Կարո՞ղ է արդյոք ընդդիմությունը միավորվել

Կարո՞ղ է արդյոք ընդդիմությունը միավորվել

Կառավարության հրաժարականի պահանջը տարբեր չափաբաժիններով հանդիսանում է ընդդիմության հիմնական գործառույթը, եւ սա բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլեւ շատ ու շատ երկրների: Ընդդիմությունն իր գործելաոճով եւ քաղաքական վարքագծով պետք է փորձի հասնել իշխանափոխության՝ կամ ընտրական մեխանիզմների, կամ էլ փողոցային պայքարի ճանապարհով:



Հայաստանում ընդդիմությունը չի կարողանում հասնել իշխանափոխության ոչ վերը նշված առաջին, ոչ էլ երկրորդ ճանապարհով, սակայն մշտապես քննարկվում է կառավարության հրաժարականի հարցը: Իսկ վերջին շրջանում խորհրդարանական 4 ոչ իշխանական ուժերը քննարկում են ԱԺ-ում կառավարության հրաժարականի հարցը քվեարկության դնելու խնդիրը: Կասկածից վեր է, որ ՀՀԿ եւ ՕԵԿ ձայները բավարար են, որպեսզի կասեցվի ընդդիմության այս նախաձեռնությունը, եւ դա հասկանում են կառավարության հրաժարականի հարցը ԱԺ-ում քվեարկության դնելու նախաձեռնողները:



 



Խնդիրն այն է, որ «ինչ-որ մեկին» անհրաժեշտ է շիկացնել քաղաքական իրավիճակը եւ կառավարության հրաժարականի մշտնջենական հարցը վերածել ներքաղաքական ճգնաժամի, ինչը կարող է ստեղծել իշխանության համար ոչ բարենպաստ, նոր քաղաքական իրավիճակ: Ինչեւէ, հայաստանյան ընդդիմության միավորման հարցն առաջին հայացքից դյուրին, բայց իրականում շատ բարդ խնդիր է: Պատճառն այն է, որ ընդդիմության լոկոմոտիվի դերակատարությունը փորձում է ստանձնել ԲՀԿ-ն, իր առանցքի շուրջ միավորելով ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին եւ «Ժառանգությանը», սակայն ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել «քաղաքական այլընտրանք» ձեւակերպումից եւ իրեն ընդդիմություն հռչակել: ԲՀԿ նպատակը պարզ է. դեմ չգնալով նախագահին՝ անխնա քննադատել վարչապետին ու պահանջել կառավարության հրաժարականը, իսկ հաջողելու դեպքում վարչապետի պաշտոնում կարգել սեփական թեկնածուին, առավելագույնս հարմար պայմաններով մտնել կոալիցիա՝ դրանով իսկ լուծելով 2017-2018 թվականների ընտրական սեզոնում վերարտադրության խնդիրը:



 



Միեւնույն ժամանակ, կիսաընդդիմադիր ԲՀԿ-ն չունի ընդդիմության միավորման ոչ միայն գաղափարական, այլեւ բարոյական ռեսուրսներ: Ըստ էության, կառավարության հրաժարականի գերխնդիրը միայն ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի լեւոնզուրաբյանական թեւի համար է արդիական, իսկ ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» որոշակի վերապահումներ ունեն: Ճիշտ է, երկուսն էլ ընդդիմադիր կուսակցություններ են, երկուսն էլ ընտրազանգվածի աչքերում «դեմք պահելու» խնդիր ունեն, սակայն ՀՅԴ-ն հետաքրքիր կապեր ունի իշխանության տարբեր օղակներում (մեղմ ասած), եւ բարդ է պահանջել կառավարության հրաժարականը: Իսկ «Ժառանգությունը», կարծես, չի ցանկանում խաղալ ԲՀԿ կանոններով՝ առաջ քաշելով ոչ թե կառավարության հրաժարականի տեսքով կոսմետիկ փոփոխությունների, այլ ֆունդամենտալ իշխանափոխության խնդիր: Հավանաբար, «Ժառանգությունում» հասկանում են ԲՀԿ սցենարի տրամաբանությունը եւ չեն ցանկանում մաս կազմել Տիգրան Սարգսյանի փոփոխության եւ նրա փոխարեն վարչապետի պաշտոնում Ծառուկյանի համար ընդունելի թեկնածուի նշանակման խաղին: Կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա ձեւավորած «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունը եւս չեն աջակցելու ԲՀԿ նախաձեռնությանը, հատկապես, որ ԲՀԿ թիկունքում երեւում են «Քոչարյանի ականջները»: Ստացվում է, որ իրավիճակը կարող է հանգեցնել ոչ թե կառավարության հրաժարականի, քանզի բովանդակային առումով ընդդիմության շարքերում կոնսենսուսը բացակայում է, այլ՝ քաղաքական գործընթացների արագացման ու հստակեցման: Ըստ էության, հայաստանյան ընդդիմության միավորման ռեսուրսը խիստ փոքր է, քանզի ընդդիմադիր ուժերը ոչ միայն տարբեր գաղափարախոսությունների, արժեհամակարգերի կրողներ են, այլեւ տարբեր նպատակներ ունեն, անգամ մոտ ապագայի, իրավիճակային խնդիրների լուծման հայեցակարգերն են տարբեր: Ուստիեւ ԲՀԿ «այլընտրանքային» նախաձեռնությունը չի կարող հեռանկարային լինել, հատկապես, որ իշխանությունը ձեռքերը ծալած չի նստելու, եւ դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ ՀՀԿ ղեկավարությունը թույլ տա ճգնաժամի այն աստիճանի խորացում, որ ստիպված համաձայնի ԲՀԿ թելադրած կապիտուլյացիային: Ինչեւէ, ընդդիմադիր ուժերի բանակցությունները դեռեւս ընթացքի փուլում են, եւ կառավարության հրաժարականի հարցն ու կուսակցությունների վարքագիծն այս հարցում կարող են հանդիսանալ կարեւոր անկյունաքար, ինչը եւ կպայմանավորի հետագա գործընթացները:



 



Գառնիկ ԳԱԼՍՏՅԱՆ