Ֆեյսբուքահայության տրտունջը

Ֆեյսբուքահայության տրտունջը

«Գործընկերություն հանուն խաղաղության» շրջանակներում մեր օրը օր չի:



 



  Չնայած, որ ճիշտ ասենք՝ մեր օրը բացվում ու շարունակվում է կեսգիշերն անց` առանձին խմբեր ու խմբակցություններ,- ոչ խորհրդարանական,- կազմելու շուրջպարով, մանավանդ, երբ մի տխուր դեպք ու... էլի տխուր դեպք է պատահում հայության ոչ լիարժեք կյանքի սահմաններից ներս. միարժեք: Էդ տխուր ու տխրադալուկ դեպքերին (դեմքերին) թողեք հանգիստ խղճով ապրողներիս խղճին, որ չթվարկենք կամ մեր հանապազօրյա հայերենով ասած`  չլայքենք :  Ամենատխուրից ամենաուրախը էս մեր ժողովրդի բազմօրյա առօրյայում անպակաս է, ոնց որ խորհրդարանական քննարկումներում սպառողական ծակ զամբյուղի լցոնումը... բայց վերջերս ավելի բուռն նպատակներով չարչրկվեց չարի ու բարու հեքիաթամաշ թեման` ոչ  ֆեյսբուքցիներիս կողմից: Մենք հանգիստ մեր  կ ո մ պ ե ր ի  առաջ, մեր կարմրած ու անքնությունից ճպռոտված աչքերով մեր  քոմենթներն  էինք գրում, երբ չարի ու բարու միշտ չմոռացվող թեման ու թեմատիկան մեջտեղ բերին: Չարին` Եվրամիությանն անդամագրվելու, բարուն` մաքսայինի մեջ խցկելու ԱՊՀ-ական նպատակով:



 



Համարյա հայ-թուրքական պայմանագրի ստորագրման իրավիճակ. մեզ ի՞նչ, իբր մեր էլեկտրոնային-ազգասիրական նպատակները քիչ էին, հիմա էլ գենդերային դարդուցավ կամ Հայաստանի ուշահաս... սովետականացում: Ինչ էլ լավ բառ է, չէ՞, սովը միանգամից սովորական է դառնում, իբր հիմա... ան ՍՈՎոր ենք, լավ էլ  սովորած,  վարժված, մանավանդ, երբ տնեցիք տանը չեն կամ ժամանակավորապես են լքել տունն ու տնամերձ տարածքը` չվերադառնալու հույսով: Վերադառնան, ի՞նչ անեն, երբ մենք, իբրեւ ազգային փոքրամասնություն, տանը ոչ ընտրելու, ոչ էլ ընտրվելու իրավունք ունենք:



Չէ, հարգելի Հայաստանի ժողովուրդ մնացած, դուք մեզ, եթե ոչ միշտ, գոնե մեկումեջ կհասկանաք, բայց էնքան վստահ չենք, որ վստահություն ներշնչեք:



 



Կարո՞ղ է ձեր ցրտադիմացկուն համբերությունն էնքան էլ չի սպառվել, ու մի քիչ տեղ մնացել է, որ ուսման վարձավճարների ու երթուղայինների գների բարձրացումից չբողոքեք կամ էլ կարմիր ու դեղին գլխարկավորների բացօթյա փակշուկայական պատերազմին չմասնակցեք, որ մասնակցեք` լավ կլինի, դուք, որպես պատերազմի վետերան, կմոռացվեք իշխանությունների կողմից: Չնայած նրանց կողմից ով-ովքեր եւ ինչ-ինչեր չեն մոռացվել, որ դուք էլ չմոռացվեք ու  չգրանցվեք նրանց գործունեության Կարմիր գրքում:



 



Էդ գիրքն էլ կառավարությունում գրում են` կառավարությունում կարդում: Էնքան էլ քափուքրտինք կտրած են գրում ու ուշադրությամբ կարդում` ժողովրդագրական աղաղակող սխալներով, բյուջեի բազմապատկման-բաժանման աղյուսակների կրիտիկական խախտումներով, հատկապես` բաժանման, «բաժանենք, որ տիրենք» սկզբունքով:



 



Ինչ է, քի՞չ են տիրել` տիրություն անելու փոխարեն, մեզ չի` ձեզ, ժողովուրդ: Մենք մեր վիրտուալ տիրույթում մեզ շատ էլ հանգիստ, ապահով, շոյված ու անզգայնացած ենք զգում: Զգայնանայինք` մեջներս Վահան Տերյանի բանաստեղծությունների թախիծը թեւ առնե՞ր: Պատկերացնո՞ւմ եք մեր վիճակն ինչ կլիներ` նույն ձեր վիճակը: Հիմա պատկերացրի՞ք, ուրեմն խորհուրդ չենք տա, մտքներովդ չանցնի, պատկերացնելը վնասակար է առողջությանը, մինչեւ քաղաքական տաք ու պաղ ցիկլոնները չանցնեն:



 



Հիմա մեր եւ ձեր տարբերությունը տեսա՞ք, գլխի ընկա՞ք, որ մենք լավ օրից չենք... սենց մի թավուր մոռացել հայերենը, բայց նենց չենք մոռացել, ոնց իշխանություններն են ձեզ մոռացել, ու հենց էդ մեզի չի դզում: Մենք էլ ենք, չէ՞, վախտին  դոշ տվել ու հիմա ազգի մատից փուշ չհանելու անկարողությունից մեր տիրույթների քուչեքումը ընգած, ստիպողականով մեր համար ապրում էինք... Ընգեր...



 






Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ