Երբ Սերժ Սարգսյանի խոստացած «մատչելի բնակարանն» անմատչելի է շատերին

Երբ Սերժ Սարգսյանի խոստացած «մատչելի բնակարանն» անմատչելի է շատերին

Հեռավոր Կապան քաղաքում մի քանի տասնյակ ընտանիքներ արդեն պետք է ապահովված լինեին դեռևս 2010 թվականին Սերժ Սարգսյանի խոստացած մատչելի բնակարաններով, բայց այդ շռայլ խոստումներն արխիվացան լրահոսում, երիտասարդների համար բնակարանները շարունակեցին անմատչելի մնալ, ով էլ դրա անհրաժեշտությունը խիստ զգում էր, ինքն իր գլխի ճարը տեսավ:



 



Ծրագիրն էլ կարծես հոգին ավանդեց, և անցավ մոռացության գիրկը: և սա այն դեպքում, երբ կառավարությունը շարունակ թմբկահարում է հանրապետության բոլոր տարածքների համաչափ զարգացման մասին, որի քայլերից մեկն էլ հենց Կապանում բնակարաշինությանը զարկ տալը կլիներ: Պարզվեց՝ մատչելի բնակարան կառուցելու գործը խիստ շահավետ է Երևանում, և «Շրջանավարտների միավորում» ՀԿ ղեկավար Արսեն Քարամյանը սիրով համակարգում է այդ ծրագիրը՝ չնայած ինչ-որ պահից այդ ծրագրի շահառուների մեջ անապահով մտավորականների քանակն սկսեց կատաստրոֆիկ պակասել: Եվ Քարամյանի «Մատչելի բնակարան» ծրագիրը դարձավ անմատչելի բարձունք թիրախային խմբերի համար:



 



Ինչո՞ւ սառեցվեց կապանյան ծրագիրը: Սրա վերաբերյալ պաշտոնապես մի բացատրություն է տրվում, թե նախագծված տարածքում շինարարությունն սկսելուց հետո ի հայտ են եկել լուրջ խնդիրներ: «Ջրահեռացման խնդիր կար, համակարգ պետք է կառուցվեր, որն ավելի շատ թանկ էր, մենք որոշեցինք տեղը փոխենք և հիմա ակտիվացնում ենք, նոր տեղ ենք ուսումնասիրում, և արդեն նոր տեղի ընտրության հարց կա: Մենք հիմքերի մեջ մտանք, ու էդ ժամանակ բացահայտվեց, որ գետի մոտ գտնվող այդ տարածքում խնդիր կար, գետի ջրերը հեռացնելը մի քանի անգամ թանկ արժեր, հետևաբար, որոշեցինք տեղը փոխենք»,-մեզ հետ զրույցում պարզաբանեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:



 



Նա փորձեց իր նշած «թանկ» լինելն առարկայորեն ցույց տալ. «Օրինակ, եթե 1 միավոր պիտի նստեր, ապա էդ ջրահեռացման համակարգ դնելու դեպքում դա նստելու էր 1,4-1,8 միավոր»: Եթե անգամ լրջագույն խնդիրներ էին հայտնաբերվել, ապա այն շտկելը տարիների խնդիր չպետք է լիներ: Իսկ ծրագիրը, փաստորեն, անորոշ ժամանակով անհույս սառեցվել է: Երեկ մեզ հետ զրույցում ծրագրի գլխավոր պատասխանատու Արսեն Քարամյանն ասաց, որ նոր տարածքի համար ուսումնասիրություններ են կատարել և հինգ տարբերակ ունեն, թե որն է լինելու վերջնականը, չասաց: Այսինքն, 2014 թվականից վերսկսվելու են Սերժ Սարգսյանի 2008 թվականի խոստման իրագործման փորձերը, առայժմ տեղն են փնտրում, ու դեռ հայտնի էլ չէ, թե գտնելուց հետո ինչ ընթացք կստանա գործը, առավել ևս, որ խոստման տերն այլևս ընտրողների քվեի կարիքը չունի, «սռոկն» էլ լրանում է:



 



Նշենք, որ Կապանում բնակարանի մեկ քմ-ի արժեքը նույնն է, ինչ Երևանում՝ 500 դոլարին համարժեք դրամ, բայց մարզի դեպքում կանխավճարն է ցածր՝ 10 տոկոս, ինչպես նաև տոկոսադրույքը՝ առավելագույնը 7,5-8, ինչն իհարկե վերջնական չէ: «Մարզի կոմպենսացիան, մատչելիության հետ կապված, մենք ֆինանսական գործիքի կիրառմամբ ենք հասնելու, իսկ մարզում ավելի դժվար է իրականացնել, որ ցեմենտն ու արմատուրան 308 կմ ճանապարհ են կտրում, ինչն ինքնին թանկացնում է»,- հաշվարկեց Քարամյանը: Պահանջարկի վերջնական պատկերը հայտնի չէ, քանի որ դիմումների վերջնական քանակը չի հրապարակվել: Թեև նա թվեր չասաց, բայց ենթադրվում է, որ պահանջարկը նվազել է, նախ՝ որ 2010 թվականից հետո արտագաղթի տեմպերն են սրընթաց աճել, և, բացի այդ, ծրագրի ձախողումը հիասթափեցրել է, հույսեր չեն կապում սրա հետ: Հիմնական շահառուները նրանք են, ովքեր ժամանակին որոշակի վճարումներ են կատարել: Նշենք, որ նոր շինարարությունը նոր կապալառու կազմակերպություն պետք է իրականացնի, որի տվյալները դեռ չեն հրապարակվում:



 



Նախկինը երևանյան կապալառու էր, որի հետ խզել են պայմանագիրը: Ըստ Քարամյանի, այն ի վիճակի չի եղել այդ տարածությամբ շինարարություն իրականացնել: Սակայն, մեր տեղեկություններով, կան նաև այլ պատճառներ, անգամ յուրացումների մասին է խոսք գնում: Այժմ քննարկում են շինարարությունը տեղական ՍՊԸ-ի հանձնելու հարցը: Տենդերը կհայտարարվի մեկ ամսից: Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է Քարամյանի կազմակերպությունն է լինելու, քանի որ, ինչպես տեղեկացանք, Քարամյանը ևս գրանցել է շինարարական ՍՊԸ: «Ես չունեմ էդպիսի կազմակերպություն, ես պատվիրատուն եմ, «Շրջանավարտների միությունը» հանդիսանում է պատվիրատուն, իսկ տեղական շինարարություն իրականացնողի հարցը քննարկվել է մարզպետի հետ ու հանգել այն եզրակացության, որ, այնուամենայնիվ, աշխատանքների վրա հսկողությունը պատշաճ պահելու ու խնդիրները հստակ լուծված տեսնելու ճիշտ գրավականն է»,-բարձրագոչ հայտարարեց Քարամյանը, ում գործունեությունը պատշաճ հսկողության ու ուսումնասիրության կարիք ունի: Ամենաակնառու փաստը, որ այս ծրագիրը կարիքավոր մտավորականների համար չէ նախատեսված, գրող Հուսիկ Արայի 43 քմ-անոց բնակարանը խլելու դեպքն էր, երբ Քարամյանն անամոթաբար զրկեց մեր գործընկերոջը տանիքից:






Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ