Աղոթքի, երդման, փոշմանումների տրամաբանական շարունակությունը

Աղոթքի, երդման, փոշմանումների տրամաբանական շարունակությունը

Մեկ տարի առաջ՝ փետրվարի 18-ին, նախագահական ընտրություններ էին: Եվ, միաժամանակ, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի աստեղային ժամն էր. ավելի քան 500 հազար քաղաքացի քվեարկեց նրա օգտին, իսկ կեղծված ընտրությունների վերջնական արդյունքի դեմ պայքարը շարունակվեց փողոցում:



Սակայն իրականության զգացողությունը կորցրած Րաֆֆի Հովհաննիսյանը կեղծված ընտրությունների գլխավոր դերակատարներից մեկի՝ «զորավարի» հետ աղոթելով, հիասթափեցրեց իր ընտրողներին՝  այդ «աստվածահաճո» քայլով շարժումը հանգեցնելով արագահաս վախճանի: Եվ պատահական չէ, որ հարյուր հազարավոր քվեներ ստացած առաջնորդը նախագահական ընտրությունների տարելիցի առթիվ, չնայած նախնական մտադրություններին՝ հանրահավաք անելու, որոշեց դահլիճային հանդիպում կազմակերպել:



 



Այդ պայմանները նախընտրելի են ոչ միայն «Ժառանգության» առաջնորդի, այլեւ Սերժ Սարգսյանի թիմի համար: Րաֆֆի Հովհաննիսյանի հետընթացն ակնհայտ է. նախկինում նա անգամ իր ասուլիսներն էր բաց հարթակներում կազմակերպում: Ավելին՝ այս տարի, հունվարի վերջին, քաղաքապետարանին իրազեկել են հանրահավաք անցկացնելու մտադրության մասին ու փոշմանել: Տեղեկացանք, որ կուսակցությունում խորհրդակցություն են հրավիրել ու որոշել, որ «Անի պլազա» հյուրանոցում պիտի Րաֆֆի Հովհաննիսյանը ուղերձով ամփոփի տարին: Այնպիսի տպավորություն է, կարծես Րաֆֆի Հովհաննիսյանն ամփոփելու է իր ղեկավարման մեկ տարին: Չմոռանանք, որ Ազատության հրապարակում փորձում էին ստվերային կառավարություն ձեւավորել, դրանից առաջ երդվեց՝ ինչպես ընտրված նախագահ:



 



«Քանի որ դեռեւս ձեւաչափը որոշված չէր, ուստի մենք այլ վայր էլ էինք նախատեսել, որը կարող էր հավանական լինել, նախապես ասել էինք, բայց խնդիրը վերաբերում էր ֆորմատի ճշտմանը, եթե այն ճշտվեց, վայրն էլ որոշվեց: Այսինքն, եթե ուղերձ պիտի լիներ, ապա նախընտրելի էր դահլիճային պայմաններում»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: Իսկ գուցե դատարկ հրապարակի վա՞խը հաղթեց, ի վերջո, մեկ տարի առաջ այդ հրապարակը պայթում էր իրեն վստահողների բազմությունից:



 



«Ամեն մեկը մի բան կարող է ենթադրել, որեւէ խնդիր չեմ տեսնում: Բայց քանի որ ուղերձն իրականացվում է փակ դահլիճային պայմաններում, ուստիեւ այդպես որոշվեց»: Իսկ ինչո՞ւ հենց ուղերձ, ի՞նչ է նշանակում ուղերձ: Մարտիրոսյանը պնդեց. «Փակագծերը չեմ բացի, պարոն Հովհաննիսյանը կբացի»:  Իրականում բացելու բան չկա, պարոն Հովհաննիսյանն  ամերիկյան իրականությունից է վերցրել «ուղերձի ֆորմատը», իսկ՝ դահլիճային, քանի որ այսօր ընդդիմադիր ուժերից ոչ մեկն ի վիճակի չէ հրապարակը լցնել: 



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]