Միայն թե բանը չհասնի Պուտինին կամ՝ Տիգրան ջան, սիրուն չի

Միայն թե բանը չհասնի Պուտինին կամ՝ Տիգրան ջան, սիրուն չի

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի մասնակցությամբ: Նիստի ընթացքում ամփոփվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՀԽ դիրքորոշումը: Իսկ նիստի ավարտին ՀԽ անդամները դիմում են գրել նախագահին՝ միջնորդելով, որ նախագահը հրահանգի ևս մեկ անգամ քննարկել օրենքի նախագիծը, քանի որ, ինչպես նշել են դիմումի մեջ, իրենք խիստ մտահոգված են, որ այդ օրենքի կիրառման հետևանքով Հայաստանում կստեղծվի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ և բարոյահոգեբանական վատ մթնոլորտ:



 



Այսօր, մի հետաքրքիր զուգադիպությամբ, մինչ ՀԽ-ի այս դիմումը, ՀՀ ԱԺ ընդդիմադիր կուսակցություններին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հաջողվել է հավաքել 32 ստորագրություն՝ նույն օրինագծի կապակցությամբ Սահմանադրական դատարան դիմելու նպատակով: Ընդդիմադիրներն ու ԲՀԿ-ն մտադիր են ՍԴ-ում վիճարկել ՀՀ կառավարության օրինագծի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:



 



Կարելի է ասել՝ Տիգրան Սարգսյանի կառավարության հերթական ավանտյուրայի դեմն առնելու լուրջ հիմքեր կան արդեն: Բավական է ՍԴ-ի համապատասխան որոշում լինի, կամ Սերժ Սարգսյանը ըմբռնումով մոտենա Հանրային խորհրդի դիմումին և ասի՝ Տիգրան ջան, սիրուն չի, ու վերջինս իր կառավարությունով հանդերձ գնա կենսաթոշակ կուտակելու և իր մաշկի վրա զգալու պարտադիր բաղադրիչի պատճառով առաջացող հաճելի զգացումները:



 



Ի դեպ՝ վտանգ կա, որ այս հարցով դիմումներ կգրվեն նաև Վլադիմիր Պուտինին: Ասենք, որ ՌԴ Պետդուման կենսաթոշակների կուտակային համակարգի անցնելու գործը բոլորովին վերջերս հետաձգել է, և Պուտինը, տեսնելով ՀՀ իշխանությունների համառությունը, կարող է ասել՝ Սերժ ջան, սիրուն չի:



 



Էդ.Ա.