Հայաստանում մտահոգված են ՌԴ գլխավոր մաքսավորի հայտարարությամբ

Հայաստանում մտահոգված են ՌԴ գլխավոր մաքսավորի հայտարարությամբ

Ինչպես հաղորդում է «Ազատությունը», Հայաստանում մտահոգված են Ռուսաստանի մաքսային ծառայության ղեկավարի հայտարարությամբ, որում նա անդրադարձել էր հայոց լեզվի խնդրին: Մասնավորապես, նա ասել է, թե «Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային ծառայությունների շփման լեզուն ռուսերենն է, իսկ Հայաստանում՝ հայերենը»:



 



Անդրեյ Բելյանինովը Մաքսային միության մաքսային ծառայությունների կոլեգիայի նիստի ժամանակ նաև ընդգծել է, թե պետք է շատ լուրջ աշխատանքներ տանել, «այլապես մեկս մյուսին չենք կարող հասկանալ»:



 



Ռուսաստանի գլխավոր մաքսավորի այս խոսքերը վրդովեցրել են ոչ միայն ընդդիմությանը, այլ նաև իշխող Հանրապետականին: Ազգային ժողովի կրթության և գիտության մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը «Ազատության» հետ զրույցում Բելյանինովի այս հայտարարությունը անընդունելի է համարել:



 



«Կարծում եմ, որ Մաքսային միության կառուցումը Բաբելոնյան աշտարակաշինությունը չէ, որ մենք միմյանց չհասկանանք, առավել ևս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգալի մասը հրաշալի տիրապետում է ռուսերենին, այնպես որ մաքսակետերում նման հարցեր ուղղակի չեն կարող առաջանալ»,- ասաց Դավթյանը։



 



Թե ինչու է ռուս պաշտոնյան իրեն թույլ տալիս նման անընդունելի հայտարարություններ անել, կրթության հանձնաժողովի նախագահի համոզմամբ, դա թերևս ավելի շատ էթիկայի խնդիր է: Ամեն դեպքում հանրապետական պատգամավորը համոզված է՝ հայոց լեզուն Հայաստանում չի զիջի իր դիրքերը ռուսերենին:



 



Մանրամասները՝ այստեղ: