Ֆարմանյանն ընդդեմ ԵՄ-ՀՀ հարաբերությունների

Ֆարմանյանն ընդդեմ ԵՄ-ՀՀ հարաբերությունների

Եթե հավատանք ֆոլկլորին ապա «Բռնեցեք գողին» սովորաբար բացականչում է նա, ով կապ ունի գողության հետ: Եթե ԱԺ մի պատվիրակության ղեկավար դեռ խորհրդարան չհասած, չգիտես հյուրանոցից, գնացքից, թե ինքնաթիռից սոցիալական ցանցերով սկսում է մեկնաբանություններ  տարածել եւ ձախավեր քարոզչություն ծավալել, ապա ենթադրելի է, որ դրանով ինչ-որ իրականություն ջանում է թաքցնել:



 



   Սամվել Ֆարմանյանի դեպքում, պարզվում է, այդպես էլ կա: Երեքշաբթի օրը մեզ հաջողվեց Բրյուսելից ձեռք բերել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի  (այսուհետ` PCC) 14-րդ նիստի եզրափակիչ փաստաթղթի նախագիծը, որը կազմվել է Բրյուսելում, ուղարկվել Երեւան, ապա 02.02.2014-ին, հայկական կողմի լրացումներով եւ առաջարկություններով, վերադարձվել Բրյուսել: Թղթից բառի ճշգրտությամբ երեւում է, թե ինչպես է Սամվել Ֆարմանյանն առաջարկված նախագիծը, հատկապես դրա «ԵՄ-Հայաստան հարաբերություններ» բաժինը աղճատել: Նման արկածախնդրությունից հետո Ֆարմանյանը դեռ երկար պետք է ճակատագրին շնորհակալ լինի, որ ընդհանրապես PCC-ի նիստը կայացել է` թեկուզ 40 րոպե:



 



ԵՄ- Հայաստան համաձայնագրերը






PCC 14-րդ նիստի «Եզրափակիչ հայտարարության եւ առաջարկությունների» նախագիծը կազմված է նախաբանից եւ երկու բաժնից: 1-ին բաժինը կոչվում է EU/Armenia Relations «ԵՄ-Հայաստան հարաբերություններ», 2-րդ բաժինը` Regional Stability Issues «Տարածաշրջանային կայունության հարցեր»: Առաջին բաժինը ներառել է 12 կետ, եւ սա էլ եղել է գլխավորը: Երկրորդ բաժնում եղել է ընդամենը 4 կետ, այդ թվում՝ մեկ կետ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, չեզոք ձեւակերպմամբ, որ նոր ոչինչ չի ասում եւ ուշադրության արժանի էլ չէ:



 



Փաստաթղթի մեխը «ԵՄ-Հայաստան հարաբերություններ» բաժինն է, հատկապես այն կետը, որով ի լուր աշխարհի հայտարարվում էր, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ փոխանակված Նամակների արդյունքում բանակցված ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագիրը` ներառյալ ԽՀԱԱԳ-ն, (AA/DCFTA) համարվում է վավերական տեքստ (authentified text), որն ապագայում կարող է գործադրվել: Կամ մի շարք այլ կետեր, որոնցում խոսվում էր ստեղծվող նոր ԵՄ-Հայաստան համաձայնագրի, այսպես կոչված՝ Association Agreement Lights-ի մասին: 



 



Սամվել Ֆարմանյանը՝ չգիտես ինքնագլուխ, թե պատվիրակության մի քանի անդամի էլ իրեն կցած, հասել է այնպիսի խելացնորության, որ փետրվարի 2-ին հայկական կողմի լրացումներով եւ առաջարկություններով Բրյուսել վերադարձվող փաստաթղթում նախագծից հանել է բոլոր անկյունաքարային, արխի-կարեւոր տեղեկությունները, որոնք վերաբերում են ԵՄ-Հայաստան համաձայնագրերին եւ որոնք եվրոպական կողմն արդեն հարկ է համարում հրապարակայնացնել:



 



Մասնավորապես, Եզրափակիչ հայտարարության 4-րդ կետը Բրյուսելից Երեւան է եկել հետեւյալ խմբագրությամբ. “4. reminds that the technical result of these negotiations has been formally acknowledged by way of an Exchange of Letters between the EU  and Armenia, and that this authentified text could therefore be used in the future, should political developments so allow”: Թարգմանաբար. «4. Հիշեցնում է, որ այդ բանակցությունների տեխնիկական արդյունքը պաշտոնապես ճանաչվել է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Նամակների փոխանակության  միջոցով եւ, հետեւաբար, սա վավերական տեքստ է, որը կարող է գործադրվել ապագայում, եթե  քաղաքական զարգացումները թույլ տան»:



 



Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է վարվել Սամվել Ֆարմանյանը: Առաջարկել է technical result-ի (տեխնիկական արդյունքի) փոխարեն final result (վերջնական արդյունք), այնուհետեւ տեքստից հանել է authentified (վավերական) բառը, հետո հանել է should political developments so allow (եթե քաղաքական զարգացումները թույլ տան) բառակապակցությունը, եւ վերջում ավելացրել է բառեր: Արդյունքում ստացվել է.  “Հիշեցնում է, որ այդ բանակցությունների վերջնական արդյունքը պաշտոնապես ճանաչվել է ԵՄ-ի և Հայաստանի միջև Նամակների փոխանակության  միջոցով, և հետեւաբար այս տեքստը կարող է օգտագործվել ապագայում Հայատանի եւ Եվրամիության միջեւ նոր պայմանագրային հենքի ստեղծման համար”:



 



 



Աղճատման չափը պատկերացրի՞ք: Գրեթե 180 աստիճանի փոփոխություն: Բնագիրն այսպես աղճատելուց հետո այլեւս որեւէ մեկը կհասկանա՞, թե ինչ խնդիր է լուծվել Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Նամակների փոխանակմամբ, ինչ կարգավիճակում է ԵՄ-Հայաստան  ասոցացման համաձայնագիրը եւ ինչ ապագա կարող է ունենալ: Մնում է հարցը` ի՞նչ իրավասությամբ կամ ինքնալիազորմամբ է Սամվել Ֆարմանյանը տեղեկությունների եւ իրողությունների այսօրինակ նենգափոխմամբ զբաղվում:



 



Հապա ինչեր է արել հաջորդ կետերում: 



 



Շարունակելի



 



 



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ



[email protected]