Ողջ համարձակությունս հավաքեցի ու ու ինձ բրթելով տարա կոմունալ մուծումների

Ողջ համարձակությունս հավաքեցի ու ու ինձ բրթելով տարա կոմունալ մուծումների

Ի վերջո ողջ համարձակությունս հավաքեցի ու ու ինձ բրթելով տարա կոմունալ մուծումների: Վերջերս պետական մուծումների կամ գնումների ինձ բրթելով եմ տանում, որովհետև թանկացման անակնկալներն այնքան շատ են լինում, որ հոգեբանական առումով ինձ խնայում եմ: Օրինակ երեկ ինձ թվաց, թե խանութի վաճառողուհին էլ մի կողմից է ինձ խաբում, մի երկու-երեք բան էի գնել ու 5000 էր ուզում, ասացի՝ ստոպ: Պետք է բացահայտեմ: Երբ աղն ասաց՝ 180 դրամ է, ոնց որ սրտիս վրա աղ արեցին, մրմռաց՝ բա 100 չէ՜ր: - --Ո՞ր թվից ես խոսում,- ծիծաղեց:



-2013 թվից,- ասացի ու մատս կծեցի՝ հիմա 2014-ն է:- Վաճառողուհին իրավունք ունի, մնացել եմ հին տարում:



- Աղջիկ ջան կոմունալ մուծումներդ կատարե՞լ ես,- նրան ևս իմ վիճակի մեջ գցելու համար հարցրի:



- Հարևաններս որ գնան ու սաղ- սալամաթ ետ գան, նո՜ր կգնամ:



Ի՜նչ հեռամտածողությամբ ջահելներ ունենք, քեֆս բերում են, մի բան անելուց առաջ փորձարկումը ուրիշների վրա են կատարում: Իսկ ես անտերուդուս, առանց մեկի վրա փորձարկում անելու, վեր եմ կացել ու ճակատ եմ գնում՝ մուծումների:



Երբ արդեն մոտենում էի պոչտային, սիրտս առաջին անգամ սիրահարվածի պես սկսեց թրթռալ, մտածեցի՝ մի հատ բժշկի չգնա՞մ՝ մինչև մուծումը: Հետո փախուստային տրամադրությունս որսացի ու էլի ինձ բրթելով, գցեցի Մոնումենտի այգու հարևանությամբ պոչտան: Դատա՜կ, ազատ էր: Էս ի՞նչ զուլում է: Ուրեմն առաջին սրսկվողը ե՞ս պիտի լինեմ:  Երեք- երեք նստոտած ինձ էին սպասում՝ ամեն մեկն ուզում էր առաջինն ինքն ինձ մորթի,- այդպիսի տպավորություն ստացա ու գնացի կանգնեցի ծանրոցների բաժնի աշխատողի դեմը՝ թող հուսախաբ լինեն: Նա էլ թե՝ փո՞ղ ես ստանում: Բարկացա.



-Ո՞վ ասաց:



Մի տեսակ խեղճացավ.



-Դե մեզ մոտ մենակ ստացողներ են:- Հազարից մեկն է ուղարկում:



Այդ խոսքուզրույցի ժամանակ դուռը բացվեց ու ներս մտավ փափլիկ, փարթամ մրգի պես հասած մի տղամարդ: Նրա ետևից տանձի պես կաթուկ տվին մի քանի կանայք, ովքեր պատսպարվեցին այդ փափուկ տղամարդու շքամուտքում: Ես եռակի զրահապատված կանգնեցի շարքի ետևի մասում: Ուղղակի նախագահի թիկնազոր, դե թող մեկը փորձի ինձ վրա անսպասելի կրակել: Մեկ էլ այդ երեք սպասարկող աղջիկներից մի երեսառածն ասաց.



-Մորքուր ջան ես ազատ եմ, արի ինձ մոտ:



Ա՜յ քեզ լկստվածություն ու չարություն: Տեղիցս չշարժվեցի, իբր չեմ լսում: Դե կարող եմ չէ՞ խուլ լինել: Մեկ էլ փափլիկը մեզանից պոկվեց ու գնաց կանչողի մոտ: Անմիջապես փափլիկի թիկունքին կանգնեցի: Նայեմ, տեսնեմ՝ էդ կնանիքն էլ իմ ետևից են եկել, մյուս սպասարկողին թողնելով ապշահար:



-Էդ դուք միասի՞ն եք,- ծղրտաց սպասարկողը:



Այլևս չդիմացա ու ասացի.



-Ընկերովի մահը հարսանիք է:



Փափլիկի հեչ պետքը չէր, երբ սպասարկողն ասաց՝ գազ 100000:



Մի տեսակ ընդարմացած ասաց՝ իսկ լու՞յսը: Տնաշեն, գազի կրակոցը քիչ էր, հիմա՞ էլ էլեկտրական շանթահարմա՞ն ես սպասում:



-Քանի՞ սենյակի համար է հարյուր հազարը,- վախվխելով հարցրեց իմ ետևում պատսպարված կինը: Այդտեղ ես հիշեցի, որ այդ կինը ինձանից առաջ է եղել ու քաղաքավարությամբ ասացի.



- Ներեցեք, ձեր հերթը ինձնից առաջ է:



-Ոչի՜նչ,- կինը լայն բացեց բերանը, մի ազգ չե՜նք:



Այդտեղ հասկացա, որ կինը դիվանագիտություն է բանեցնում ու  հենց ջգրու կանգնեցի նրանից հետո: Փափլիկ տղամարդը դիվանագետ կնոջը տեղեկացրեց, որ ինքը երեք սենյակ ունի: Այդ պահին կինը մի վայ արավ ու հերթից դուրս թռավ: Նրա ետևից անաղմուկ ճողոպրեցին նաև հերթի մեջ եղած երկու կանայք: Մեկը չհամբերեց ու նետեց՝ բոյդ թաղեմ այ անտեր երկրի տեր: Ես փափլիկ տղամարդու հետ, որը միջին ապրելակերպի էր երևում, շարունակում էի իմ հարցախույզը.



Դուք տարբերություն զգու՞մ եք այս ու անցյալ տարիների կոմունալ վճարների մեջ: Տղամարդը, որ սկզբից ինքնագոհ էր թվում,  ոսկեմաշ ատամի արանքից ֆշշացրեց.



-Տարբերությունը կոխեմ մեզ էսօր գցողների… Էթիկայի տեսակետից հեռացա՝ չնայած անհանգիստ մնացի, թե ինչ եղավ տարբերության հետ:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ