Բյուջեն՝ դատարկ դահլիճում

Բյուջեն՝ դատարկ դահլիճում

Իշխող Հանրապետական մեծամասնությունը երեկ ցույց տվեց, որ թքած ունի հայրենի կառավարության եւ նրա ներկայացրած նախագծերի վրա: Հիշեցնենք, որ արտահերթ նիստի օրակարգում կառավարության կողմից անհետաձգելի ճանաչված մի քանի տասնյակ օրինագծեր են ընդգրկված:



 



Հրահանգով ԱԺ արտահերթ նիստին ներկայացած ազգընտիրները նիստի մեկնարկից 10 րոպե անց այնպես անհետացան, որ նրանցից անգամ հետք չմնաց: Կառավարությունից ԱԺ գործուղված նախարար Արտեմ Ասատրյանն ստիպված էր ողջ օրը խոսել կիսադատարկ դահլիճի եւ հատուկենտ ընդդիմադիրների առջեւ, երբեմն էլ նախարարի ելույթը մենախոսության էր նմանվում: Ի դեպ երեկ, ԱԺ կանոնակարգ-օրենքին համապատասխան, խորհրդարանի բոլոր պատգամավորներին կառավարությունը հանձնեց «Բյուջե-2014թ.» հաստափոր եռահատորյակը, որտեղ մանրամասն հաշվետվություն կա թե նախագծային, թե թվային տեսքով:



 



Եվ չնայած կանոնակարգի պահանջին, երեկ ՀՀԿ-ական պատգամավորները մեզ հետ զրույցում չէին թաքցնում դժգոհությունը, որ այս հաստափոր գրքերի տպագրությունն ավելորդ ծախս է բյուջեի վրա, ոչ մի պատգամավոր այն մի քանի էջից ավելի չի կարդում: Թե որքան գումար է դրա համար ծախսվում, մեզ չհաջողվեց պարզել: Սակայն ՀՀԿ-ական պատգամավորներից մեկի հավաստմամբ, այդ գումարը կբավարարի մի քանի անապահով ընտանիքի կարիքներին:



 



Ի դեպ հիշեցնենք, որ նախորդ տարի, երբ կրկին այս հաստափոր գրքերը բաժանվել էին օրենսդիրներին, ԱԺ նախագահը, տեսնելով ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին՝ դրանք ձեռքին, կատակել էր, թե տանում ես վառե՞ս: