Անակնկալներ չեղան. Կարեն Աղամյանը վերընտրվեց

Անակնկալներ չեղան. Կարեն Աղամյանը վերընտրվեց

Երեկ վաղ առավոտից նկարիչներն իրենց միության համար նոր նախագահ էին ընտրում, բայց, նախ,Կարեն Աղամյանը միության 18-րդ համագումարի ժամանակ ներկայացրեց իր հաշվետու զեկույցը, որտեղ ավելի շատ խոսեց բոլոր ժամանակներում իր դեմ գրված անանուն նամակների մասին եւ այն մասին, թե նկարիչները տարբեր լրատվամիջոցների հետ հարցազրույցներում ինչ են ասել իր ու միության հասցեին՝ մեջբերելով հատվածներ ու դրանք անվանելով զրպարտիչ հայտարարություններ, որոնք ձեռնտու են «մեր հակառակորդներին», ովքեր մեր մշակույթի եւ մեր ազգի թշնամիներն են։ Աղամյանը նաեւ նշեց, որ հիմա ավելի իրատես է եւ փորձառու, քան այն ժամանակ, երբ հանձն առավ առաջադրվել այս պաշտոնին։ 



 



Զեկույցից հետո արդեն Աղամյանին դահլիճից թղթիկների վրա գրավոր հարցեր ուղղվեցին, մասնավորապես, Շորժայի եւ Ծաղկաձորի հանգստյան տների եկամուտների մասով, ինչ-որ մեկն էլ Աղամյանին հորդորել էր տալ այդ զրպարտողների անունները, որոնց մասին այդքան ասում է, մեկ ուրիշն էլ հետաքրքրվել էր, թե ճի՞շտ է, որ Մոսկվայից բնակարաններ են բաժանում միության անդամներին, ինչը դահլիճում անհույս ծիծաղ առաջացրեց։ Մի նկարչի էլ հետաքրքրել էր, թե ինչու նախագահի ուղերձն Աղամյանը կարդաց եւ ոչ թե, ասենք, նախագահի աշխատակազմից որեւէ մեկը։ Նկարիչների հարցերը տարբեր էին, օրինակ, միության անդամներից մեկի հարցն ավելի շատ հռետորական հարցադրում էր` ուղղված Աղամյանին. «Չե՞ք կարծում, որ 15 տարին բավական է», իսկ բավական է, թե ոչ, ըստ Աղամյանի, դա միության անդամները պետք է ասեն, ովքեր պիտի ընտրեն միության նախագահ։ Միության հազարից ավելի անդամներից ներկա էր ընդամենը 530-ը, որը բավարար համարվեց քվորում ապահովելու համար։ Այնուհետեւ դահլիճից առաջադրվեցին նախագահի 3 թեկնածուներ՝ Կարեն Աղամյան, Արմեն Աթանյան եւ Ռոբերտ Այվազյան։ Բայց մինչ այդ Հաղթանակ Շահումյանը ձայնի իրավունք խնդրեց եւ միությունը լավագույն կերպով ղեկավարելու համար առաջարկեց ստեղծել համանախագահների ինստիտուտ, որոնք, դիցուք, կլինեն 3 կամ 5 հոգի, ավելացնելով որ տվյալ դեպքում վարչությունը չի կարող այդ գործառույթն անել, որովհետեւ ոչ մի դերակատարում չունի միությունում։ Բայց Կարեն Աղամյանն արված առաջարկությանը միանգամից հակադարձեց՝ նշելով. գուցե առաջարկեք, որ մեր երկրում էլ մի քանի նախագահ եւ մեր բուհերում էլ մի քանի ռեկտո՞ր լինեն: Ապա դիմեց դահլիճին, հարցնելով, թե ով է համաձայն, որ 5 նախագահ լինի։ Հաղթանակ Շահումյանն իր ասելիքը պարզաբանելու համար նորից բեմ բարձրացավ՝ ընդգծելով, որ իր առաջարկով շատ բան կփոխվի միությունում, իսկ միանձնյա կառավարումը, իհարկե, վերահսկողությունից դուրս է եւ ձեռնտու է շատերին։ Բայց այստեղ էլ Աղամյանն առաջ քաշեց մի կնիքի եւ մի ստորագրության հարցը, ինչը 3 կամ 5 նախագահների դեպքում չի գործի եւ տարբեր հարցեր կառաջացնի։ Ի վերջո, առանձնակի աջակցություն չստանալով նաեւ մյուս նկարիչների կողմից՝ Շահումյանը թողեց դահլիճը եւ հեռացավ։ 



 



Քիչ հետո հարցեր առաջացան նաեւ քվեարկությունը բաց թե փակ անելու վերաբերյալ, դահլիճի մի մասը կողմ էր բաց քվեարկությանը, մի մասն էլ սկզբունքորեն պնդում էր փակ անել, ի վերջո, որոշվեց փակ տարբերակը։ Բայց մինչ այդ լրագրողներից մեկն Աղամյանին հիշեցրեց, որ նա մյուս թեկնածուների նման պետք է դահլիճում նստի, ինչը վրդովվեցրեց վերջինիս: Նա կոպտորեն հակադարձեց՝ ասելով, թե ինքն է որոշում որտեղ նստի։ Դրանից հետո հաջորդաբար ելույթ ունեցան նախագահի 3 թեկնածուները։ Աղամյանը խոստացավ սարեր չխոստանալ, լինել իրատես, զսպված, տուրք չտալ պրովոկացիաներին եւ ստեղծել փոխօգնության ֆոնդ՝ նկարիչներին օգնելու համար։



 



Իսկ Ռոբերտ Այվազյանին շատ էին վիրավորել Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի խոսքերը, ով իր խոսքում նշել էր, որ ամեն ինչ նկարիչների ձեռքում է, եւ եթե նրանք ուզենան, իրենց «պապան» կլինի լուրջ, եթե ուզեն, ապա՝ խմող։ Նա նշեց, որ ընտրվելու դեպքում ամեն ինչ կանի, որ միությունում բեւեռացումը վերանա, կապահովի թափանցիկություն, կհստակեցնի միության նախագահի ընտրության ժամկետները, ինչպես նաեւ տարակուսանք հայտնեց քարտուղարների անելիքների վերաբերյալ։



Արմեն Աթանյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ կոմսոմոլային մտածելակերպով միությունը պետք է հանել ճգնաժամից: Խոսելով իր ծրագրից՝ նա նշեց, որ ռազմավարական նշանակության 3 կետից է այն բաղկացած. դա «Ստեղծագործական միությունների մասին» օրենքի հարցն է, միության անդամների բժշկական ապահովագրության խնդիրները։ Աթանյանն առաջարկեց ստեղծել տեղեկատվական բանկ՝ նկարիչների տվյալների մասին ընդհանուր բազա, որը կապեր կստեղծի դրսի հետ։ Խոստացավ ընտրվելու դեպքում Նկարիչների միությանը կից ստեղծել փոքրիկ տպարան, հրատարակչություն, թե ինչ միջոցներով է դա անելու, Աթանյանը պատասխանեց, որ ընտրվելուց հետո ավելի կմանրամասնի, միայն նշեց, որ ունի այդ հնարավորությունն այն ստեղծելու համար։ Նա անդրադարձավ նաեւ Աղամյանի զեկույցում նշված 100-ից ավելի ցուցահանդեսներին, նշելով որ դրանցից հազիվ 10-ն են միության կազմակերպածները, մյուսները միության անդամ նկարիչների շնորհքն է, եւ որ միությունն իրենց անգամ դահլիճն է վարձով տրամադրում։ 



 



Վերջապես, օրվա ավարտին նկարիչները 3-րդ անգամ վերընտրեցին Կարեն Աղամյանին: Ձայները շատ հետաքրքիր բաշխվեցին. Կարեն Աղամյանն ստացավ 319 ձայն, Արմեն Աթանյանը` 34, Ռոբերտ Այվազյանը` 25, իսկ անվավեր համարվեց 95 քվեաթերթիկ, այսինքն՝ 95 հոգի այլընտրանք չէր տեսել եւ գերադասել էր ուղղակի փչացնել իր քվեաթերթիկը։ 



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]