Սամվել Ալեքսանյանը «կկուտակի»

Սամվել Ալեքսանյանը «կկուտակի»

Միանալո՞ւ է Սամվել Ալեքսանյանը նրանց, ովքեր պատրաստակամություն են հայտնել իրենց աշխատողների համար «կուտակումներ» կատարել` կենսաթոշակի տեսքով: «Ես բիզնեսով վաղուց չեմ զբաղվում»,- Ռոդենի իմաստունի հայացքով ասաց նա:



 



Իսկ Շողերինա՞ն, որն զբաղվում է բիզնեսով, «կուտակելո՞ւ» է իր աշխատողների համար` օր ծերության: «Անելո՛ւ ենք, անպայման»,- անչափ պատրաստակամ ասաց Լիմինդրովիչը, մոռանալով, որ քիչ առաջ «բիզնեսով չէր զբաղվում»:



 



Նուշիկյան ասոցիացիայի «կողմերում» կռվող Նուշիկյանն ասաց, թե դեռ չգիտի՝ կմիանան իրենք այդ ակցիային, թե` ոչ, հետո հավելեց. «Ինչ-որ բան երևի թե անենք»: Միջանցքի ծայրում ողջ խմբով երևացին ֆրակցիայի նիստից դուրս եկած ԲՀԿ գործարարները. բոլորին «բիրիքով» հարցրինք` ձեր աշխատողների փոխարեն կուտակելո՞ւ եք, հետևելո՞ւ եք մյուս գործարարների օրինակին:



 



Բոլորը մեկ մարդու նման ձուկ դարձան ու համրորեն-փափուկ սահեցին խորհրդարանի դահլիճի դռնից ներս: Արձագանքեց միայն Գուրգեն Արսենյանը. «Աստված մնացած գործարարների հետ, բայց դա օրենքի կոպիտ խախտում է»: