Բնակիչների պայքարն արդյունք չի տալու

Բնակիչների պայքարն արդյունք չի տալու

Օրեր առաջ անդրադարձել էինք Դեղատան 4 հասցեի բնակիչների բողոքին: Վերը նշված տարածքում շինարարական աշխատանքները կազմակերպում է «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲ ընկերությունը, իսկ «Ամերիաբանկն» այնտեղ վարձակալելու է տարածք, ինչպես նաեւ մի շարք այլ կազմակերպություններ: Ընկերությունը սեփականության իրավունքով ձեռք է բերել Վազգեն Սարգսյան, Խորենացու եւ Դեղատան փողոցներով պարփակված տարածքի երեք հուշարձան շենքերը, եւ այդ շենքերը Դեղատան 4 հասցեի հետ միասին ունեն ընդհանուր բակ: Բնակիչների բողոքն այն է, որ բակում տեղի ունեցող շինարարության հետեւանքով զրկվելու են արեւի լույսից, իսկ երեխաները` խաղալու տարրական պայմաններից: Նրանք բազմիցս հանդիպել են շինարարության ղեկավարների հետ՝ համաձայնության գալու նպատակով: «Երբ տարածքների առքուվաճառքն էր գնում, ընկերությունը փորձում էր մեզ հետ եւս համաձայնության գալ: Բայց առաջարկվող գումարի չափը շատ քիչ էր, նրանց տված գումարով միայն ծայրամասում կարող էինք տուն գնել»,- ասաց Դեղատան 4 շենքի բնակչուհի Մարինե Սահակյանը: Երբ արդեն սկսել են շինարարական աշխատանքները եւ բակը պարսպապատել, բնակիչներին թողնելով շենքի բակից դուրսուներս անելու փոքր հատված, բնակիչները մեկ անգամ եւս հանդիպել են նրանց հետ: «Մեզ զարմացրեց Արտաշես Ղազախեցյանի պատասխանը, վերջինս պատասխանեց, որ երկու տարի առաջ իրենք մտածում էին այդ շենքը գնելու մասին, այժմ այն իրենց հարկավոր չէ: Հնարավոր է, որ որոշ ժամանակ անց ուրիշ նպատակներով գնեն, բայց այժմ մաքրման աշխատանքներ են ընթանում, նախագիծը պատրաստ է, եւ որեւէ փոփոխություն հնարավոր չէ իրականացնել»,- պատմեց բնակչուհին` հավելելով, որ ոչ մի ցուցանակ չկա, թե ինչ են կառուցում, միայն տեղեկացրել են, որ 9 հարկանի շենք են կառուցելու: Իրենք էլ,  տեսնելով, որ իրենց խնդրին լուծում չի տրվում, դիմում-բողոք են գրել նախագահի աշխատակազմին, վարչապետին, Մարդու իրավունքների գրասենյակին, որպես հուշարձան շենք՝ դիմել են նաեւ մշակույթի նախարարությանը: «Շատ անհուսալի վիճակում ենք հայտնվել, որտեղ նամակ ենք գրում, որոշ ժամանակ անց պատասխանում են, որ ուղարկել են քաղաքապետարան: Մեզ պատասխանելու համար մեկ ամիս ժամանակ են պահանջում, իսկ շինարարությունն էլ իրականացվում է»,-ասաց շենքի բնակիչներից Ռոլանդ Բարսեղյանը` հավելելով, որ պարսպապատելուց հետո բակում տեղաշարժվելու տեղ չկա, երեխաները վերջնականապես զրկվեցին բակում խաղալու հնարավորությունից: Վերջինս նշեց, որ իրենք հայտնվել են «դագաղում»: «4 կողմից բարձրահարկ շինություններ են կառուցել, հիմա էլ բակի մեջտեղում են կառուցում: Չեն պահպանում որեւէ նորմ, կառուցվող շենքը 5 մետր հեռավորության վրա է գտնվում մյուս շենքերից, այնինչ պարտավոր էին 12 մետր հեռավորությունը պահպանեին»,- ասաց Ռոլանդը։ «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲ ընկերության տնօրեն Արտաշես Ղազախեցյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն որոշված է, որ շինարարությունը տեւելու է 2 տարի, իսկ բնակիչներին անհանգստացնող աշխատանքները կավարտվեն մի քանի ամսից: «Այդ հատվածում միայն կոմերցիոն բնույթի շենքեր են, որն արդեն անհարմարություններ է ստեղծում բնակիչների համար, անկախ այն բանից՝ այնտեղ շինարարություն ընթանում է, թե ոչ»,-ասաց Արատաշես Ղազախեցյանը` հավելելով, որ բնակիչների հետ համաձայնության գալու ժամանակն արդեն անցել է, եւ իրենց նախագծում որեւէ փոփոխություն չի կարող լինել: Նախատեսում են պահպանել հուշարձան շենքերի ֆասադները, իսկ նոր շինությունը կառուցվելու է դրանից 4-6 մ հեռավորության վրա: «Տեղական նշանակության հուշարձան է, որոշակի հնարավորություններ կան՝ փոփոխելով, համագործակցելով պատմաբանների, մշակութաբանների հետ, դարձնել հուշարձանն օգտագործելի: Հուշարձանի միակ պահպանման եղանակը հուշարձանն օգտագործելի դարձնելն է»,- ասաց Ղազախեցյանը: Իսկ ինչ վերաբերում է բնակիչների այն բողոքին, որ երեխաները շենքի կառուցման հետեւանքով զրկվել են խաղահրապարակից, վերջինս տեղեկացրեց. երբեք չի տեսել, որ այդ բակում երեխաներ խաղան, բացի այդ էլ, ինքը երբեւիցե իր երեխային թույլ չէր տա խաղալ ասֆալտի վրա, այն դեպքում, երբ 100 մետր հեռավորության վրա կա մանկական այգի: «Դա որոշ չափով ազդեցություն թողնելու մեթոդ է, մարդիկ փորձում են ներկայացնել, որ մենք դահիճական տրամադրվածություն ունենք եւ անգամ երեխաներին ենք զրկում խաղահրապարակից»: Ղազախեցյանն արդար է համարում բնակիչների բողոքը, բայց ցավում է, որ որեւէ արդյունքի չեն հասնելու, եւ շենքը կառուցվելու է:



 



 Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ