ՀՀ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների համատեղ հայտարարությունը

ՀՀ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների համատեղ հայտարարությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



 



25 հունվարի 2014 թվական



 



2014թ. հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը, մինչև գործի դատաքննության ավարտը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասինե օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունները:



 



Սա նշանակում է, որ 1974-ին և դրանից հետո ծնված աշխատող անձինք չեն խախտել օրենքի պահանջը՝ մինչև 2014թ-ի հունվարի 1-ը չընտրելով կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ:



 



Բացի այդ՝ առնվազն մինչև 2014թ. մարտի 28-ը գործատուները կարող են չհաշվարկել և չփոխանցել այդ աշխատողների համար կուտակային վճարները՝ չկրելով որևէ պատասխանատվություն:



 



Ելնելով այս որոշման էությունից, վերահաստատելով օրենքի պարտադիր բաղադրիչի վերացման ուղղությամբ համակարգված պայքարի կարևորությունը՝



 



Կոչ ենք անում



 



1. Գործատուներին՝ աշխատողների աշխատավարձից պարտադիր կուտակային վճարի հաշվարկում և փոխանցում մի կատարեք: Այլապես, աշխատակիցների փաստացի տնօրինվող աշխատավարձերը կնվազեն, աշխատակիցներին կստիպեք այս անորոշության մեջ ընտրություն կատարել կենսաթոշակային ֆոնդերի և կառավարիչների միջև: Եվ եթե 2014թ. մարտի 28-ի դատաքննությամբ օրենքի վիճահարույց դրույթները ճանաչվեն սահմանադրությանը հակասող և անվավեր, դուք և ձեր աշխատակիցները կկրեք չվերականգնվող ֆինանսական կորուստներ:



 



2. 1974 թվականին և դրանից հետո ծնված աշխատող բոլոր քաղաքացիներին՝ մի կատարեք ընտրություն կենսաթոշակային ֆոնդերի և կառավարիչների միջև, հորդորեք ձեր գործատուներին, որ ձեր աշխատավարձից պարտադիր կուտակային վճարներ չպահեն և չփոխանցեն:



 



3. Գործատուների միություններին և արհմիություններին՝ պաշտպանեք ձեր իրավունքները համախմբված հասարակության հետ,  թույլ մի տվեք որևէ մարմնի կողմից ձեր կազմակերպության անդամների նկատմամբ անօրինականության պարտադիր գործադրում:



 



4.  ՀՀ պաշտոնատար անձանց, կառավարությանը և Կենտրոնական բանկին՝ դադարեցրեք ապատեղեկատվությունը քննարկվող օրենքի վերաբերյալ, ինչը մենք գնահատում ենք որպես բացահայտ ճնշում Սահմանադրական դատարանի վրա:



 



5. ՀՀ բոլոր քաղաքացիներին, կազմակերպություններին և պայքարող երիտասարդությանը՝ էլ ավելի համախմբված, լայն թափով շարունակեք պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելուն ուղղված գործողությունները:



 



6.Մենք ակնկալում ենք, որ Սահմանադրական դատարանը կճանաչի պարտադիր բաղադրիչը Սահմանադրությանը հակասող և կառաջարկի խնդրի սահմանադրական լուծման այնպիսի տարբերակ, որը հաշվի կառնի կենսաթոշակային համակարգի առջև ծառացած բոլոր մարտահրավերները:



 



Մենք վճռական ենք շարունակել պայքարը կուտակային կենսաթոշալային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ:



 



ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններ՝



 



Բարգավաճ Հայաստան



Ժառանգություն



ՀԱԿ



ՀՅԴ