Աշոտյանը աջաբսանդալ է պատրաստում…

Աշոտյանը աջաբսանդալ է պատրաստում…

 «Մեզանից ոչ ոք չի պատրաստվում 40 տարի մնալ վարչապետ ու նախարար»,- ասում է Աշոտյանը: Ակամայից ուզում ես հակադարձել՝ իսկ եթե պատրաստվեիք, կարո՞ղ էիք 40  տարի վարչապետ կամ նախարար մնալ: Որքա՜ն մարդ պետք է կորցնի իրականության զգացումը, որ թվա, թե իրենից է կախված անգամ գոյության տարիները: Կամ որքան մարդ ցածր պետք է գնահատի հասարակությանը, որ  նման բան ասի: Գուցե մարդիկ էլ մտածեն՝ ի՜նչ լավ է, որ Աշոտյանը կամ մյուս պաշտոնյաները չեն պատրաստվում 100 տարի մնալ մեզ վրա: Բա որ հանկարծ պատրաստվեին ու որոշեին 200 տարի ապրե՞լ:



Ի՞նչ, չեն կարո՞ղ ապրած կյանքի մի քանի խուրձ քվեաթերթիկ ևս անել…  Կյանքի ու մահվան այս սոնատի վրա եզրահանգում է անում՝ մարդիկ կուտակայինի դեմ չեն բողոքում, բառացի ասում է՝ մարդիկ բողոքում են այդ համակարգի դեմ, քանի որ չեն վստահում կառավարությանը և պետությանը: Էլի ակամայից ուզում ես նախարարին հարցնել՝ իսկ դա փոքր բա՞ն է: Կամ ո՞րն է պետության և կառավարության սահմանը, ո՞րն է պետության և իշխանության սահմանը: Դա էլ հո սեփականաշնորհման ենթակա տարածք չի չի՞, որ ցանկապատը քաշում ու ասում ես՝ լոխ նույնն են: Պետությունն ու իշխանությունը աջաբսանդալի հումք չեն, որ միացնում ու ճաշ ես սարքում: Իշխանությունը վերցրու, մսալի թիքաներով՝ կտրտի, ուզում ես խաշլամա արա, ուզում ես սովուզ, ուզում ես սուպիկ, Պետությանը, Հայաստանի Հանրապետությանը հանգիստ թող: Մենք ՀՀ քաղաքացի ենք, ոչ թե իշխանության քաղաքացի: Հենց պետական մտածողությունն է ստիպում հանրությանը, որ ընդդիմանա կուտակային կենսաթոշակի անցնելուն: Աշոտյանը պարտք կտա՞  մեկին, ով հարյուր անգամ խաբել է իրեն: Առավել ևս, երբ իմանա, որ այդ մարդը ոչ թե քառասուն տարի հետո, այլ ամեն պահ կարող է իր ազգուտակի, յուրայինների հետ թռնել…



 



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ