Ազատ դեմոկրատները դատապարտում են Ուկրաինայի իշխանությունների կողմից իրականացվող բռնությունները

Ազատ դեմոկրատները  դատապարտում են Ուկրաինայի իշխանությունների կողմից իրականացվող բռնությունները

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է Ուկրաինայի իշխանությունների կողմից իրականացվող բռնությունները, որոնց հետևանքով նախօրեին սպանվել են իրենց ազատության և իրավունքների համար պայքարող Ուկրաինայի երեք քաղաքացիներ, այդ թվում նաև մեր հայրենակից Սերգեյ Նիգոյանը: Ակնհայտ է, որ ուկրաինական իշխանությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժ են գործադրել` ոտնահարելով խաղաղ ցույցեր և հավաքներ իրականացնելու յուրաքանչյուր մարդու իրավունքը:



Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության համար պայքարող ՀՀ քաղաքացին շատ լավ հասկանում և կիսում է Ուկրաինայի քաղաքացիների պայքարը, քանզի 2008թ. մենք ևս անցել ենք նմանատիպ բռնությունների միջով:



Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Ուկրաինայի այն քաղաքացիներին, ովքեր վճռական են երկիրը եվրոպական ինտեգրաման ճանապարհով տանելու քաղաքականությանը և ոտքի են կանգնել պայքարելու հանուն իրենց այդ նպատակի:



Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում աշխարհի բոլոր դեմոկրատական ուժերին և միջազգային կառույցներին հետևողական լինել Ուկրաինայում կատարվող դեպքերին և տալ հստակ գնահատականներ, ավելին` աջակցել բոլոր հնարավոր միջոցներով:



Ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության համար պայքարող յուրաքանչյուր քաղաքական ուժի և կառույցի պարտքը պետք է լինի այս պահին իրեն հասանելի միջոցներով աջակցություն ու զորակցություն հայտնել հանուն ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների գերակայության և իրենց ազատ ընտրությունը կյանքի կոչելու համար պայքարող Ուկրաինայի քաղաքացիներին:



 



Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն



24, հունվարի 2014թ.



ք. Երևան