Սուրեն Զոլյան. Երկու տարուց ավել է՝ Հայաստանից դուրս եմ աշխատում

Սուրեն Զոլյան. Երկու տարուց ավել է՝ Հայաստանից դուրս եմ աշխատում

Հատված լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հետ «Առաջին լրատվական»-ի հարցազրույցից



 



Ինչ վերաբերում է վարչապետի տնտեսական քաղաքականությանը, ապա ես մասնագետ չեմ: Պարզապես, իրոք, անհասկանալի է, երբ մեզ համոզում էր, որ Մաքսային միությունը վնաս է Հայաստանի համար, իսկ հիմա լսում ենք դրա առավելությունների մասին: Տնտեսական հարցերի մեջ խորանալ չեմ կարող, բայց Հայաստանում կյանքը գնալով վատանում է, և ամենաճիշտ գնահատականն այս ամենին տալիս են մեր այն բազմաթիվ հայրենակիցները, ովքեր չունենալով աշխատանք՝ ստիպված են դուրս գալ և աշխատել Հայաստանից դուրս: Նրանցից մեկն էլ ես եմ, որ երկու տարուց ավել է՝ Հայաստանից դուրս եմ աշխատում:



 



Ես գերադասում եմ գնահատական տալ այլ տեսանկյունից՝ երկրորդ նախագահի ասածների մեջ ճշմարտություն կա, թե ոչ: Մեղադրանքը հնչել է վարչապետի կողմից՝ առ այն, որ այն ժամանակվա տնտեսական 13 տոկոսանոց աճն ապահովված է եղել, իր իսկ խոսքերով ասած, «շինարարական փուչիկների շնորհիվ»:



 



Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի գնահատել այս հարթության մեջ՝ ինչքանով է ճիշտ վարչապետը և ինչքանով է ճիշտ երկրորդ նախագահը: Թե ինչ հետևանքներ պետք է ունենա՝ այլ հարց է: Ի՞նչ նկատի ուներ վարչապետը նման մեղադրանք հնչեցնելով և ի՞նչ պատասխանի է սպասում: Այլ հարց է, որ ենթադրությունների ոլորտում է: Պետք է տեսնել, թե ինչ հետագա գործողություններ կլինեն:



 



Ըստ իս՝ տվյալ դեպքում վարչապետի գործունեությանը տրվել է ճշգրիտ գնահատական: Ես չեմ տեսնում Հայաստանում որևէ առաջընթաց։ Այն գնահատականը, որը տրված էր շինարարության ոլորտին, ևս ճիշտ է՝ վերցված է եղել մեկ շատ կարևոր հատկանիշ, որը բնութագրում է ամբողջ տնտեսական համակարգում ստեղծված ողբալի իրավիճակը: Կառավարությունը տալիս էր անպատասխանատու խոստումներ, իսկ այժմ փորձում է մոռացության տալ: Այլապես վերհիշելով իր գործած ձախողումներն ու բացթողումները՝ վաղուց պիտի հրաժարական տար և ապաշխարեր Աստծուց և ժողովրդից՝ հայցելով մեղքերի թողություն: Ժողովրդի համբերությունն է, որ այդ մարդիկ իրենց թույլ են տալիս ներկայանալ որպես Հայաստանի իշխանություն, բայց մինչև ե՞րբ պիտի չարաշահեն դա:



 



Նայում եմ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մեկնաբանություններին... Հիմնականում քննարկում են այն տեսանկյունից, թե ինքը ինչ նկատի ուներ, ինչ է մտադիր անել, լավ նախագահ է եղել, թե ոչ, և այլն։ Կարծում եմ՝ հարկավոր է անդրադառնալ հարցազրոյցի բուն էությանը։ Ժամանակն է, որ այս կառավարության գործունեությանը գնահատական տրվի: Արդեն 7 տարի է՝ բացի հսկայական բացթողումներից, ուրիշ ոչինչ չի եղել: Միգուցե, որպես դրական երևույթ, հիշենք անվտանգության գոտիները, բայց դա շատ վաղուց է եղել։ Եթե հարկ լինի ներկայացնել կոնկրետ փաստեր, ապա ես կարող եմ մանրամասն խոսել, թե Տիգրան Սարգսյանի կառավարությունը կրթության ոլորտում ինչ ավերածություններ գործեց, և այսօր անգամ Իրանն ու արաբական երկրները հրաժարվում են ճանաչել Հայաստանի դիպլոմներն ու աստիճանները։ Համոզված եմ, որ նույն վիճակն է տիրում բոլոր ոլորտներում։



 



Հարցազրույցն ամբողջությամբ՝ տես այստեղ: