցավին,
Անորոշության անորոշ ցավին...




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ