ԼՂՀ-ի ընդգրկումը որպես բանակցային կողմ վաղուց հասունացած խնդիր է

ԼՂՀ-ի ընդգրկումը որպես բանակցային կողմ վաղուց հասունացած խնդիր է

Ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ բանակցությունները այս կերպ շատ հեռու գնալ չեն կարող. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ է հայտնել ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։




«Վաղուց ժամանակն է, որ ԼՂՀ-ն որպես լիիրավ կողմ մասնակցի բանակցություններին, և միջնորդ կողմերն առնվազն դա պետք է ապահովեն՝ որպես զսպող մեխանիզմ, Ադրբեջանին թույլ չտալով նման վարքագիծ դրսևորել»,- ասել է նա։




Կիրո Մանոյանը նկատել է նաև, որ արտաքին դիվանագիտությունը փոխելու անհրաժեշտությունը հատկապես ակնհայտ դարձավ հատկապես Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումից առաջ, երբ Ադրբեջանը հրադադարը խախտեց, և դիվերսիա իրականացրեց։



 



Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, Կիրո Մանոյանը տարակուսանք է հայտնել՝ թե սրանից հետո իմաստ ունե՞ր շարունակել բանակցությունները, թե՞ պետք էր ընդամենն ասել, որ, Փարիզում նախատեսված հանդիպման նախօրեին Ադրբեջանի պահվածքն ընդունելի չէ, և մենք չենք մասնակցում։




«Չեմ կարծում, որ հայկական կողմը երբևէ կմերժի գնալ բանակցություններին, որովհետև միշտ ցանկություն կա «լավ» հասկացվելու, հատկապես՝ Արևմուտքի կողմից։ Բայց անհրաժեշտ է նույն Արևմուտքին ցույց տալ, որ իրենց  այդ «հավասարակշռված» մոտեցումը մեղսակցություն է Ադրբեջանի քաղաքականությանը և դրա համար էլ պետք է Ղարաբաղի լիիրավ մասնակցությունն ապահովեն»,- կրկնել է Մանոյանը :




Կիրո Մանոյանի համոզմամբ, թեև Ադրբեջանը պատերազմ չի ուզում սկսել, բայց պատերազմի վերսկսման հավանականությունը մեծանում է։ «Վստահ չեմ, որ Ադրբեջանը պատերազմ է ուզում սկսել, եթե նա համոզված լիներ, որ հաղթանակ կտանի, կսկսեր վաղուց, բայց հավանական է, որ նման գործողությունները կարող են պատերազմի սկսման պատճառ դառնալ։ Անհրաժեշտ է որ միջնորդները հստակ գնահատական տան, և չթաքնվեն կեղծ հավասարակշռության հետևում»,- ասել է նա։




Հարցին, թե Ադրբեջանի նպատակն այն չէ՞ արդյոք, որ բանակցությունները տապալի, Կիրո Մանոյանը համաձայնվեց, բայց ընդգծեց, որ հայկական կողմի քայլերը չպետք է սահմանափակվեն բանակցություններով և պետք է նախևառաջ արտաքին քաղաքականությունն ուղղել ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղված քայլերի իրականացմանը։




«Մեր դիվանագիտությունը պետք է լինի նախաձեռնողական, և Հայաստանը պետք է սկսի ուղղակի քայլեր ձեռնարկել ԼՂՀ միջազգային ճանաչման համար»,- ընդգծել ՝ Մանոյանը:։