Կիևում կփոխվեն օրենքները եվ կառավարության կազմը

Կիևում կփոխվեն օրենքները եվ կառավարության կազմը

Նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ ընդդիմության առաջնորդների երկրորդ հանդիպումը, որ կայացավ հունվարի 23-ին եւ տեւել էր շուրջ վեց ժամ, որքան էլ ասվի, թե շոշափելի արդյունքներ չտվեց, իրականում զինադադար հաստատեց իրավապահների եւ ոստիկանության միջեւ: Կիեւի կենտրոնում երեկ բախումներ չեն եղել: Ճգնաժամը կարծես ուժայինից կրկին տեղափոխվեց քաղաքական հարթություն: Այժմ Կիեւում մնացյալ Եվրոպայում բոլորի հայացքները եւ սպասումներն ուղղված են Վերխովնի Ռադայի հունվարի 28-ի նիստին:



 



Երեկ Յանուկովիչը հանդիպել է եկեղեցու եւ կրոնական կազմակերպությունների առաջնորդներին եւ հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, երկու ուշագրավ հայտարարություն է արել: Առաջինը` Վերխովնի Ռադայի հունվարի 28-ի նիստում կքննարկվեն օրենսդրական փոփոխություններ, որոնք կվերացնեն հունվարի 16-ին ձեռքով քվեարկված «դրակոնյան» օրենքների մտահոգիչ դրույթները: Յանուկովիչը նույնիսկ հավատացրել է, թե  ընդդիմության հետ համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել, որտեղ կկայացվեն համաձայնությունները փոփոխությունների շուրջ, կողմերը միասնաբար կմտնեն դահլիճ եւ կքվեարկեն:



 



Երկրորդ ուշագրավ հայտարարությունն այն էր, որ Վերխովնի Ռադայի նույն նիստում կքննարկվի կառավարության կազմի հարցը, կառավարությունը կվերակազմավորվի: Կոնկրետ անձանց եւ փոփոխությունների մասին տեղեկություններ չկան, սակայն վարչապետը եւ ՆԳ նախարարն ակնհայտորեն ամենից շատ դժգոհություն ստեղծող ֆիգուրներն են:



 



Ոմանք նաեւ չար կատակներ են տարածում, թե գուցե հունվարի 28-ին Ռեգիոնների կուսակցությունը ոչ թե «դրակոնյան» օրենքները փոխի եւ կառավարությունը վերակազմավորի, այլ, ընդհակառակը` արտակարգ իրադրության մասին օրինագիծ անցկացնի: Բայց դա միայն չար կատակ է թվում` բավականաչափ հեռու իրականությունից: Նախ, որովհետեւ Ռեգիոնների կուսակցության որոշ պատգամավորներ արդեն տպավորվել են Արեւմուտքի պատժամիջոցներից: Հունվարի 22-ին Կիեւում ԱՄՆ դեսպանատունը պերսոնա նոն-գրատա հայտարարեց զգալի թվով պաշտոնյաների, ովքեր Հրուշեւսկովո պողոտայի բռնությունների, տիտուշկաներ վարձելու եւ Կիեւ տեղափոխելու եւ նմանատիպ գործողությունների են առնչվել:



 



Միեւնույն ժամանակ, Եվրոպայից սկսեցին օլիգարխների հաշիվների ստուգումները, եւ դրա հետեւանքներն առաջինը զգաց Անդրեյ Կլյուեւը, ով երեկ ազատվեց Ուկրաինայի ԱԽ քարտուղարի պաշտոնից եւ նշանակվեց նախագահի աշխատակազմի ղեկավար: Երեկ ընդամենը Ավստրիայում իրեն պատկանող մի ընկերության փաստաթղթերում Կլյուեւի ներկայացրած կեղծ տվյալները՝ իր եւ եղբոր ստորագրություններով, հայտնվել էին մամուլում, եւ Կլյուեւն անմիջապես հրապարակավ հրաժարվել էր այդ ընկերությունից, ասել էր, թե իբր ընկերությունն արդեն օտարել է, իր ընտանիքը դրա հետ կապ չունի: Դե, եթե Կլյուեւն է նշանառության տակ վերցվել Արեւմուտքից, դա մյուսներին եզրակացությունների առիթ է տվել: Արդյունքում Ռեգիոնների կուսակցության բազմաթիվ պատգամավորներ, ըստ ուկրաինական ԶԼՄ-ների, այնպես են անհետացել, որ անգամ հարազատ կուսակցությունը չի կարողանում նրանց գտնել:



 



Երեկ Կիեւ էին ժամանել նաեւ ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն եւ Լեդի Էշթոնի ղեկավարած ԵՄ արտաքին ծառայության Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի դեպարտամենտի ղեկավար Գունար Վիգանդը: Յանուկովիչը նրանց էլ է վստահեցրել, թե արտակարգ դրություն չի մտցվի:



 



Լուսինե Պետրոսյան